Կանանց միջազգային օրը Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում
Մարտի 8-ը ողջ աշխարհում նշվում է որպես Կանանց միջազգային օր: Տոնի պատմությունն ավանդաբար կապվում է Կլարա Ցետկինի անվան հետ: Կանանց միջազգային օրը առաջինը նշվեց 1911 թվականի մարտի 19-ին չորս երկրներում՝ Ավստրիա, Գերմանիա, Դանիա, Շվեյցարիա:
1977-ին ՄԱԿ-ը մարտի 8-ն արդեն հայտարարեց Կանանց միջազգային տոն: Հայաստանում փորձեցին մարտի 8-ը հանել տոնացույցից, և որպես այլընտրանք ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության և գեղեցկության օր, սակայն մարտի 8-ն այնքան խոր արմատներ էր գցել և դարձել հայերի սիրված տոներից, որ արդեն ձևավորված ավանդույթին հակառակ գնալն անիմաստ էր, և մարտի 8-ը վերականգնվեց: Ավելին՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը ոչ պաշտոնապես մեզանում համարվում է կանանց միամսյակ:
Այսօր` Մարտի 8-ին իրենց շնորհավորանքի, գնահատանքի և մեծարման խոսքն հղեցին բոլոր կանանց, մայրերին և քույրերին ԱԵԿ-ի սաները: Բանաստեղծությունների միջոցով երեխաները քաջ առողջություն, անսահման սեր ու երջանկություն մաղթեցին բոլոր կանանց:
Ուրախ տրամադրություն էր կենտրոնում. գեղեցիկ տեսանյութի դիտումից և պարային կատարումից հետո կազմակերպվեց խաղ- մրցույթ, որի հաղթողները ստացան մրցանակներ տնօրինության կողմից:
Իր շնորհավորանքի խոսքն հղեց նաև ցերեկույթին ներկա կանանց և ուսուցչուհիներին ԱԵԿ-ի տնօրեն Վ. Արաբյանը` ցանկանալով անսպառ ժպիտներ և անհոգ տարիներ:
Ուրախ էին բոլորը, և երեխաները բարձր տրամադրությամբ ու մրցանակներով գնացին տուն: