The Daily Star. Բանգլադեշ պետության վերջին հայը
Բենգալիայի երբեմնի ծաղկող հայ համայնքը այն աստիճանի է նվազել, որ ներկայումս Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում միայն մեկ մարդ է ներկայացնում համայնքը:
Միքայել Ջոզեֆ Մարտին. անգլախոսներն այսպես են կոչում հայ համայնքից մնացած միակ ներկայացուցչին, գրում է տեղի «The Daily Star»-ը: Նրա հայկական անունը Միքայել Հովսեփ Մարտիրոսյան է, եւ նա միակն է, որ պահպանում եւ հոգ է տանում Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Համբարձման եկեղեցու մասին:
Եկեղեցու մոտ գտնվող գերեզմանոցը կարելի է համեմատել այդ տարածաշրջանում հայ ժողովրդի պատմության հսկայական գրքի հետ: Եկեղեցին կառուցվել է 1781 թվականին եւ վկայում է, որ հայերն այստեղ են ժամանել 17-18 դարերում: Հայերը հիմնականում զբաղվել են առեւտրով, եւ եկեղեցին կառուցվել է Դաքքայի աժխույժ հայաբնակ շրջաններից մեկում՝ Արմատիոլում:
Այսօր եկեղեցին գրեթե միշտ փակ է: Այնպիսի գործակալություններ, ինչպիսիք են BBC-ն ու «Ֆրանս Պրեսը», վավերագրական ֆիլմեր են նկարահանել հայկական տաճարի մասին, որը Բանգլադեշի կառավարությունը ներառել է ճարտարապետական հուշարձանների ցանկում:
Եկեղեցուն հետեւող Մարտինը Դաքքա եկել 1942-ին: Ներկայումս նա արդեն բավական ծեր է եւ անհանգստանում է, թե իրենից հետո ով է հետեւելու եւ խնամելու հայկական եկեղեցին: «Հնարավոր է՝ երբ ես մահանամ, իմ երեք դուստրերից մեկը Կանադայից գա այստեղ, որպեսզի պահպանի հայկական ներկայությունն այս երկրում»,- «Ֆրանս Պրեսին» տված հարցազրույցում նշել է Մարտինը:
News.am