Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք կազմակերպությունը Ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն է ընդունել
Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք կազմակերպության (DEMYC-ի) գործադիր մարմինը ապրիլի 23-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաշտոնական հայտարարություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը:
Կարեն Ավագյանը տեղեկացրել է նաև, որ DEMYC-ի ներկայացուցիչները ապրիլի 23-26-ը լինելու են Երևանում, որտեղ կայանալու է DEMYC-ի խորհրդի հավաքը: Ներկայացուցիչները մասնակցելու են Ցեղասպանության 100-րդ տարելիցի բոլոր միջոցառումներին: Կարեն Ավագյանը նշել է, որ DEMYC-ը միավորում է մոտավորապես հիսուն երկրի կուսակցությունների երիտասարդական թևեր:
Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը.
Վկայակոչելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը,
Վերահաստատելով մարդու իրավունքների սկզբունքները և եվրոպական արժեքները,
Դատապարտելով հայ ժողովրդի դեմ Օսմանյան Կայսրության և Թուրքիայի տարբեր ռեժիմների կողմից հայ բնակչության նկատմամբ 1894-1923թթ. ծրագրված և շարունակաբար իրականացված ցեղասպանային գործողությունները, հայրենազրկումը, կոտորածներն ու էթնիկ զտումները, որոնք միտված էին հայ բնակչության բնաջնջմանը, հայկական ժառանգության ոչնչացմանը, ինչպես նաև` Ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործությունները և դրանց հետևանքները մոռացության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես շարունակություն այդ հանցագործության և քաջալերանք նոր ցեղասպանություններ գործելու:
DEMYC (Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք) խորհուրդը հայտարարում է հետևյալը.
Մենք դատապարտում ենք հայ ժողովրդի դեմ Օսմանյան Կայսրության և Թուրքիայի տարբեր ռեժիմների կողմից 1894-1923թթ. ծրագրված և շարունակաբար իրականացված ցեղասպանային գործողությունները, ունեզրկումը, հայ բնակչության ոչնչացմանն ուղղված կոտորածներն ու էթնիկ զտումները, հայկական ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև Ցեղասպանության ժխտումը,
- Մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը և խոնարհվում այդ նահատակների ու փրկված հերոսների առջև, ովքեր պայքարել են իրենց կյանքի և մարդկային արժանապատվության համար: Ավելին, մենք ընդունում ենք, որ Ցեղասպանությունը հանգեցրել է ոչ միայն հայերի ոչնչացման և ունեզրկման, այլև տարածվել է Պոնտոսի հույն և ասորի ժողովուրդների վրա, ում հիշատակը մենք նույնպես ոգեկոչում ենք,
- Մենք միանում և վճռականորեն աջակցում ենք Հայաստանի հանձնառությանը և հայ ժողովրդին` շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված մարդկանց իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման գործում,
- Մենք կոչ ենք անում Թուրքիային առերեսվել պատմության հետ և վերջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրա հատևանքով վերջինիս կրած ունեզրկումը, այդ թվում, չսահմանափակելով հայ ժողովրդի վերադարձի և իրենց ազգային օջախներին անվտանգ վերամիավորման իրավունքը: Եվ այդ ամենը պետք է բխի ճշմարտության միջոցով հաշտության հասնելու հրամայականից,
- Մենք կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը հարգել և լիովին գիտակցել իր ստանձնած իրավական պարտավորությունները, այդ թվում` այն դրույթների, որոնք վերաբերում են մշակութային ժառանգության պահպանմանը, մասնավորապես, բարեխղճորեն անցկացնել միասնական գույքագրում հայկական և այլ մշակութային ժառանգություննների, որոնք ոչնչացվել կամ ավերվել են անցյալ դարում:
DEMYC Գործադիր մարմին