Վաշինգտոնում հարգեցին Ցեղասպանության տարիներին զոհված հայ կանանց հիշատակը.տեսանյութ

Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության տարիներին զոհված կանանց հիշատակին:
Մեջբերելով Սարոյանին՝ հավաքվածները հնչեցրին հայ հանճարի հանրահայտ խոսքերը․ – «Կործանեցե՛ք Հայաստանը, տեսեք՝ կկարողանա՞ք: Քշեցեք տներից անապատ, մի՛ մոռացեք խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի մատնեցեք նրանց տներն ու եկեղեցիները: Տեսեք դարձյալ՝ պիտի չապրե՞ն: Տեսեք ցեղը դարձյալ պիտի չհառնի՞, երբ նրանցից երկուսը հանդիպեն աշխարհի որևէ մասում, ծիծաղեն ու աղոթեն իրենց մայրենի լեզվով, իրենց ստեղծած Նոր Հայաստանում»:
Իր ելույթում Ալին Կիրակոսյանը խոսեց այն ծանրագույն փորձությունների մասին, որոնցով անցան հայ կանայք ցեղասպանության տարիներին. – «Կինը, որ կորցրել էր ամուսնուն, ծնողներին, ստիպված էր նաև սեփական զավակներին հորը նետել՝ որպեսզի նրանք չարժանանան տանջանքների»:
Հավաքվածներից ոմանք, չկարողանալով շարունակել հայ կանանց բաժին հասած փորձությունների թվարկումը, ստիպված էին դադարեցնել իրենց ելույթները:
Եկեղեցու հովիվ Տեր Հովսեփ Կարապետյանը հիշեցրեց, որ Ցեղասպանության բոլոր նահատակները պետք է սրբադասվեն Էջմիածնում այս տարի. – «Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունն ու մեր ժողովրդի դեմ գործած բոլոր դաժանությունները և մենք դա անում ենք ոչ միայն զոհերի հիշատակը վառ պահելու համար, այլ որովհետև չենք ցանկանում, որ նման դաժանություններ պատահեն այլ ազգերի հետ»:
Եկեղեցում հավաքվածները զոհերի հիշատակը նաև աղոթքով հարգեցին: