Վիգեն Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել ապրիլի 22-24-ը կայանալիք միջոցառումների վերաբերյալ

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ մանրամասներ է ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում առաջիկայում կազմակերպվող միջոցառումների վերաբերյալ:

 Ապրիլին 22-23-ին կանցկացվի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումը, որը կունենա շուրջ 500 մասնակից ողջ աշխարհից՝ քաղաքական, հասարակական, հոգևոր գործիչներ, լրագրողներ, կենտրոնական լրատվամիջոցների խմբագիրներ: Ըստ Վիգեն Սարգսյանի՝ շատ տպավորիչ կազմ է՝ լինելու են միջազգային կառույցների, պետությունների ներկայացուցիչներ: Ֆորումը հարթակ է հանդիսանալու՝ խոսելու ոչ միայն և ոչ այնքան Հայոց ցեղասպանության, այլև ցեղասպանությունների մասին առհասարակ:

 Ապրիլի 23-ին տեղի է ունենալու Ցեղասպանության զոհերի սրբադասումը: Այդ օրը Սուրբ Էջմիածնում բաց խորանի առջև տեղի կունենա սրբադասման արարողությունը, ուղիղ հեռարձակմամբ կապ կհաստատվի աշխարհի խորոշագույն հայկական եկեղեցիների հետ, որտեղ ևս հավաքված կլինեն հայկական համայնքների ներկայացուցիչները: Այդ ծեսը կավարտվի խորհրդանշական րոպեին՝ 19:15-ին, և Մայր աթոռում ու աշխարհում սփռված բոլոր հայկական եկեղեցիներում միաժամանակ կհնչեցվի գուժկանը՝ եկեղեցական տագնապի 100 զանգերը միաժամանակ կխորհրդանշեն 100-րդ տարելիցը, որից հետո կազդարարվի լռության րոպե: Վիգեն Սարգսյանի տեղեկացմամբ՝ աշխարհի բազմաթիվ ոչ հայկական եկեղեցիներ ևս որոշել են միանալ այդ արարողությանը: Դրան կհետևի տերունական աղոթքի ընթերցումը և Սուրբ-Սուրբ երգի կատարումը աշխարհի տարբեր ծայրերում, տաբեր երգչախմբերի կողմից:

 Մեկ ժամ անց՝ 20.30-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա «SOAD» ռոք խմբի համերգը, որը բաց է հանրության համար: Վիգեն Սարգսյանը հիշեցրել է, որ խմբի անդամները երկար տարիներ միասնական համերգներ չէին տալիս, սակայն Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրյակին նրանք հավաքվեցին համաշխարհային շրջագայության համար: «Ընդ որում, նրանք ամբողջը կազմակերպում են ինքնուրույն, պետական հանձնաժողովր գումար չի հատկացնում: Ամբողջ համերգաշարը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը»,- նշել է Վ. Սարգսյանը:

Ապրիլի 24-ի առավոտյան արտասահմանյան պատվիրակությունների մասնակցությամբ Ծիծեռնակաբերդում տեղի կունենա Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը: Այնուհետև տեղի կունենա Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորացված ցուցադրության հանդիսավոր վերաբացումը: Ընդ որում, ինչպես նշեց Սարգսյանը, առանց ճարտարապետական հորինվածքը փոփոխելու, թանգարանի ցուցադրական ու հետազոտական տարածքը մեծացել է երեք անգամ: «Հատուկ ուզում եմ շեշտել, որ ինչպես և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դեպքում, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերազինումը ևս արվել է առանց պետական միջոցների ներգրավման՝ մասնավոր նվիրատվություններով և Փյունիկ հիմնադրամի աջակցությամբ:

 Ապրիլի 24-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի կունենա Հավաքական սիմֆոնիկ նվագախմբի համերգը: Այդ համերգին կմասնակցեն գրեթե 70 երկրից ժամանող 140 երաժիշտներ: Նրանք հիմնականում Ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդին ձեռք մեկնած, Ցեղասպանությունը ճանաչած երկրներից ժամանած երաժիշտներ են: Նվագախումբը կկատարի վերջին 100 տարվա հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Այնտեղ կլինեն պաշտոնական հրավիրյալներ, իսկ համերգը բաց կլինի հանրության համար: Այն կկայանա վերածննդի գաղափարի ներքո և այդ խորհուրդով էլ կսկսվի 20:15-ին:

 Վիգեն Սարգսյանը ասել է, որ բազմաթիվ միջոցառումներ լինելու են նաև հետագայում: Այսպես, հունիսին Երևանում տեղի կունենա Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության՝ 2 տարին մեկ անցկացվող հերթական համաժողովը, որին արդեն 300-ից ավել մասնակից է գրանցվել:

 Պատասխանելով հիշատակի միջոցառումներին հրավիրվածների մասին հարցին՝ Վիգեն Սարգսյանը հայտնել է, որ հրավիրվել են այն պետություննյերի պատվիրակությունները, որոնց հետ ունենք Ցեղասպանության հետ կապված ընդհանուր պատմություն, կամ ջերմ բարեկամական հարաբերություններ, և շատ տպավորիչ արձագանքներ են ստացվել: «Մենք չենք հրապարակում պատվիրակությունների ղեկավարների անունները՝ ելնելով դիվանագիտական արարողակարգի նրբություններից: Դա սովորաբար թողնվում է ժամանող հյուրի հայեցողությանը, թե երբ և ինչպես հրապարակել այդ մասին տեղեկությունը: Գիտեք, որ արդեն եղել են հրապարակումներ, բայց պետք է ասեմ, որ ընդհանուր առմամբ բավականին տպավորիչ կազմ է լինելու: Մեզ համար կարևոր է, որ այստեղ լինեն մեր ձայնը լսող ու այն լսելի դարձնող մեր գործընկերները, ովքեր հասկանում են, թե ինչու է Ցեղասպանության տարելիցը այդքան կարևոր ՀՀ և հայ ժողովրդի համար»,- ընդգծել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պաշտոնյան:

Scroll Up