7 հարց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին՝ նախարարության ստեղծումից 7 տարի անց

Սփյուռքի նախարարությունը 7 տարեկան է: Այս առիթով «Հայերն այսօրը» 7 հարց է ուղղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին:

– Տիկի´ն Հակոբյան, նշեք այն սկզբունքային կետերը, որոնց վրա հենվում է նախարարությունն իր գործունեության 7 տարիների ընթացքում:

– Առաջին սկզբունքը, որով առաջնորդվում է նախարարությունը՝ աշխատանքի թափանցիկությունն է, ինչը մեր 6 կայք-էջերի (www.mindiaspora.am, www.hayernaysor.am, www.libmindiaspora.am, www.armdiasporamuseum.com, www.aritun.am, www.imhayastan.am) միջոցով ներկայացվում է հանրությանը:

Շատ կարևոր է ճանաչելու սկզբունքը. առանց Սփյուռքը ճանաչելու՝ չես կարող որևէ գործ իրականացնել:

Հաջորդը վստահության խնդիրն է: Սփյուռքում նկատելի էին անվստահության տարրեր, որոնք տարիների ընթացքում քայլ առ քայլ մեղմացան, և մենք կարողացանք վստահություն ձեռք բերել:

Կարևոր հենակետ է գործակցությունը: Մենք որոշումներ ենք կայացնում երկխոսությամբ, քննարկելով և առաջարկելով, ոչ թե՝ կառավարելով:

Կարևոր է նաև անաչառ լինելը: Սփյուռքը շատ բարդ կառուցվածք է, և պետք է կարողանալ իրավիճակը ճիշտ գնահատել:

– Տիկի´ն Հակոբյան, նշեք խնդրեմ նախարարության 7 տարիների ամենակարևոր ձեռքբերումները:

– Իմ կարծիքով, առաջին կարևոր ձեռքբերումը Սփյուռքի նախարարության կայացումն է: 7-ամյա նախարարություն, որը համաչափ քայլում է տասնյակ տարիների պատմություն ունեցող նախարարությունների հետ:

Երկրորդը՝ Սփյուռքի համախմբումն է, ինչպես նաև Սփյուռքի առավել մերձեցումը Հայրենիքի և Հայրենիքը՝ Սփյուռքի հետ:

Երևանի պետական համալսարանում սկսեց գործել Սփյուռքագիտության ամբիոն, որն արդեն մի քանի տարի է՝ սփյուռքագիտության բնագավառում մասնագետներ է պատրաստում:

7 տարի անց նախարարության աշխատակազմն ավելի կրթված ու բանիմաց է, Սփյուռքի հետ աշխատելու փորձ է ձեռք բերել:

Սփյուռքի նախարարության ծրագրերն ավելի հասանելի են դարձել Սփյուռքին:

Հայաստանյան մի շարք կառույցների հետ համագործակցում ենք՝ փոխադարձ վստահության պայմաններում:

Ավելացել են հայկական դպրոցների թիվը հատկապես ԱՊՀ տարածքում:

– Տիկի´ն Հակոբյան, նշեք խնդրեմ Հայաստանից դուրս իրականացված կամ համայնքներում տեղի ունեցած 7 կարևոր իրադարձությունները, որոնց անձամբ ներկա եք գտնվել:

2013 թվականի հունիսի 17-23-ը Մարսելում տեղի ունեցած գերազանցության շաբաթը, որի ժամանակ Շառլ Ազնավուրին տրվեց Մարսելի պատվավոր քաղաքացու կոչում, որը 1948 թվականից ի վեր ոչ ոքի չէր շնորհել: Մարսելում բացվեց Անրի Վերնոյի անունը կրող հրապարակը, տեղի ունեցան խաչքարի բացում, ծառատունկ, հայկական երաժշտության, խոհանոցի օրեր…

Մոսկվայում 2013 թվականի սեպտեմբերի 17-ին հայկական ամենամեծ եկեղեցու բացման արարողությունը, որին մասնակցեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Եկեղեցու բացումն իսկապես երևույթ էր հայկական իրականության մեջ: Նախկինում ևս եկեղեցիներ բացվել են, բայց այս եկեղեցին իր մեծությամբ և շքեղությամբ յուրօրինակ է:

Կարևոր իրադարձություն էր ապրիլի 12-ին Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մատուցած պատարագը և Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու արարողությունը: Ինչպես նաև՝ Գրիգոր Նարեկացուն Տիեզերական Վարդապետ հռչակելը:

2015 թվականի հուլիսի 18-ին Լիբանանում կայացավ «Թռչնոց բույն» հաստատության վերանորոգված շենքի և Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Պեզիքյան» թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը, որը Հայոց ցեղասպանությանը նվիրված երրորդ թանգարանն է աշխարհում:

Կարևոր է նաև նույն օրը Պիք­ֆա­յա­յի Սուրբ Աստ­վա­ծա­ծին վանքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի ձեռամբ կատարված Մյուռոնօրհնեքի հոգեպարար արարողությունը:

Ուզում եմ առանձնացնել նաև Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Ֆրանսիայի նախագահի, վարչապետի և հայտնի քաղաքական գործիչների մասնակցությամբ տեղի ունեցած ցույցերը, երթերը, որոնք կազմակերպվեցին Կոմիտասի արձանի մոտ:

Այս շարքում ես կներառեի նաև մայիսի 3-ին Մոնրեալում իրականացված «Հանուն մարդկության» հոգեցունց քայլարշավը, որի ընթացքում համախմբվել էր ավելի քան 10.000 մարդ, և դրան հաջորդող ձեռնարկները:

Կարևոր իրադարձություն էր 2015 թվականի մարտի 22-ին Ավստրալիայում 12000 մասնակիցների ներկայությամբ իրականացված Հայկական փառատոնը, որը Հայ դատի և ավստրալահայ բոլոր կառույցների ներկայացուցիչների՝ բարեգործականի, ռամկավարների, հնչյականների հետ համատեղ ջանքերով կազմակերպվել էր Սիդնեյի սրտում՝ Թումբալոնգ զբոսայգու Դարլինգ Հարբոր նավահանգստի մոտ:

Կուզեի առանձնացնել նաև 2015 թվականի փետրվարի 14-ին «Մեծ եղեռնը և արխիվները» խորագիրը կրող գիտաժողովը Զմմառի վանքում, ինչպես նաև Վենետիկում Մխիթարյան միաբանության հետ նախաձեռնած ցուցահանդեսները և ձեռագիր մատյանների թվայնացման աշխատանքը:

– Տիկի´ն Հակոբյան, որո՞նք են Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացված 7 կարևոր հրատարակությունները։

– ՀՀ սփյուռքի նախարարությունը, համագործակցելով տարբեր կառույցների հետ, տարին մոտ 12 գիրք է հրատարակում: Ես կառանձնացնեմ միայն մի քանիսը:

«Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ» պատկերագիրքը, որտեղ ներկայացված են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին աշխարհի տարբեր երկրներում կանգնեցված հուշարձանները:

«Հայկական Սփյուռք» տարեգիրքը, որը հրատարակվում է ամեն տարի: Այն յուրօրինակ հանրագիտարան է, որը ներկայացնում է Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում ՀՀ գերատեսչությունների, հոգևոր կառույցների, համահայկական կազմակերպությունների և հայ համայնքներում իրականացված գործունեությունը:

«Գրական Սփյուռք» տարեգիրքը, որտեղ հավաքված ու հրապարակված են սփյուռքահայ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունները:

«Հայկական պետության սահմաններն՝ ըստ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի», աշխատությունը, որը հրատարակվել է հայերեն և անգլերեն տարբերակներով:

Հաջորդը «Հայերը Օսմանյան կայսրության վերջալույսին» (՛՛Armenians at the twilight of the Ottoman era՛՛) աշխատությունն է (Ոսկան Մխիթարյան, Հայր Վահան ծ. վրդ. Օհանյան News Reports From The International Press, Volume I, The New York Times 1890-1914): Ստվարածավալ հատորը պարունակում է ցեղասպանությանը նախորդած ժամանակաշրջանի նյութերը` 1890-1914թթ.: Հատորում զետեղված են հոդվածներ, խմբագրականներ, պարզաբանումներ և նամակներ՝ ուղղված “New York Times”-ի խմբագրությանը: Հատորի նյութերի 60 տոկոսը ներառում է 1894-1896թթ. ժամանակաշրջանը: Առավել ուշագրավ են 1908-1910թթ. լույս ընծայված հոդվածները:

«Հայոց ցեղասպանությունը միջազգային իրավական փաստաթղթերում» ժողովածուն, որում ներկայացված են Հայոց ցեղասպանությանը վերաբերվող կարևորագույն միջազգային իրավական փաստաթղթերը:

«Մշակութային ժառանգության իրավական պահպանման հիմնախնդիրները» աշխատությունը:

– Տիկի´ն Հակոբյան, որո՞նք են նախարարության իրականացրած ծրագրերից 7 ամենակարևորները:

– Կարևոր և մեծ փորձություն անցած՝ Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագիրը, որն անցնող տարիների ընթացքում 5000 երիտասարդների հնարավորություն է տվել այցելելու Հայաստան:

«Իմ Հայստան» համահայկական փառատոնը, որի շրջանակներում հարյուրավոր խմբեր, անհատ կատարողներ են այցելում Հայաստան և մասնակցում պարի, երգի, դուդուկի փառատոներին:

«Երգում ենք Կոմիտաս» համահայկական մշակութային փառատոնը, որն արդեն երկրորդ անգամ փայլուն կերպով իրականացվում է: Փառատոնը նպաստում է, որպեսզի հայ երգն ու հայ մշակույթը, կոմիտասյան մեղեդիները տարածում ստանան ամբողջ աշխարհում: Հատկապես, երբ սփյուռքահայ երաժիշտների հետ  Կոմիտաս են երգում նաև օտար կատարողներ:

ՀՀ սփյուռքի նախարարության «Ամառային դպրոցը» միակ ծրագիրն  է, որի շնորհիվ սփյուռքահայերը կարճ ժամանակահատվածում կարողանում են կրթություն ստանալ և վերապատրաստվել՝ իբրև մանկավարժներ, ղեկավարներ, առաջնորդներ, լրագրողներ և պարուսույցներ:

Նախարարության իրականացրած կարևոր ծրագրերից են մասնագիտական համաժողովները: Սփյուռքն ինքնին կազմակերպված է, այնտեղ գործում են ավանդական կառույցներ, կուսակցություններ: Բայց մեր խնդիրը համարեցինք մասնագիտական հենքի վրա համախմբել և կազմակերպել Սփյուռքը: Այդ նպատակով անցնող տարիների ընթացքում կազմակերպվել են ճարտարապետների, իրավաբանների, գործարարների, լրագրողների, սրտաբանների, գրողների, ոսկերիչների և այլ մասնագիտական համաժողովներ:

Կարևոր է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայրենիքում և Սփյուռքում համատեղ կազմակերպված ձեռնարկների նախապատրաստական աշխատանքները: Գործունեություն, որի շրջանակներում իրականացված ձեռնարկները բազմաթիվ են, բազմաշերտ, բազմաբնույթ և շատ կարևոր:

– Տիկի´ն Հակոբյան, որո՞նք են նախարարության գործունեության ընթացքում հանդիպած դժվարույթունները:

– Դժվարությունն այն է, որ 7 տարիները բավարար չեն 8-10 միլիոնանոց Սփյուռքի հետ աշխատանքները լիարժեք և կատարյալ կազամակերպելու համար:

Հայկական համայնքներից, կազմակերպություններից շատ ու շատ մարդիկ են հեռացել: Նրանց հետ վերադարձնելու գործընթացը բարդ խնդիր է:

Հայոց լեզվի իմացության պակասը հատկապես երիտասարդների շրջանում: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի կարողանանք կարգավորել այս հարցը:

Ցավալի է, որ շատ ու շատ հայեր դեռ ծանոթ չեն իրենց հայրենիքին: Աշխարհագրորեն տեղը գիտեն, բայց հայրենիքի հողն ու ջուրը չեն շոշափել, ինչը դժվարացնում է մեր աշխատանքը նրանց հետ:

Բավարար չեն նախարարության հնարավորությունները: Հատկապես վերջին 3 տարիներին սիրիահայերի մեծ հոսք կա դեպի Հայաստան: Նրանց խնդիրները նախարարության գլխավոր, առանցքային աշխատանքներից են:

Սփյուռքում մեր ենթակայության տակ գտնվող անմիջական կառույցներ, աշխատակիցներ չունենք, աշխատում ենք դիվանագիտական կառույցների միջոցով: Բոլորին դիմում ենք խնդրողի կարգավիճակով՝ այս կամ այն հարցը լուծելու համար: Սա, բնականաբար, դժվարացնում է մեր գործունեությունը:

7 տարիների ընթացքում շատ ծանր պայմաններում ենք աշխատել: Ոչ բավարար աշխատանքային պայմանները զգալի են եղել աշխատանքի որակի վրա:

– Տիկի´ն Հակոբյան, որո՞նք են ապագայում նախատեսված 7 կարևոր ծրագրերը:

– Սփյուռք-Հայրենիք 5-րդ համաժողովին Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հռչակեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը կարելի է վերաձևափոխել համահայկական խորհրդի: Սա լուրջ աշխատանք և ծրագրեր է պահանջում մեզանից: Բոլոր համայնքների հետ խորհրդակցելով՝ պետք է կարողանանք ճիշտ մոտեցում ցուցաբերել և համահայկական խորհրդի կառուցակարգերը, մոտեցումներն ու անդամները ճիշտ ընտրել:

Ապագային միտված՝ մենք պետք է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ընթացքում ձեռք բերած մեծագույն աշխատանքը, ձեռքբերումը բաց չթողնենք: Պետք է շարունակենք 100+1 100+2 100+3 տարելիցները առավել մեծ թափով և ուժով կազմակերպել և նպատակասլաց իրականացնել:

Հաջորդը իսլամացած կամ ծպտյալ հայերի խնդիրն է: Ծպտյալ հայերն արդեն արթնանում են, ոտքի են կանգնում, մենք պետք է նրանց հայերեն սովորեցնենք, Հայաստանի Հանրապետության հետ կապենք, նրանց ուժ տանք, որ վերադառնան իրենց ինքնությանը:

Մյուս նպատակային խնդիրը մայրենիի ուսուցման խորացումը, տարածումը, զարգացումն ու հայերենի երկու ճյուղերի մերձեցումն ապահովելն է: Այդ առումով կարևոր են մեկօրյա, երկօրյա դպրոցների կազմակերպումը, Հայաստան այցերի ավելացումը, երիտասարդներին Հայրենիք բերելը:

Կարևոր է արբանյակային հեռուստաընկերութան նպատակային օգտագործումը: Ուսուցողական, պատմական, հայրենասիրական, Հայաստանը ներկայացնող ծրագրերի աշխուժացումը:

Այս ամենի առանցքում պետք է լինի հայապահպանությունը, Սփյուռքում հայ մնալու խնդիրը: Իսկ գլխավոր առհավատչյան հայ ընտանիքն է, հայոց լեզուն, մշակույթը, կրոնը: Այս բոլորը կհանգեցնեն նրան, որ հայրենադարձության շարժումն ավելի կուժեղանա: Այսօր շատերն են գալիս ու հաստատվում հայրենիքում, բայց սա դեռ բավարար չէ: Հայրենիքում պետք է հաստատվեն ոչ միայն բնակության երկրներում ծագած դժվարությունների պատճառով, այլև Հայաստանում նեդրումներ իրականացնելու, աշխատատեղեր ստեղծելու, արարելու համար:

Scroll Up