Catholic Philly: Հիշելով մոռացված Ցեղասպանությունը

Կաթոլիկ հոգևորական, արքիեպիսկոպոս Չարլզ Չեփութը Հայոց ցեղասպանության և քրիստոնյաների ճնշումների վերաբերյալ հոդված է հրապարակել Catholic Philly պարբերականում: Ներկայացնում ենք այն ստորև:

Պահքը հիանալի ժամանակաշրջան է ինքնորոշման, ապաշխարության և հոգևոր ընթերցանության համար: Այն նաև աշխարհի քրիստոնյաների հետ  մեր միասնության ընկալման շրջանն է: Այս ընթացքում մենք պետք է հիշենք բոլոր այն քրիստոնյաներին, որոնք մահացել են պարզապես քրիստոնյա լինելու համար:

Աշխարհը հիրավի հիշում է Երկրորդ Համաշխարհայինի ընթացքում հրեաների և ազգային այլ փոքրամասնությունների զանգվածային կոտորածները Նացիստական Գերմանիայում: Նրա արձագանքները Եվրոպայում շարունակվում են առ այսօր հակասեմականության տեսքով, ինչը հիմնականում պայմանավորված է մահմեդականության արմատավորմամբ: Բայց Շոան 20-րդ դարի միակ զանգվածային կոտորածը չէր:

Փաստացի, հրեաների ոչնչացման նացիստների փորձի համար հող էր պատրաստվել դրանից ուղիղ 100 տարի առաջ՝ 1915 թվականին: Թուրքական իշխանությունն իրականացրել է ավելի քան 1 մլն հայի սպանությունը, իսկ հայերի  ճնշող մեծամասնությունը քրիստոնյա էր: Կրոնը սպանությունների միակ պատճառը չէր. հայ փոքրամասնության դեմ ուղղված Թուրքիայի էթնիկ և տնտեսական զայրույթը նույնպես կարևոր դեր էր խաղում: Մահմեդականների արհամարհանքն «անհավատների» հանդեպ  օրինականացել էր բռնությամբ և մեծ դեր էր խաղում սպանությունների ամբողջ ընթացքում:

Տղամարդկանց, կանանց և երեխաներին տարահանում էին իրենց տներից, տասնյակ հազարներով նրանք քայլում էին՝ սովամահ լինելով, ծեծվելով, կախաղան բարձրացվելով և այրվելով: Սպանությունների համակարգված արշավն արյունալի ալիքներով շարունակվել է  մինչև 1920թ.: Ականատեսները վկայում էին՝ ինչպես էին թուրքերը ծաղրում իրենց զոհերին, գոռում՝ «Որտե՞ղ է հիմա Քրիստոսդ: Ո՞ր է Հիսուսը: Ինչու՞ նա չի փրկում քեզ»:

Թուրքիան առ այսօր հավուր պատշաճի չի ընդունել Հայոց ցեղասպանությունը: Ժամանակին հայերի զանգվածային սպանությունների առթիվ նախագահ Ջիմի Քարթերն ասել է. «Չկար որևէ Նյուրնբերգյան դատավարություն»: Սառը պատերազմի ժամանակ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն էր: Միացյալ Նահանգներն ու Եվրոպան համարում էին, որ պատմության վրա աչք փակելն ավելի հեշտ է, քան վերակենդանացնել անցյալում կատարված հանցագործությունը:

Հայ ժողովուրդն ընդունել է քրիստոնեությունը 301 թվականին՝ առաջինն աշխարհում: Այսօր Թուրքիայի տարածքում գտնվող հայերի պատմական հայրենիքում ոչնչացնում են իրենց մշակույթն ու հիշողությունը:

Ամեն տարվա ապրիլի 24-ին աշխարհի հայերը նշում են 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Այս տարի լրանում է այդ զանգվածային սպանությունների մեկ դարը: Աշխարհի քրիստոնյաները պետք է հիշեն և աղոթեն պատմության մեջ ամենաչապաշխարված Ցեղասպանության զոհերի համար:

Պետք է հիշել նաև, որ քրիստոնյաների հալածանքներն ու սպանությունները շարունակվում են առ ասյօր Իսլամական Պետության և Մերձավոր Արևելքում ծայրահեղ իսլամիստների ձեռքով: Սակայն մեր ղեկավարությունը բացարձակապես անարդյունավետ է այդ ամենը կանգնեցնելու գործում:

Ամերիկացիներս բնական ենք համարում մեր կրոնական ազատության ավանդույթները, մարդու իրավունքներն ու դատական գործընթացները: Մենք համակեցություն, նույնիսկ ընկերություն ենք տեսնում տարբեր կրոնական համայնքների և հավատացյալների միջև, և դա մեզ համար նորմալ երևույթ է: Սակայն մենք շատ հաճախ չեն հասկանում այդ շնորհի յուրահատկությունները:

Այսօր աշխարհի տարբեր վայրերում քրիստոնյա լինելը խտրականության, ատելության և բռնության տեղիք է տալիս: Իսլամական Պետության կողմից քրիստոնյաների գլխատումները Մերձավոր Արևելքի քրիստոնյաների նահատակությունների երկարատև պատմության մեջ ամենավերջին ոճիրներն են:

Պահքն ապաշխարության ժամանակաշրջան է: Այս նախատեսված է նաև ներելու նույնիսկ չարակամներին: Բայց այն նաև պատմությունը հիշելու և նրանից սովորելու ժամանակաշրջան է, նույնիսկ, եթե ամբողջ աշխարհն ուզում է մոռանալ դա: Այս Պահքին մենք կհիշենք և կաղոթենք 100 տարի առաջ մահացած հայերի համար: Նրանք էլ մեզ պես Աստծո ժողովրդի մի մասն էին, Հիսուս Քրիստոսի ժողովրդի: Նրանց կրած տանջանքների հիշողությունները կուղղեն մեր սրտերն ու ողջ եռանդը Մերձավոր Արևելքում և ողջ աշխարհում տառապող քրիստոնյաներին օգնելուն:

http://armeniangenocide100.org/

Scroll Up