«Ականատեսը». Խուրջինը փրկեց նրան. Ցեղասպանության 102-ամյա ականատեսի վերհուշն ու պատգամը

Շուրջ երկու տարվա կենսագրություն ունեցող «Ականատեսը» հատուկ նախագիծը ընթերցողի դատին է ներկայացնում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության՝ Հայաստանի տարածքում բնակվող վերջին կենդանի վկաների հիշողությունները: Ականատես-վերապողների պատմությունների հետքերով «Արմենպրես»-ի ստեղծագործական խումբն այս անգամ այցելել էր Կոտայքի մարզ:

Գյուղական հանդարտ առօրյան փոքր-ինչ խանգարելով՝ Ներքին Պտղնիում տեղաբնակներից գյուղի միակ ականատեսին գտնելու փորձերը ապադյուն չանցան: Մեր ստեղծագործական խումբն առաջին հայացքից անսովոր, բայց յուրահատուկ տան տարածքում էր, ուր ապրում է 1913 թվականին Իգդիրում ծնված Հերսիկ Մաթևոսյանը: 102 տարեկան կինը կրտսեր որդու՝ Արմենի հետ այստեղ է տեղափոխվել տասը տարի առաջ, մինչ այդ նրանք բնակվում էին Երևանում: «1915 թվականին կոտորածի ժամանակ մայրս ընդամենը երկու տարեկան էր, իրեն մտցրել են խուրջինը՝ էշի խուրջինը ու այդպես գաղթել են, ամենայն հավանականությամբ անցել են ոչ թե Արաքս գետով, այլ կամրջով»,-մոր պատումը մեզ է ներկայացնում Արմենը: Հերսիկը Իգդիրից գաղթի ճանապարհին մոր՝ Տիգրանուհու և մեկ տարի իրենից փոքր եղբոր՝ Գուրգենի հետ էր: Արմենը չի բացառում, որ այլ բարեկամներ նույնպես ունեին, սակայն պապի մասին իրենց տեղեկություններ չեն փոխանցվել:

Պատմական տեղեկանք

Իգդիրը գյուղաքաղաք էր Սուրմալուի գավառում: Վարչական կենտրոն համարվող Իգդիրը գտնվում է Երևանից 40 կմ հարավ-արևմուտք, Արաքս գետի աջափնյա մասում, հարթավայրում: 19-րդ դարի վերջին ուներ շուրջ 550 տուն հայ և 70 տուն թուրք: 20-րդ դարի սկզբին ավելի քան 10 հազար հայ բնակիչ: Հայերի մի մասի նախնիները այստեղ էին գաղթել Պարսկահայքի Խոյի և Սալմաստի շրջաններից 1829թ-ին: 1920 թ-ին թուրքերը գրավեցին Իգդիրը և 1921 թ-ին Կարսի պայմանագրով Սուրմալուի գավառի հետ միասին անցավ Թուրքիային: Իգդիրում են ծնվել բազմաթիվ անվանի հայ մտավորականներ, արվեստագետներ, գիտնականներ, ազգային ազատագրական պայքարի գործիչներ, օրինակ` նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը, նշանավոր ակնաբույժ Հայկ Կանայանցը, Ազգային գրադարանի հիմնադիր Արդվար Կանայանը և գեներալ Դրաստամատ Կանայանը` Դրոն:

Գաղթի ճամփան Հերսիկ Մաթևոսյանի ընտանիքին հասցնում է Էջիածին, հետո Մասիսի շրջանի Արբաթ գյուղ: Մեր պատմության հերոսուհին Երևանում սկսում է դպրոց հաճախել, այնուհետև է բարձրագույն կրթություն է ստանում Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: Արմենը հպարտությամբ է նշում, որ ի տարբերություն շատ գաղթականների` մորը հաջողվել է բարձրագույն կրթություն ստանալ: «Ինստիտուտն ավարտել է և ընդունվել աշխատանքի Օրջոնիկիձեի շրջանի ռայսովետում որպես գլխավոր ինժեներ: Մայրս կրթված կին է եղել, շատ աշխատասեր: Հաճախ տան շատ գործեր ուշ գիշերն է վեր կացել արել, ճաշ է եփել, հատակն է մաքրել»,- ասում է Արմենը:

Թեև բացի մոր՝ խուրջինի մեջ Արևելյան Հայաստան տեղափոխվելու պատկերավոր դրվագից իրեն շատ բան 1915 թվականի ճակատագրական իրադարձություններից հայտնի չէ, սակայն կեսկատակ-կեսլուրջ նշում է, որ գուցե գաղթի ճամփին հենց մայրն էլ խուրջինում բոլորից ազատ և ապահով է իրեն զգացել: Տարիներ անց Հերսիկն ամուսնանում է արմատներով Վանից Մանվելի հետ, ունենում երեք երեխա: Պատմական հայրենիքից նրան շատ բան չի փոխանցվել, բայց Հերսիկն իր ձեռքով պատրաստել ու հայրենի եզերքի համն ու հոտն է փոխանցել «Իմամ-բայալդի» կերակրատեսակի միջոցով: Չնայած ծերությամբ պայմանավորված հիշողության և լսողության անկմանը` տարեց կինը, որդու վստահեցմամբ, մշտապես հետաքրքրվել է քաղաքականությամբ, ակտիվ հետևում է ներքաղաքական իրադարձությունների ընթացքին, ընդհուպ առ այսօր:

Տան բակում, ուր ծավալվեց մեր զրույցը, տանտերերից բացի էլի բնակիչներ կային: Հնդկական անունով հավատարիմ շանը՝ Զիտային, փոքր-ինչ խռպացած ձայնով արված նկատողություններն էին պարբերաբար ընդհատում Հերսիկի մտքերը, ինչպես նաև մեր՝ մարդկանց իր պատգամը փոխանցելու խնդրանքը: «Պատերազմ բառը վերանա և գոյություն չունենա երբեք: Բոլոր պետություն ները ի մ ի գան , որ աշխարհում խաղաղություն բառից բացի, ուրիշ ոչ մ ի բառ գոյություն չունենա: Այն եմ ուզում , որ երիտասարդները և մեր ն ման ծերերը չտեսնեն պատերազմ , մ իշտ լին ի խաղաղություն ամբողջ աշխարհի վրա: Պետություն ների ղեկավարները վերջապես հասկանան , որ աշխարհի հարստություն ն ամեն ից առաջ երիտասարդություն ն է, որ ստեղծում է բարիք աշխարհի վրա, մ յուս բաները սուտ- սուտ բաներ են»,- խոսքն ավարտում է մեկ դարը բոլորած կինը:

Իրենց ապրուստը դժվարությամբ հոգացող այս ընտանիքում սոցիալական անզեն աչքով էլ տեսանելի խնդիրների մասին համեստորեն չբարձրաձայնեցին, սակայն ակնհայտն էր, որ նրանք ունեն բոլորիս կարիքը:

Պատրաստեցին Տաթևիկ Գրիգորյանը և Անի Նազարյանը

Լուսանկարները՝ Էդուարդ Սեպետչյանի

Scroll Up