Ֆասյալ Խարտաշ. «Հայը բռնի տեղահանված ժողովուրդ է, որն այսօր ապրում է մտահոգ և անցյալի դառը հիշողություններով»

Ֆայսալ Խարտաշը ծնվել է 1952 թվականին, Հալեպի հին թաղամասերից մեկում: Հայրը ֆրանսիական գաղութատիրության ժամանակ հեղափոխական է եղել: 1983 թվականին ավարտել է Հալեպի համալսարանի արևելյան լեզուների բաժինը: Արաբ գրողների և լրագրողների միության անդամ է:

1973 թվականից սկսել է պատմվածքներ գրել, որոնք 1975 թվականին առաջին անգամ հրատարակվել են սիրիական թերթերում: Այնուհետև հրատարակել է պատմվածքների ժողովածուներ, արժանացել մի շարք մրցանակների: Նրա պատմվածքների մեծ մասը վերածվել են ֆիլմերի, որոնք տարբեր մրցանակների են արժանացել:

Ֆայսալ Խարտաշը գրքերից մի քանիսը հայերի ողբերգության մասին են: 1994 թվականին հրատարակած «Հասմիկի և գիշերվա տերևներ» ( والياسمين الليل أوراق ) և 1995 թվականին լույս տեսած «Խան էլ Զեյթուն» (الزيتون خان) գրքերում Խարտաշը ներկայացնում է հայ ժողովրդի կրած տանջանքները, անօգնական հայ ժողովրդի հարաբերությունների բարդությունները:

Ֆայսալ Խարտաշը Լոնդոնում հրատարակվող Միջին Արևելքի թերթի մշակույթի բաժնի թղթակից է: Թղթակցում է նաև տարբեր արաբական թերթերի:

Ֆայսալ Խարտաշը «Էլ Թաուրա էլ Սիրիա» թերթում Արամ Սեփեթջյանի «Զոհը» (الذبيحة) գրքի մասին խոսելով` անդրադառնում է նաև լիբանանյան պատերազմի ժամանակ հայ ժողովրդի ապրած սարսափելի ողբերգությանը: Լիբանանցիներին ներկայացնում է իբրև գեղարվեստական նկար, իսկ հայ ժողովրդին` իբրև այդ նկարի անբաժան մասնիկ: Այնուհետև գրում է, որ եթե փորձենք Լիբանանից «անջատել» հայկական արվեստն ու արհեստը, տնտեսական և գիտական նվաճումները, կտեսնենք, որ գեղանկարչությունը կգունաթափվի, որովհետև այս ժողովուրդը կես դարից ավելի ապրել և աշխատել է այս երկրում:

Ներկայացնելով լիբանանահային` ասում է` հայը բռնի տեղահանված ժողովուրդ է, այսօր ապրում է մտահոգ և անցյալի դառը հիշողություներով, դառնալով գրող և մտավորական: Նա անպայման պետքէ միացնի անցյալն ու ներկան, իր ազգությունն ու Լիբանանի քաղաքացիությունը` իր այս նոր իրականությունն ու հոգեբանությունը, որոնք արդեն ժամանակի վկայությունն են:

Scroll Up