Ոչ ոք չի կարող փոխարինել 100-ամյա հիշողությունը մոռացությամբ. Ռիկարդո Անգոսո (իսպանացի հայտնի լրագրող)

Իսպանացի հայտնի հակահեղափոխական լրագրող Ռիկարդո Անգոսոն Հայոց ցեղասպանության մասին հոդված է հրապարակել «Լրագրություն` առանց սահմանների» նախագծի իսպանալեզու կայքում, գրում է norjugha.ir-ը:

«Ցեղասպանությունը Թուրքիայում բնակվող հայ բնակչության կոտորածների, սպանությունների և զանգվածային տեղահանությունների ծրագիր էր, որը պայթեց Օսմանյան կայսրության փլուզման տարիներին:

Այժմ, երբ մեկ  դար է անցել Հայոց ցեղասպանությունից, ժամանակն է, որ Թուրքիան, առանց հետագա ձգձգումների, քաջություն ունենա ճանաչելու ողբերգական  իրադարձությունները, որ տեղի են ունեցել երկրի տարածքում, և որոնց կազմակերպման գործում ներգրավված են եղել ժամանակի թուրքական իշխանությունները:

Այս տարի պատմական հնարավորություն է ընձեռվում պաշտոնական  Անկարային  դա անելու, քանի որ նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը (1915-2015), որի առթիվ Հայաստանի իշխանությունները մի շարք միջոցառումներ են իրականացնելու Երևանում:

Բացի այդ,  հայկական Սփյուռքը, որը ցրված է աշխարհով մեկ, և որի ներկայացուցիչները կոտորածների զոհերի անմիջական ժառանգներն են, մի շարք միջոցառումներ, կոնֆերանսներ, ցուցադրություններ է կազմակերպում` հիշատակելու 19-րդ դարի ավարտին սկսված և մինչև 1923 թվականն իրագործված ողբերգության տարելիցը:  Առաջին կոտորածները, որոնք, ի տարբերություն ավելի ուշ իրականացվածների,  նախապես ծրագրավորված չէին, տեղի ունեցան 1894-ին եւ 1897-ին, թեև Թուրքիայում հայկական համայնքի վրա հարձակումները փաստագրված են նաև շատ ավելի վաղ:

Թուրք առաջնորդներից իրենց դաժանությամբ աչքի են ընկել հատկապես Աբդուլ Համիդ Բ սուլթանը և նախարար Մեհմեթ Թալեաթը, որոնք ցանկանում էին ջնջել Թուրքիայում հայերի ներկայության, ինքնության, մշակույթի բոլոր հետքերը: Սակայն պատմությունը չի կարող ջնջել կամ ժխտել:  Պատմությունը միշտ կհիշի կործանված եկեղեցիների, պղծված գերեզմանոցների, այրված երկրի տեր հայերին, և ոչ ոք չի կարող փոխարինել հիշողությունը  մոռացությամբ:

Տարածաշրջանի ժողովուրդների միջև անհրաժեշտ հաշտությունը հնարավոր է միայն Հայոց ցեղասպանության ճանաչման միջոցով: Դրա համար Թուրքիան պետք է քաջություն ունենա` ճանաչելու Ցեղասպանությունը և իր երկրի նախկին 2 մլն քաղաքացու ցավը»:

Scroll Up