Ստամբուլում կոչ է արվել մասնակցել Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումներին

«Եվրոպայի հակառասիստական կազմակերպությունների շարժման» (EGAM) անդամ հանդիսացող «Մարդու իրավունքների միություն»-ը (Անկարա), «DurDe» նախաձեռնությունը, (Ստամբուլ), Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հանրությանը կոչ են արել մասնակցել Հայոց ցեղասպանության հիշատակման ստամբուլյան միջոցառումներին, գրում է Ermenihaber.am-ը:

«1915-2015. Եկեք բոլորս միասին Թուրքիայում հիշենք ցեղասպանությունը» խորագրով հայտարարության տեքստում մասնավորապես ասվում է. «Մենք, որպես այս հիշատակման միջոցառումները սկսած և կազմակերպած կամ այս միջոցառումներին մասնակցած եվրոպացիներ, հայեր, թուրքեր ու քրդեր, բոլոր նրանց, ովքեր կարևորում են իրականությունը, կոչ ենք անում ապրիլի 24-ին միասին խաղաղ կերպով հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին»:

Սոցմեդիայում #Remember24April1915 վերնագրով իրականացվող ստորագրահավաքի տեքստում, որը թարգմանված է 6 լեզուներով, ասվում է նաև, որ Ցեղասպանության հիշատակումը ոչ միայն հայերի ու թուրքերի, այլև ողջ մարդկության խնդիրն է: Հայտարարության մեջ ասվում է, որ այս միջոցառումները հատկապես կարևոր են երիտասարդների համար, քանզի նրանց դերն առանձնահատուկ է պատմության հետ առերեսվելու և ընդհանուր ապագա կառուցելու տեսանկյունից: 

Scroll Up