Լիբանանի հայկական երեք թերթեր ապրիլի 24-ին միասնական համար կթողարկեն

Հայ ավանդական երեք քաղաքական կուսակցությունների՝ Լիբանանում հրատարակվող պաշտոնաթերթերի խմբագիրները համատեղ խորհրդակցությամբ որոշել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով միասնական համար հրատարակել:

Ըստ այդմ՝ ապրիլի 24-ին լույս կտեսնի ԱԶԴԱԿ-ԱՐԱՐԱՏ-ԶԱՐԹՕՆՔ միացյալ համարը:

Ինչպես հաղորդում է «Ազդակ» օրաթերթը, միացյալ համարի բովանդակության և համագործակցության մասին ընթերցողներին կտեղեկացվի հետագայում:

«Ազդակ»՝ ազգային, գրական, հասարակական-քաղաքական օրաթերթ է: Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Լիբանանի շրջանի պաշտոնաթերթ (1965-ի հունիսից): Լույս է տեսնում 1927-ից (որոշ ընդհատումներով):

«Արարատ»՝ ազգային, քաղաքական և գրական երկօրյա, հետագայում՝ օրաթերթ, 2001-ի հունիսից՝ շաբաթաթերթ: Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչության և Լիբանանի շրջանի պաշտոնաթերթ: Լույս է տեսնում 1937-ից (որոշ ընդհատումներով):

«Զարթոնք»՝ ազգային-քաղաքական, հասարակական և գրական օրաթերթ: Ռամկավար ազատական կուսակցության պաշտոնաթերթ: Լույս է տեսնում 1937-ից:

Scroll Up