Իսպանական Պինտո քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանական Պինտո քաղաքի քաղաքապետարանն իր այսօրվա՝ մարտի 26-ի լիագումար նիստին միաձայն պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում են Իսպանիայի իր աղբյուրները:

Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Պինտոյի քաղաքապետարանի լիագումար նիստը միաձայն հաստատում է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը և դատապարտում օսմանյան թուրքերի կողմից մարդկության դեմ իրականացված հանցագործությունները: Այս տարի լրանում է 20-­րդ դարի առաջին Ցեղասպանության 100-րդ տարելիցը, որի ընթացքում սպանվեցին 1.5 մլն քաղաքացիներ, իսկ 2 մլն հայեր ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը»:

Հավելենք, որ օրերս «Հայերն այսօրը» տեղեկացրել էր, որ հանդիպում  է տեղի ունեցել Պինտոյի (Pinto) քաղաքապետարանի և Մադրիդի հայ համայնքի ներկայացուցիչների միջև՝ գլխավորությամբ Հայր սուրբ Մուշեղ-Շնորհք Սարգսյանի, Հասմիկ Մելքոնյանի, Նորայր Ղարիբյանի, Վահե Գևորգյանի, Գեղամ Մկրտչյանի և Ալբերտ Մնացականյանի և Վալենսիայի Արարատ Հայկական Միության նախագահ Արարատ Ղուկասյանը: Հանդիպման ընթացքում Հայոց ցեղասպանության ճանաչման դիմում է ներկայացվել իշխող Ժողովրդական կուսակցության (Partido Popular) խոսնակ, փոխքաղաքապետ Խուան Անտոնիո Պադիյային (Juan Antonio Padilla):

Քննարկվել է նաև առաջիկա քաղաքային խորհրդի նիստին Ցեղասպանությունը ճանաչելու բանաձևը ներկայացնելու և ճանաչման հավանականության հարցը: Նույն օրը Ժողովրդական կուսակցությունը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը ներկայացրել է Պինտոյի քաղաքապետարանին՝ մարտի 26-ի նիստում այն քննարկելու համար:

Հիշեցնենք, որ ցեղասպանությունը ճանաչել են իսպանական Միսլատա, Սանտա Կոլոմա, Բուրխասոտ և Բետերա քաղաքները, ինչպես նաև Պաիս Բասկո, Կատալոնիա, Կանարիաս և Նավառա նահանգները:

Scroll Up