Հայոց ցեղասպանությամբ պատճառված կորուստները. Վնասի հաշվարկ 100 տարի անց

Ցեղասպանությունն այնպիսի ծանր ոճրագործություն է, որ անգամ 100 տարի անց դժվար է գնահատել նրա ավերածությունները: Այդ ավերածության զգալի մասը հնարավոր չէ վերականգնել՝ սպանված ազգեր, կորած սերունդներ, արմատախիլ արված համայնքներ, կողոպտված հայրենիք, ոչնչացված մշակութային ժառանգություն, բռնազավթված ունեցվածք և թալանված բնական ռեսուրսներ:

armeniangenocidelosses.am կայք-էջի սույն վերլուծությունը նվիրված է հայոց ցեղասպանության հարյուրամյակին: Սա ավելի շուտ ոչ թե իրավապահանջ է, այլ պատճառված կորստի ընհանուր ուրվագիծ, այն համոզմունքով, որ վնասի չափի ավելի լավ գիտակցումը կօգնի առաջ ընթանալու ուղիների որոնմանը: Շատ երկրներ և տարբեր շահեր դերակատարում են ունեցել հայոց ցեղասպանության իրականացման մեջ և էլ ավելի շատերը վերջին հարյուրամյակում իրենց սեփական արտաքին քաղաքական և տնտեսական նպատակներն առաջ մղելու համար օգուտ են քաղել Հայկական հարցի և հայոց ցեղասպանության շահարկումից:

Անգործությունն ու անտարբերությունն արմատավորում են այն պատկերացումը, որ ցեղասպանությունը շահավետ գործ է: Սա անընդունելի է, քանի որ այդպիսով ցածրացվում է բարբարոսության դեմ խոչընդոտը ողջ մարդկության համար: Հանցագործությունը կիսադատապարտված և անհատույց թողնելը ցանում է անկայունության և խառնակության սերմեր: Հարևանները պետք է ի վիճակի լինեն ապրելու կողք-կողքի առանց իրենց անցյալի կողմից հալածվելու:

Առաջ ընթանալու ուղին պարզ է: Վերականգնելի վնասը պետք է վերականգնվի։ Անվերականգնելի վնասը պետք է փոխհատուցվի: Սա է այն առաջարկը, որն արվեց հայկական պատվիրակության կողմից 1919թ. Փարիզի խաղաղության վեհաժողովում և որը տակավին ի զորու է մատնանշել առաջ ընթանալու ուղին:

1919 թվականին քննարկվող բանաձևն իրենից ներկայացնում էր հայրենիքի վերականգնման և հայ ժողովրդի կողմից կրած անվերականգնելի կորուստների փոխհատուցման համակցությունը: Փոխհատուցման գնահատակնները ելնում էին այն կանխադրույթից, որ հայերի հայրենիքը՝ Սև ծովից մինչև Միջերկրական ծով պետք է վերադարձվի հայերին: Սակայն, ինչպես հայտնի է, ո՛չ անվերականգնելի կորուստները փոխհատուցվեցին, ո՛չ էլ հայրենիքը վերականգնվեց:

Ստորև բերված աղյուսակներն իրենցից ներկայացնում են 1919թ. հատուցման պահանաջի արդիականացված տարբերակը: Թեպետ կորուստների մի մասն ակնհայտորեն անվերականգնելի է, այնուհանդերձ վերականգնելիի և անվերականգնելիի միջև սահմանը հաճախ սոսկ քաղաքական կամքի խնդիր է: Ուստի ստորև բերվող աղյուսակներում վերականգնելի և անվերականգնելի վնասի զանազան համակցությունները ներկայացվում են վնաս պատճառած կողմերի միջև խիստ մոտավոր մասնաբաժիններով: Այդ գնահատումները չեն հավակնում դառնալ այն 20 միլիոն հայերի չկայացած արարումների հաշվարկ, որոնք կապրեին ցեղասպանությունը չլինելու դեպքում:

Ժամանակին հայերի ցեղասպանության հարցով համապարփակ և արդար կերպով չզբաղվելը մարդկության վրա շատ թանկ նստեց: Ճիշտ ժամանակին արդար լուծում ստանալու պարագայում, գուցե հնարավոր լիներ խուսափել նոր պատերազմներից, կանխել ցեղասպանությունները և պատմությանն այլ ընթացք տալ: Հետագա դանդաղումը ծնում է նոր կորուստներ: Հայերը անհատապես մասամբ վերականգնվել են հարյուր տարի անց: Սակայն մարդկության համար հատուցման չարժանացած հայոց ցեղասպանությունը դեռևս խոչընդոտ է մնում ավելի խաղաղ և քաղաքակիրթ ապագայի կերտման հարցում:

Restitutio ad integrum-ը զոհերի կորուստների հաշվարկի միջազգային չափորոշիչ է: Դա նշանակում է ամբողջությամբ վերականգնել զոհերի այն վիճակը, որում նրանք կլինեին, եթե չլիներ ցեղասպանությունը:

Վերականգնելի վնասները ենթակա են վերականգնման:

Անվերականգնելի վնասները ենթակա են փոխհատուցման:

1919թ. Փարիզի հաշտության վեհաժողովին ներկայացված պահանջը 19 մլրդ. ֆրանսիական ֆրանկ էր: (1919թ. ֆրանս. Ֆրանկ, արծաթյա մետաղադրամներ, ներկայիս արժողությամբ $2.18/ֆր = 42.5 մլրդ.): Սա չի ներառում հետաձգման վնասները:

Համեմատության համար. 1919 թ. մինչ այսօր ԱՄՆ դոլլարը արժեվորվել է մոտ 20 անգամ՝ 20 x $42.5 մլրդ = $850 մլրդ: Սա չի ներառում ուղղակի կամ անուղղակի վնասները և բաց թողնված օգուտները:

Հետաձգման վնասները հաշվարկվել են օգտագործելով ներկայիս արժեքը, ինչպես նաև դրամի և ունեցվածքի արժեքը ժամանակի մեջ, ինչը ներառում է նախնիների հայրենիքը մուտք գործելու հնարավորությունից զրկելը 100 տարով, մշակութային ժառանգության պահպանման հարցում խափանումները, ոճրագործությունը ժխտելու, արդարադատության ուշացման և ազգային հարստության և հայրենիքի թալանին ականատես լինելու հետ կապված զգացմունքային կսկիծը:

Անվերականգնելի վնասն ընդգրկում է 1919թ. հետո ընկած ժամանակաշրջանում մարդկանց կյանքի, շարժական և անշարժ գույքի կորուստը, պատճառված վնասվածքների և 1919-1923թթ. փախստականների պահպանման ծախսերը, ոչնչացված և պղծված մշակութային ժառանգությունը, բնական հարստությունների և տարանցիկ ուղիների օգտագործման դիմաց եկամուտների կորուստը, թալանված ունեցվածքը, որը չի հաշվարկվել 1919թ. Փարիզում ներկայացված պահանջի մեջ, Թուրքիայում գտնվող հայերի դեմ շարունակական խտրականությունը, ճնշումները և հալածանքները, ինչպես նաև մեզ հայտնի բնական հարստությունների (հանքանյութեր և այլն) հաշվարկված եկամուտները և շրջափակմամբ ու դեպի ծով ելք չունենալու պատճառով Հայաստանի առ այսօր կատարած ծախսերը:

1919թ. խաղաղության բանակցություններում որդեգրված մոտեցման համաձայն, երկրի տարածքները և դրանց հետ կապված ունեցվածքը դիտարկվում է որպես բնեղեն փոխհատուցում դրամական հաշվարկով կորուստների դիմաց և ընդհակառակը:

Վերականգնելի Վնասներ. Այսպիսով երկրի տարածքների և ունեցվածքի վերականգնումը նվազեցնում է անվերականգնելի և առայժմ չհատուցված վնասի փոխհատուցման չափը: Հողային արժեքը ներառում է զանազան իրավունքներ, ելք դեպի ծով, զբոսաշրջություն, հանածոները երկրում և ափամերձ գոտում, ջրային պաշարները (ներառյալ էլեկտրականության արտադրությունը և ջրի գյուղատնտեսական օգտագործումը), բերրի հողատարածքները, բարեխառն գոտիները, ապառազմականացված անվտանգության գոտիները, կենսաբազմազանությունը, որը պահպանվել և զարգացվել է հայերի կողմից, ինչպես նաև նախնիների սրբավայրերն ու մշակութային ժառանգությունը:

Թուրքիան, քրդերի հետ մեկտեղ, հայերի ցեղասպանության իրականացնողն էր: Թուրքերը գլխավոր շահառուն են և ոճրագործության պատշաճ հատուցման ձգձգման հիմնական պատճառը:

Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի դաշնակից Գերմանիան մեղսակից էր հայոց ցեղասպանության ծրագրավորման և իրականացման մեջ: Ավստրո-Հունգարիան Գերմանիայի և Թուրքիայի դաշնակիցն էր համաշխարհային պատերազմում և չմիջամտեց ցեղասպանության կանխման հարցում:

Ռուսաստանը, Անգլիան, Իտալիան և ԱՄՆ-ը՝ յուրաքանչյուրը նպաստել են այն պայմանների գոյացմանը, որոնք պատճառ հանդիսացան հայոց ցեղասպանության համար: Այդ երկրները չմիջամտեցին ցեղասպանության կանխմանը, իսկ ավելի ուշ առևտրի առարկա դարձրեցին հայոց ցեղասպանության պատշաճ հատուցումը, իրենց սեփական տնտեսական և աշխարհաքաղաքական շահերի հետ կապված խնդիրները լուծելով Հայաստանի շարունակական ավերման և հայ ժողովրդի և մշակույթի ոչնչացման հաշվին:

Իսրայելը, Անգլիայի և ԱՄՆ-ի հետ մեկտեղ շահել է Հայոց ցեղասպանության ճանաչման հետաձգումից, օգտագործելով այդ վիճակը որպես նպաստավոր գործոն ու լծակ Թուրքիայի հետ առևտրային, ներդրումային, ռազմական և աշխարհաքաղաքական գործարքների հարցերում՝ ի հաշիվ հայոց ցեղասպանության զոհերի:

Թուրքիանքրդերը և Գերմանիան պատճառեցին ուղղակի վնասի մեծ մասը և/կամ անմիջական օգուտներ քաղեցին հայկակական ցեղասպանությունից, իսկ Անգլիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսատանը ստացան անուղղակի օգուտներ: Ավելի ուշ շրջանում հատուցման ձգձգմամբ հասցված վնասը հիմնականում կապվում է ԱՄՆ-ի, Անգլիայի և Իսրայելի հետ:

Վերականգնելի վնասի վերականգնման և անվերականգնելի վնասի դիմաց փոխհատուցման ընդհանուր գումարը, հայկական տարածքներն անգամ նվազագույն չափով վերադարձնելու պարագայում, կազմում է մոտ 3 տրիլիոն (ԱՄՆ դոլար): Եթե այդ գումարը մարվի տարիների որոշակի ժամանակահատվածում, ապա այն չի գերազանցի հայկական ցեղասպանությունն իրականացրած և դրանից շահ ստացած պետություններից որևէ մեկի համախառն ներքին արդյունքի մի փոքրիկ մասը և կարող է իրականացվել հիմնականում ապագա դրամական հոսքերի հաշվին:

  •  
Scroll Up