Բակո Սահակյանը ելույթ է ունեցել Լոնդոնի «Լոնդոնի Գոլդսմիթ Հոլլ»-ում եւ ամփոփել իր այցի արդյունքները
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին Լոնդոնի Գոլդսմիթ Հոլլ դահլիճում մասնակցել է Մեծ Բրիտանիայի հայ համայնքային խորհրդի ճաշկերույթին եւ հանդես եկել այնտեղ ելույթով:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանը հակիրճ ներկայացրել է Արցախի պատվիրակության այցի նպատակները Մեծ Բրիտանիա, ամփոփել դրա արդյունքները եւ պատասխանել ներկաների հարցերին:
Բակո Սահակյանի խոսքով՝ եւ՛ հայկական համայնքի, եւ՛ Մեծ Բրիտանիայի տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումները բավականին տպավորիչ էին: Նախագահը համոզմունք է հայտնել, որ դրանք նոր լիցք ու որակ կհաղորդեն Արցախի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ կապերի ամրապնդմանը:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Արցախի բոլոր բարեկամներին` նրանց դիրքորոշման, սկզբունքայնության, մարդասիրության եւ գործուն աջակցության համար, մաղթել հաջողություններ եւ ամենայն բարիք:
Հանդիպմանը ներկա են եղել Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, պատգամավորներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ, պաշտոնատար այլ անձինք: