Մարդիկ, որոնց ջնջել ենք մեր հիշողությունից… արդեն 100 տարի

Արմեն Գալստյանը և Հայկ Հովհաննեսը «Տարոն-Մուշ» միության համանախագահներն են: Մշեցի և սասունցի, որոնք այսօր ապրում են իրենց իսկ ծննդավայրում: Մեկը խոսում է հայերեն, մյուսը` ոչ: Նրանց ընդունված է թաքուն հայ կոչել, բայց երբ ծանոթանում ես նրանց հետ, լսում նրանց, «թաքուն» բառն ուզում ես այլևս թաքուն պահել` չօգտագործել:

Պատմում է Արմեն Գալստյանը.

– Մուշում մենք եկեղեցի, բաղնիք, գերեզմանատուն ունենք, հայկական տներ, որտեղ, սակայն, քրդեր են ապրում: Մոտ չորս ամիս առաջ ստեղծված «Տարոն-Մուշ. հայերի փոխօգնության, սոցիալական և տուրիզմի» միության նպատակը այդ ամենը պահել-պահպանելն է:

Ցանկանում ենք, որպեսզի Մուշի հայկական եկեղեցին մեզ հանձնվի, որ կարողանանք վերանորոգել այն: Այդ նպատակով բանակցում ենք քաղաքապետարանի հետ։ Այս ամիսների ընթացքում կարողացել ենք պահպանության տակ առնելու համար գրանցել հայկական գերեզմանոցը: Ծրագրում ենք այն ցանկապատել: Գերեզմանատունը մոտ 8000 քառակուսի մետր տարածք ունի: Որոշ տապանաքարեր վնասվել են: Մեր նպատակը այդ ամենը պահելն է, որպեսզի չվնասվեն: Այս գերեզմանատանն է թաղված հայդուկապետ Գևորգ Չաուշը:

Մուշում և հարակից գյուղերում (Բուլան, Խասկեր, Վարդո, Մանազկերտ) թաքուն հայեր շատ կան: Մուշը 100 հազար բնակչություն ունի, որից 20 հազարը հայ են: Եթե առաջ ասում էին` մեր տատն է հայ, հիմա ասում են` մեր պապն էլ է հայ:

Ես մշեցի և սասունցի եմ, Հայկը` բնիկ սասունցի է, բայց ծնվել է` Մուշում:

Գիտեք, շատ թաքուն հայեր են այսօր մկրտվում, բայց մի՞թե դա է կարևոր հայ համարվելու համար: Իրականում առաջնայինը ազգությունն է, հետո նոր կրոնը:

Բոլորս էլ Հայաստանի տարբեր շրջաններում ու գյուղերում հարազատներ ունենք: Նրանք կարողացել են հաստատվել Հայաստանում: Իսկ մենք մնացել ենք ու ապրել «ուրիշի» կյանքով, բայց մեր հողերի վրա: Մեզանից ո՞վ է շահել… Դժվար է պատասխանել:

Պապիկիս հորն իր աչքի առաջ սպանել են: Նա վեց ամիս վիրավոր սարերում է մնացել: Հետո իջել է իրենց գյուղ ու թաքնվել մի քրդի թոնրատանը: Երբ տանտիկինը տեսել է նրան, ասել է, որ Եվայի տղան է: Այդ կինը խղճացել է նրան ու պահել իր տանը: Այնուհետև 8 տարի ապրել է Տիգրանակերտում, հետո փախել է Կամիշլի: Վերադարձել է Մուշ ու ամուսնացել տատիկիս հետ, ում նույնպես մի քուրդ ընտանիք է պահել:  Ամուսնությունից հետո տեղափոխվել են Կոմար գյուղ, որը Սուրբ Հովհաննես եկեղեցու ներքևում է գտնվում:

Երկակի կյանք են վարել. դրսում ուրշին են եղել, տանը` ուրիշ: Հիշում եմ, երբ փոքր էի ու շատ բան չէի հասկանում, զարմանում էի, որ պապիկս հիմնականում քրդերեն է խոսում: Ու երբ խնդրում էի, որ հայերեն խոսեր, ասում էր` պատուհանից նայի, տես մարդ չկա: Հետո հասկացա, որ նա պարզապես վախենում էր հայերեն խոսել:

Ես հայերեն սովորել եմ պապիկիցս , նրա ծոցում էի քնում: Եթե առաջ միայն Մուշի բարբառով էի խոսում, հիմա նաև արևելահայերեն եմ սովորել, քանի որ շատ եմ գալիս Հայաստան:

Միություն ստեղծելու մասին 20 տարի մտածել եմ: Նեղվում էի, տանջում, երբ տեսնում էի, թե ինչպես են հայերը ստիպված մուսուլմանական օրենքներով ապրում: Մտածեցի, որ քայլ է պետք անել: Խիզախեցինք ու… շատերին համարձակության դրդեցինք: Առաջ եթե ասում էին` իմ տատն է հայ, հիմա ասում են` իմ պապն էլ է հայ:

Ուզում ենք «Հայի տուն» ստեղծել, որտեղ բոլոր ցանկացողները կարող են հայերեն սովորել, հայկական մշակույթին ծանոթանալ: Այդ հարցում մեզ օգնելու է մեր լավ ընկեր, կանադահայ Վազգեն Գալճեանը:

Շատ բծախնդրությամբ ենք ընդունում միության անդամներին: Պետք է համոզված լինենք, որ հայ են: Շատերին  էլ գիտենք, որ հայ են` բայց իրենք են ժխտում: Մեկն օրինակ, Մուշի քաղաքապետարանում է աշխատում: Գիտեմ, որ նրա տատիկի անունը Շուշան է, պապինը`Ավետիս, բայց նա ասում է, որ իրենք Կովկասից եկած թուրք են: Այդ մարդը կամ նրա նմանները ինչու են մեզ պետք, մարդիկ, ովքեր հրաժարվում են իրենց ազգությունից:

Արդեն 30 տարի է` իմ հոգին տվել եմ հայ ազգի համար: Եթե մենք միություն չբացեինք, ո՞վ կասեր, որ հայ է: Այժմ անգամ երեխաներն են գալիս ու ասում, որ հայ են: Առաջ ասում էին` հայերը մարդասպան են, գող, իսկ մենք հակառակն էինք պնդում, ասելով, որ մենք կառուցող ենք, ստեղծող:

Շատ նպատակներ, ծրագրեր ունենք: Հուսով եմ, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ կհաջողենք:

Մեկս մյուսին պետք է ձեռք մեկնենք: Օրինակ` իմ ընկեր Հայկը մեղավոր չի, որ հայերեն չգիտի: Ինչպե՞ս սովորեր, ումի՞ց սովորեր: Գիտեք հե՞շտ է թաքուն կյանքով ապրելը: Հետո, ո՞վ գիտի մեր մասին. մտածում են, որ միայն Ստամբուլում են հայեր ապրում: Արևմտյան Հայաստանի մասին մոռացել ենք, ջնջել ենք մեր հիշողությունից: Բայց այնտեղ ապրողները հիշում են, չեն մոռացել…

1972 թվականին իմ պապը իր եղբորը, որը Հայաստանում էր ապրում, նամակ էր ուղարկել ու ասել, որ մենք կանք, ապրում ենք…

Այո, մեզ շատ են մեղադրում, որ հայերեն չգիտենք, թուրքերեն, քրդերեն ենք խոսում: Մի համեմատություն անեմ. մեկը, ով կորցնում է իր հարազատներին ու հայտնվում օտար միջավայրում, օտար մարդկանց խնամքի տակ, ժամանակի ընթացքում դառնալու է նրանցից մեկը, չէ՞: Ո՞վ է մեղավոր. հարց, որը պատասխան չունի:

Պետք չէ մեղավոր և անմեղ փնտրել: Ինչո՞ւ պետք է հարցնել` մուսուլմա՞ն ես, թե՞ քրիստոնյա, ինչո՞ւ կրոնով չափել մարդուն: Նրան, ով արտասվում է, երբ Հայաստան է գալիս, համբուրում է հայկական հողը, իր աղջկան, որդուն միայն «իր նմանի» հետ է ամուսնացում, ինչու «իրենցը» չեն համարում:

Մենք չպետք է փախչենք: Իմ հայրենիքն այնտեղ է, իմ Հայաստանն այնտեղ է, իմ ամեն ինչն է այնտեղ: Եթե բոլորս թողնենք-հեռանանք, ով է մեր հողերին տեր կանգնելու: Այդ են ուզում քրդերը, թուրքերը, ինչ է` մենք թողնելո՞ւ ենք: Դժվարություններին պետք է դիմանալ…»:

Կարծես կռահելով (կամ փոքր ինչ նաև հասկանալով), թե ինչի շուրջ է խոսակցությունը, Հայկ Հովհաննեսը, կիսեց Արմեն Գալստյանի մտահոգությունը.

«Չենք ուզում, որ այն վայրերից, որտեղ հայեր շատ կան (օրինակ` Տարոն աշխարհը), թեկուզ մեկը հեռանա: Ցանկանում ենք, որ այնտեղ մնան, որ այդ տարածքները ո´չ թե հայաթափվեն, այլ հայերով լցվեն: Միայն մեր ներկայությամբ կարող ենք այդ հողերը պահել: Այդ վայրերում մենք պատմություն ունենք, հիշողություններ, որոնք պետք է վերանորոգենք, պետք է ուժ հավաքենք…»:

Լուսինե Աբրահամյան

Մուշ-տարոնMush_Daron

Scroll Up