«Մեր լեզուն մեր հայրենիքն է» խորագրով գիտաժողովի մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ
Փետրվարի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի լեզվի ինստիտուտի նախաձեռնությամբ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում կայացավ «Մեր լեզուն մեր հայրենիքն է» խորագրով գիտաժողովը:
Թեմատիկ զեկուցումներով հանդես եկան մի շարք ճանաչված լեզվագետներ:
Ամփոփելով աշխատանքները՝ գիտաժողովի մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ:
Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ.
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՄԲ՝ ԼԵԶՎԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայկական լեռնաշխարհում և նրա սահմաններից դուրս հազարամյակներ շարունակ ապրում է հայերեն խոսքը, և շուրջ 1600 տարի է՝ գործառում է գրավոր հայերենը: Շատ արհավիրքների միջով է անցել մեր լեզուն, սակայն նրա 36 զինվորներն անհաղթ ու կանգուն են:
1915 թվականին երիտթուրքական իշխանությունը ծրագրված և հետևողականորեն փորձեց ոչնչացնել մի ամբողջ ազգ և նրա լեզուն: Մեկ դար առաջ կատարված ցեղասպանությունը՝ միլիոնավոր հայերի ֆիզիկական բնաջնջումով, տեղահանությամբ, իր հայրենի հողի վրա դարերի ընթացքում ժողովրդի արարած արժեքների ոչնչացումով, խեղեց հայ ժողովրդի պատմական ճակատագիրը, բեկեց հայության զարգացման բնականոն ընթացքը՝ ծանրագույն վնաս հասցնելով նաև մարդկային քաղաքակրթությանն ու համաշխարհային մշակույթին: Արդեն հարյուր տարի է, ինչ յուրաքանչյուր հայի հոգում դաջված են կոտորածների, մշակութային արժեքների անդառնալի ոչնչացման, հայրենիքի մեծագույն մասի կորստի տառապագին հիշողությունն ու անամոք ցավի զգացումը:
Վայրենի բնազդների՝ օսմանյան պետության կողմից ուղղորդվող քստմնելի խրախճանքի հորձանուտում եղեռնազարկ եղավ նաև աշխարհի հնագույն ու զարգացած լեզուներից մեկը՝ ոսկեղենիկ հայերենը: Աշխարհի երեսից իսպառ անհետացան դարերի ճամփա անցած, դարավոր իմաստնություն ու հիշողություն ամբարած տասնյակ հայ բարբառներ, շատ այլ բարբառներ էլ, վտարվելով հայրենի հողից և զրկվելով կենսական պայմաններից, բեկորներով սփռված են օտար ափերում ու սերնդից սերունդ մոռացության են մատնվում այլախոս միջավայրերում: Ծաղկուն ու շքեղ գրական արևմտահայերենը, զրկված լինելով իր հայրենիքում գոյատևելու և գործառելու հնարավորությունից, թևը զարկված հավքի նման դեգերում է աշխարհից աշխարհ՝ որոնելով ու չգտնելով տունդարձի ճամփան:
Առանձնահատուկ ընդգծելով այն իրողությունը, որ հայոց ցեղասպանության արդյունքում հայերենը ևս ծանրագույն կորուստներ է կրել, լեզվասպան եղել և զրկվել է միասնական զարգացման իր բնական իրավունքից ու հնարավորությունից՝ մենք դատապարտում ենք մարդկանց զանգվածային ոչնչացման, մշակութային արժեքների կործանման ցանկացած դրսևորում, միանում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին, միաժամանակ կոչ անում բոլոր ժողովուրդներին ու երկրներին՝ հարաբերությունները կառուցել միմյանց իրավունքները հարգելու և փոխըմբռնման հիմքի վրա, բացառել բոլոր կարգի բռնությունները, ջանքեր գործադրել ոչ թե միմյանց նկատմամբ հաղթանակի հասնելու և պատերազմելու միջոցներ ստեղծելու ու եղածները կատարելագործելու, այլ համամարդկային բարօրության ու համերաշխության հասնելու ուղղությամբ:
Դիմում ենք նաև աշխարհի բոլոր հայերին և խնդրում ու հորդորում՝
ա) համախմբվել հայրենի պետականության շուրջ և ամեն կերպ նպաստել նրա զարգացմանն ու հզորացմանը, միշտ հիշել, որ այն մեր մայրենիի պահպանության և զարգացման գլխավոր երաշխիքն է, յուրաքանչյուր հայի հայրենիքը Հայաստան աշխարհն է.
բ) սիրել, պահպանել, գործածել, տարածել ու սերնդեսերունդ փոխանցել հայոց լեզուն՝ այդպիսով մեծագույն նպաստ բերելով հայապահպանության և ազգային իղձերի իրականացման գործին:
Դիմում ենք աշխարհասփյուռ հայ երիտասարդությանը.
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ձեր կարևորագույն և ազգանպաստ գործը համարեք հայերեն սովորելը, հայերեն իմանալը: Թող դա լինի ձեր հիմնական, իրական ներդրումը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին մեր սուրբ նահատակների ոգեկոչման, համայն հայության համախմբման և հզորացման սուրբ գործում:
Մեծ անգլիացին՝ Բայրոնը, ասել է. «Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է»: Ուրեմն իմացե´ք, խոսե´ք և մաքրամաքո՛ւր պահեք մեր աստվածային մայրենին:
ՀՀ սփյուռքի նախարարություն
ՀՀ ԳԱԱ նախագահություն
ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ
«Մեր լեզուն մեր Հայրենիքն է» գիտաժողովի մասնակիցներ