Արեւմտահայերենը մեր ազգային հարստությունն է եւ սփյուռքի լինելության հիմքը. Հրանուշ Հակոբյան

Հայ ժողովրդի, ազգի լինելության կարեւորագույն գրավականը մայրենի լեզուն է. այս մեկնակետից ուղղված, 2005 թվականին փոփոխություն մտցվեց ՀՀ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում և ՀՀ պետական տոնացույցում փետրվարի 21-ը հաստատվեց որպես Մայրենիի օր:

Միջազգային այս տոնը Հայաստանում եւս նշելու  նախաձեռնությունը այն ժամանակ ՀՀ Ազգային ժողովի Կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ներկայիս ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին է, որի հետ կարճ զրույց ունեցավ «Հայերն այսօրը».

– Տիկի՛ն նախարար, խնդրում եմ կարճ բնութագրեք`

Մայրենին…

– Իմ էությունն է, հայի ողնաշարը, մեր գոյության եւ լինելության հիմքերից մեկը:

-Մայրենիի տոնի խորհուրդը…

– Բոլորի ուշադրությունը հրավիրել լեզվի հարցերին: Փայփայել մայրենին, մաքրամաքուր հայերենը դարձնել մեր գլխավոր զենքը: Եվ հատկապես Սփյուռքին հորդորել, որ պետք է միշտ հայերեն սովորել:

-Արեւելահայերենը…

– Մեր պաշտոնական լեզուն է, որը երկար տարիներ պահել-պահպանել է այս տարածքի հայությանը։ Հայոց լեզուն միայն մեր ազգինն է, մերն է, ուրիշ ոչ-ոք չի կարող ոտնձգություն անել:

-Արեւմտահայերենը…

– Մեր ազգային հարստությունն է, հայոց լեզվի մյուս ճյուղը, որը Սփյուռքին դարեր շարունակ հայ է պահել: Եվ մինչև օրս էլ Սփյուռքը ամեն գնով պահում-պահպանում է այդ ժառանգությունը:

-Դասական ուղղագրությունը…

– Գրաբարի հիմքի վրա ստեղծված մեր ուղղագրությունը, որի պահպանումը եւս մեծ նվիրում է պահանջել մեր ժողովրդից: Փաստորեն Սփյուռքը առանց պետության, առանց քաղաքականության կարողացել է նաեւ գրավոր խոսքը պահպանել։

-Նոր ուղղագրությունը…

– Քննարկումներ, տեսակետներ, հարցադրումներ, տարբեր կարծիքներ, բայց կարծում եմ` գալու է մի օր, երբ մենք վերջնականապես կունենանք միավորված լեզու և ուղղագրություն։

-Ձեր սիրելի բանաստեղծը (գրողը) կամ բանաստեղծները …

– Շատ են՝ Պ. Սեւակ, Հ. Շիրազ, Պ. Դուրյան, Դ. Վարուժան, Վ. Թեքեյան, Հ. Սահյան, Վ. Դավթյան, Մուշեղ Իշխան, Անդրանիկ Ծառուկյան…

-Լեզվի մասին Ձեր ամենասիրած խոսքը կամ բանաստեղծությունը:

– Լեզվին նվիրված բանաստեղծություններ շատ ունենք, իսկ դիպուկ բնորոշումները շատ հզոր են: Օրինակ`

Ա. Իսահակյանի «Հայրենիքը լեզուն է: Նա՛ է միացնում անցյալը, ներկան ու ապագան, մեռածն ու ապրողը, նա՛ է հավերժացնում ազգը, շտեմարանում ազգի հոգեւոր գանձերը»:

Համո Սահյանի հետևյալ տողերը.

Մեր լեզուն արյունն է մեր,

Արյունից ավելի թանկ,

Մեր բուրմունքն ու գույնն է մեր,

Մեր լեզուն մենք ենք որ կանք:

Պարույր Սեւակի «Եվ այր մի Մաշտոց անուն» պոեմի այս հատվածը.

Իսկ իսկություն չէ՞,

Որ զորքից հետո

Միշտ էլ լեզուն են մարտադաշտ հանում,

Եվ ինչ չի կարող ո՛չ մի զորք անել՝

Լեզուն է անում։

Սիլվա Կապուտիկյանի այս տողերը.

Թե մորդ անգամ մտքից հանես,

Քո մայր լեզուն չմոռանաս:

Մուշեղ Իշխանի «Հայ լեզուն տունն է հայուն, Աշխարհի չորս ծագերուն…» խոսքերը: Եվ վերջապես Բայրոնի հետևյալ տողերը` Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է։

-Սփյուռքահայերի օգտագործած Ձեր ամենասիրած բառը կամ արտահայտությունը:

Վարձքդ կատար…

-Մանկությունից մի հետաքրքիր դրվագ կամ հուշ լեզվի հետ կապված:

– Նախ շնորհակալ եմ, որ մանկավարժների եւ գիտնականների ընտանիքում եմ ծնվել ու մեծացել, որտեղ ազգայինը, հայրենասիրականն ամեն ինչից վեր էր: Փոքր տարիքից մենք դաստիարակվում էինք Մաշտոցով, Խորենացիով, Նարեկացիով, Քուչակով: Շատ հաճախ հայրս, Խորհրդային տարիների այդ փակ համակարգի պայմաններում, տուն էր բերում անտիպ նյութեր: Արգելված գրականությունը տուն բերելով հայրս հատուկ հանձնարարություն էր տալիս` հանկարծ ուրիշը այդ մասին չիմանա: Իսկ մենք էլ ամբողջը ագահորեն կարդում էինք:

Ես հինգերորդ դասարան էի, երբ Շիրազի անտիպ գործերը սկսեցին տարածվել հանրապետությունում: Այդ ժամանակ ես չէի հասկանում` անտիպը ո՞րն է, տպագրվածը` ո՞րը: Հայրս հերթական անգամ Շիրազի անտիպ բանաստեղծությունների մի տրցակ էր տուն բերել: Քանի որ ես ասմունքի նկատմամբ յուրօրինակ սեր ունեի, անմիջապես սովորեցի «Յոթը բուռ մոխիր» բանաստեղծությունը: Որոշ ժամանակ անց Գավառում ասմունքի մրցույթ էր, ու ես արտասանեցի հենց այդ բանաստեղծությունը.

…Երբ որ մեռնեմ, ինձ այրեցեք,
Բայց մոխրիցս յոթը բուռ
Տարե’ք, ցրե’ք Հայաստանիս
Յոթը կողմերը դեռ անդուռ:

Առաջին բուռն համասփռեք
Կրծքին բանտված Մասիսի,
Որ խառնվեմ իր մեծ սրտին,
Հովանա սիրտն իմ հույսի:

Թե չէ այսպես, ինչպես գառը
Հեռու կապեն իր մորից,
Թե չձուլվեմ Արարատին,
Ես կմեռնեմ կարոտից…

Ես ասմունքեցի, չհասկանալով, թե այդ բառերի իմաստը, նշանակությունն  ինչ վտանգ կարող է իր մեջ պարունակել: Ես, որ միշտ գերազանց էի սովորում, հաճախ էի պարգեւներ ստանում,  այս անգամ մասնակցելով օլիմպիադայի` ոչինչ չստացա ու արտասվելով տուն եկա: Երեկոյան մայրս, ով դպրոցի տնօրեն էր, շատ լարված, վախեցած աշխատանքից վերադարձավ, կանչեց ինձ, գրկեց ու ասաց. «Աղջի՛կս, այսօր մրցույթում ի՞նչ ես արտասանել»: Երբ մորս ասացի, թե ինչ եմ արտասանել ու դժգոհեցի, որ ինձ ոչինչ չտվեցին ու չհաղթեցի, նա ճակատս համբուրեց ու ասաց. «Բալե՛ս, այլեւս դա չարտասանես, եթե արտասանես, հայրիկին կբռնեն»։ Ես սարսափեցի, իսկ մորս այդ խոսքերը դաջվեցին ուղեղումս։ Տարիներ հետո միայն իմացա, որ այդ նույն օրը, մորս կանչել են կուսակցության շրջանային կոմիտե եւ մի մեծ «դաս» տվել: Իսկ համապատասխան մարմիններն էլ կանչել են հորս եւ բացատրություն պահանջել, թե ինչպե՞ս է իր հինգերորդ դասարանի երեխան արտասանում Շիրազի չտպագրված բանաստեղծությունը։

Փա´ռք Աստծո, որ հիմա ապրում ենք անկախ Հայաստանում, եւ մեր փոքրիկները մայրենին սովորելիս երբեք նման սահմանափակումներ չունեն։

Հ.Գ. Նշենք, որ Մայրենիի տոնին ընդառաջ «Հայերն այսօր»-ը զրուցել է նաեւ ոլորտին առնչվող և հասարակության մեջ ճանաչում ունեցող այլ անձանց հետ, որոնք նույնպես պատասխանել են մայրենիին վերաբերող մի շարք կարճ հարցերի:

Մեր զրուցակիցներն են լինելու`

– ՀՀ վաստակավոր արտիստ, ասմունքող Սիլվա Յուզբաշյանը

– ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, լեզվաբան Վիկտոր Կատվալյանը

– Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի հայագիտության ամբիոնի ավագ դասախոս Սուսաննա Աբազյանը

– Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյան

– Երևանի Կուպալյանի անվան մասնավոր վարժարանի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նարինե Բաղդասարյանը:

 

 

Scroll Up