Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրքի շնորհանդես Իսպանիայում

Մադրիդում՝ փետրվարի 11-ին, տեղի է ունեցել «Արարատի հիշողությունը. ամենամոռացված ցեղասպանության 100 տարին» գրքի շնորհանդեսը:

NEWS.am-ի փոխանցմամբ՝ հեղինակն է հայտնի գրող, լրագրող, մի շարք գրքերի, հոդվածների եւ հեռուստահաղորդումների հեղինակ Չավիեր Մորետը: 2002-ին իր «Գաղտնի կղզի. Իսլանդիա» աշխատության համար արժանացել է Մեծ ճանապարհորդներ գրական մրցանակին:

«Արարատի հիշողությունը. ամենամոռացված ցեղասպանության 100 տարին» գիրքը բաղկացած է 270 էջից: Գիրքը զուտ պատմական իրադարձությունների շարադրում չէ:

Ճանապարհորդական նոթերի ոճով գրված պատմության մեջ հեղինակը ընթերցողին է ներկայացնում իր եւ իր լուսանկարիչ ընկերոջ ճանապարհորդությունը Հայաստան եւ Արցախ: Ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության մասին հիշողությունների կարելի հանդիպել գրեթե ամեն մի հայի ընտանիքում, հեղինակն իր հիացմունքն է հայտնում առ այն, որ հայ ժողովուրդը, չնայած կրած անմարդկային տառապանքներին, իր մեջ ուժ գտավ վերածնունդ ապրելու, կերտելու անկախ պետականություն եւ պահպանելու իր հարուստ հոգեւոր ժառանգությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Գրքի վերջաբանում հեղինակը նշում է. «Այո, դժվար է գտնել աշխարհում մեկ այլ ազգ, ով այդքան ցրված է, բայց այդչափ միահամուռ եւ արմատներին կառչած: Ճիշտ են ասում, որ որտեղ էլ հայը գտնի հային կստեղծի մի նոր Հայաստան»,-եզրափակում է հեղինակը:

Scroll Up