Այսօր հայ բեմի թագուհու ծննդյան օրն է. տեսանյութ

Վարդուհի Վարդերեսյանը ծնվել է 1928թ. մարտի 19-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: Դերասան, թատերագետ Գևորգ Աբաջյանի կինն է: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: Դերասանուհու առաջին բեմելը եղել է Նուբարաշենի ինքնագործ թատրոնում: 1947թ. ընդունվել է Լենինականի դրամատիկական թատրոնին կից ստուդիա և նույն թվականից խաղացել թատրոնում: 1958թ-ից տեղափոխվել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն: Թատրոնում կերտել է բազմաթիվ դերեր ` Շիրվանզադեի «Պատվի համար», Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»` Ռանևսկայա, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»` Քլերի Ցախնասյան, Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», «Ջոնի», Շանթի «Հին աստվածներ», «Իշխանուհի» և այլն: Խաղացել է նաև արևմտահայ դերերում` «Պաղդասար Աղբար», «Անույշ» և այլն: Նկարահանվել է «Պատվի համար», «Մոր սիրտը», «Ճանապարհ դեպի կրկես», «Հայրիկ», «Կարինե» և այլ ֆիլմերում: Հայաստանի Ազգային ռադիոյի ոսկե ֆոնդում ունի ավելի քան 100 ձայնագրություն: 1958թ-ից նկարահանվել է հեռուստաներկայացումներում, ի դեպ` եղել է առաջին հեռուստաներկայացման դերասանուհիներից: 1985թ. հրավիրվել է խաղալու Սիրիայի Հալեպ քաղաքի «Ադամյան» թատրոնում, որտեղ արժանացել է ոսկե մեդալի: Ստացել է բազմաթիվ պետական բարձրագույն պատվոգրեր, մրցանակներ, շնորհակալագրեր: 1965թ. արժանացել է ՀԽՍՀ, 1988թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: 1995թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, 2001թ.` Երևանի պատվավոր քաղաքացու կոչումով, 2013թ.` ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:
Հ.Գ.-ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներն այցելեցին մեծ դերասանուհուն, շնորհավորեցին ծննդյան օրվա առթիվ և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անունից մաղթեցին նրան առողջ երկարակեցություն, ընտանեկան երջանկություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ` հանուն Հոգևոր Հայրենիքի զորացման, հանուն Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման:
Ներկայացվող տեսանյութում կարող եք ծանոթանալ Վարդուհի Վարդերեսյանի կյանքին և ստեղծագործական գործունեությանն առնչվող դրվագներին: