Աթենքում Գրիգոր Զոհրապին նվիրված դասախոսություն է կազմակերպվել

Աթենքի հունական «Ֆաոս» Մշակութային կենտրոնի հրավերով Հունա-հայկական ուսումնասիրությունների կենտրոնում հույն հասարակությանը իրազեկելու նպատակով կազմակերպվեց դասախոսական երեկո՝ ԿԻՆԸ ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» թեմայով:

«Կազմակերպված դասախոսությունը մաս է կազմում Հունա-հայկական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրերին:

Հրապարակախոս և հետազոտող Հովսեփ Քասսեսյանը ներկայացրեց  մեծ հայրենասեր, գրող, փաստաբան, քաղաքական գործիչ, լրագրող և օսմանական մեջլիսի երեք շրջանի պատգամավոր՝Գրիգոր Զոհրապի կյանքն ու աշխատանքը, ապա դերասաններ Լորանս Մենենդյանը և Հայկ Քասարջյանը ընթերցեցին գրողից կարճ պատմվածքներ, իսկ պարոն Քասսեսյանը ներկայացրեց յուրաքանչյուր պատմվածքի վերլուծականը և Զոհրապի գրական ոճի և սոցիալական փիլիսոփայության մասին ամփոփ բացատրություն:

Ըստ բանախոսի՝ Գրիգոր Զոհրապը պատկանում էր մտավորականների այն սերնդին, որ շատ կարևոր դեր ունեցավ հայկական մշակույթի հարստացման մեջ: Սերունդ, որ տասնամյակներ երկունք ապրելուց հետո ձևավորեց այնպիսի երևույթներ, ինչպիսիք են, Օսմանյան կայսրությունում հայ քաղքենի դասը, մեծ թվով դպրոցների հիմնադրումը, բազմաթիվ թերթերի և պարբերականների հրատարակումը և  եվրոպական համալսարաններ ավարտած հարյուրավոր հայ ուսանողների ներկայությունը:

Պարոն Քասսեսյանը ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության հենց սկիզբից այդ սերնդի ֆիզիկական ոչնչացումը, բռնագաղթի ենթարկված սփյուռքահայությանը զրկեց իր մտավորական առաջնորդներից և հայկական սփյուռքի մշակութային զարգացման առումով ստեղծեց մի այնպիսի բաց, որ շարունակվում է մինչև օրս:

«Այդ տեսանկյունից, կարելի է արդարացիորեն պնդել, որ Հայոց ցեղասպանությունը շարունակում է մինչև օրս տալ իր չար պտուղները»,- եզրափակեց բանախոսը:

OLYMPUS DIGITAL CAMERA

Scroll Up