Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքներին ուղղված Սփյուռքի նախարարության գործունեությունը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/01/Merzavor-Arevelq.jpg)
ՀՀ սփյուռքի նախարարությունում գործում են 12 վարչություններ, որոնցից հինգը` տարածաշրջանային են:
«Հայերն այսօրը» իր ընթերցողներին է ներկայացնում 2014 թվականի ընթացքում բոլոր վարչությունների իրականացրած աշխատանքները։
Այսօր կանդրադառնանք Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության գործունեությանը, որի պետն է Լուսինե Ստեփանյանը։
Տարվա ընթացքում վարչությունը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարների և ներկայացուցիչների հավաք-հանդիպման նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքներին, ինչպես նաև պետական հանձնաժողովի չորրորդ՝ ընդլայնված նիստի կազմակերպչական աշխատանքներին:
Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովի շրջանակներում վարչությունն իրականացրել է «Սիրիահայ համայնքի հիմնախնդիրները» առանձին նիստի կազմակերպչական և բովանդակային աշխատանքները՝ ապահովելով 120-ից ավելի մասնակիցների ներկայություն, 30-ից ավելի զեկույցներ: Նիստի ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակներում գտնվող Սիրիայի, Իրաքի, Եգիպտոսի հայ համայնքների հիմնախնդիրները, նրանց աջակցության հնարավոր մեխանիզմները, ինչպես նաև՝ Հայաստան տեղափոխված սիրիահայերի խնդիրներն ու աջակցության ծրագրերը, ինտեգրման խնդիրներն ու գործընթացը:
Վարչությունը տարբեր առիթներով կազմակերպել է «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով՝ սիրիահայերի ձեռագործ իրերի և ուտեստների 8 ցուցահանդես-տոնավաճառ:
2014թ. մարտի 15-ին Իրանի Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության 70-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում «Զվարթնոց» պատմամշակութային թանգարան-արգելոցի տարածքում կազմակերպվել է ծառատունկ՝ ՀՀ ՍՆ Հրանուշ Հակոբյանի, նախարարության աշխատակազմի, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանի և դեսպանատան աշխատակիցների, իրանահայերի մասնակցությամբ:
2014թ. մարտի 21-26-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միջոցառումների շրջանակներում կազմակերպվել է «Կոմիտաս՝ հավերժի ճամփորդ» թատերախմբի գործուղումը Հորդանան:
2014թ. ապրիլի 5-15-ը ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի բաժնի 5 գիտաշխատողների գործուղումը Իրան՝ «Սեփական և այլազգի միջավայրում հայերի համեմատական հետազոտություն» ծրագրի շրջանակներում Թեհրանի հայ համայնքում հետազոտություններ անցկացնելու համար:
2014թ. ապրիլի 14-17-ը ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության և Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհրդի հետ համագործակցությամբ Թեհրանում կազմակերպվել է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի և Ինֆորմացիոն տեխնոլոգիական ձեռնարկությունների միության համատեղ՝ «Ճանաչիր Հայաստանը» խորագրով ֆորումը:
2014թ. ապրիլի 21-28-ը Լիբանանում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ աջակցություն է ցուցաբերվել փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի նկարահանող խմբին՝ Լիբանանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ֆիլմ նկարահանելու համար: Նկարահանման հիմնական թեման էր Ջիբեյլում գտնվող «Թռչնոց բույն» որբանոցի պատմությունը, ինչպես նաև Ցեղասպանությունը վերապրածների հարազատների հետ հարցազրույցները:
2014թ. մայիսի 21-24-ը նախարարության Համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության հետ համատեղ Երևանում կազմակերպվել են իրանահայ համայնքին նվիրված «Նոր Ջուղայի օրեր» խորագրով միջոցառումներ՝ Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի, Սուրբ Հովսեփ Արեմաթացի եկեղեցու հիմնադրման 350-ամյակի առթիվ:
2014թ. օգոստոսի 6-7-ը աջակցություն է ցուցաբերվել` Հայորդյաց տան երգչախմբի ելույթը Ստամբուլի «Մարալ» հայկական պարախմբի հիմնադրման 35-ամյակին նվիրված տոնական համերգի շրջանակներում կազմակերպելու համար:
2014թ. օգոստոսի 22-24-ը ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության, Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհրդի և Փերիո կրթասիրաց միության հետ համագործակցությամբ Երևանում կազմակերպվել են Իրանի Փերիա գավառի հայության օրերը Հայաստանում:
Հայրենիք վերադարձող սփյուռքահայերի, այդ թվում` սիրիահայերի` Հայաստանի հասարակությանն ինտեգրումն արագացնելու ուղղությամբ տարվող աշխատանքները կրում են շարունակական բնույթ:
Իր աշխատանքներն է շարունակում ՀՀ վարչապետի 2013թ. հունվարի 14-ի որոշմամբ ստեղծված Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը: 2014թ.-ի ընթացքում գումարվել է հանձնաժողովի 7 նիստ, քննարկվել են 35-ից ավելի հարցեր:
2014թ. հունվարի 13-ին կազմակերպվել է սիրիահայ ֆեյսբուքյան “Aleppo Armenians”, “Armenians of Aleppo” և այլ խմբերի հավաք-հանդիպում՝ «Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրման» ծրագրի շրջանակներում:
2014թ.-ի փետրվարի 20-ին մեկնարկել է «Արևելահայերենի և ռուսերենի անվճար դասընթացներ սիրիահայերի համար» ծրագրի 2-րդ փուլը: Դասընթացն իրականացվել է վարչության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնե ՀԿ-ի կազմակերպմամբ, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանի գրասենյակի (UNHCR) ֆինանսավորմամբ, Երևանի քաղաքապետարանի և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ:
Վարչությունն իրականացրել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Պարենային աջակցություն սիրիահայ ընտանիքներին» ծրագրի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքները:
2014թ. ապրիլի 28-ին վարչությունն աջակցել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ին՝ ՄԱԿ ՓԳՀ-ի աջակցությամբ, «Համաձուլման ճամփեքով» համաժողովի կազմակերպմանը: Համաժողովը նվիրված էր Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրներին:
2014թ. հունիսի 1-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կազմակերպվել է սիրիահայերի «Շառավիղ» մանկապատանեկան երգչախմբի համերգը՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային oրվան:
2014թ. հուլիսի 6-20-ը և օգոստոսի 12-26-ը վարչությունը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ, կազմակերպել է սիրիահայ 40 երեխաների մասնակցությունը Վիքիմեդիա ճամբարին՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարում:
2014թ. հուլիսի 21-28-ը վարչությունը, Լոռու մարզպետարանի աջակցությամբ, կազմակերպել է 10-14 տարեկան սիրիահայ 20 երեխաների ամառային հանգիստը Վանաձորի ճամբարում:
2014թ. օգոստոսի 16-ին վարչությունը կազմակերպել է սիրիահայ 16 ձեռագործ վարպետների մասնակցությունը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և «Մեդիա Օնիքս» ընկերության կողմից Դիլիջանում կազմակերպված «Մշակութային վերածնունդ» խորագրով՝ «Գորգագործության և դեկորատիվ-կիրառական արվեստների» փառատոնին:
2014թ. օգոստոսի 26-ին վարչությունն աջակցել է «Քեսաբ» հայրենակցական միավորում ՀԿ-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Քեսաբի վերականգնմանը նվիրված բարեգործական համերգի կազմակերպմանը:
2014թ. օգոստոսի 29-ին և 30-ին վարչությունը՝ «Երգում է 70-ականների Երևանը» նախագծի հետ համատեղ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպել է «Երգում են 70-ականների Երևանը և Հալեպը» համերգային ծրագիրը՝ hայաստանցի և սիրիահայ արվեստագետների մասնակցությամբ: Համերգը կազմակերպվել է ՀՀ ՍՆ և ՀԲԸՄ հովանավորությամբ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Վարչությունը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ, իրականացրել է սիրիահայ ուսանողների 2014-2015 ուսումնական տարվա ուսման վարձավճարների փոխհատուցման ծրագրի կազմակերպչական աշխատանքները:
2014թ. սեպտեմբերի 5-ին Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում, որտեղ սովորում են Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայ շուրջ 70 աշակերտներ, կազմակերպվել է Քուվեյթի Պետության ֆինանսական աջակցությամբ վերազինված համակարգչային դասարանի բացման հանդիսավոր արարողությունը։
2014թ. սեպտեմբերի 23-ին վարչությունը՝ «Քեսաբ» հայրենակցական միավորում ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպել է՝ Սիրիայի Քեսաբ հայաբնակ շրջանին նվիրված երկու գրքերի՝ քեսաբահայ լեզվաբան, մտավորական Հակոբ Չոլաքյանի «Քեսապի երեք օրերը (21-23 մարտ 2014)» գրքի և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի գիտաշխատող Րաֆֆի Քորթոշյանի «Քեսաբի շրջանի պատմական հուշարձանները» աշխատության շնորհանդեսը:
2014թ. դեկտեմբերի 3-ին վարչությունը «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ և ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպել է «Տեղահանություն, կրթություն, հանձնառություն» խորագրով՝ Հայաստանի բուհերում սովորող սիրիահայ ուսանողների համագումարը: Քննարկվել են սիրիահայ ուսանողների հիմնախնդիրները և դրանց լուծման մեխանիզմները՝ ՀՀ բուհերի ներկայացուցիչների և ուսանողների մասնակցությամբ:
Ընդունել է շուրջ 2200 սիրիահայերի՝ տարբեր խնդիրներով, որից՝ 532-ը` առողջապահական, 350-ը` աշխատանքի ապահովման, 275-ը` ավտոմեքենաների մաքսազերծման, 166-ը` կրթական, 200-ը` նյութական աջակցության, 90-ը` փաստաթղթային, 580-ը` այլ:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀ սփյուռքի նախարարությունը, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի նախաձեռնությամբ և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ, նախաձեռնել է յուրահատուկ ծրագիր` «Պարգևի’ր ուրախ Ամանոր» խորագրով: Ծրագրին միացել են համահայկական, միջազգային և հասարակական մի շարք կազմակերպություններ, ձեռնարկություններ, անհատներ:
Ծրագրի առաջին փուլն իրականացվել է դեկտեմբերի 22-ին Դարբնիկում՝ իրաքահայ և սիրիահայ 50-ից ավելի երեխաների համար՝ Երիտասարդական ակումբների դաշնության (ԵԱԴ, www.fyca.net) հետ համատեղ:
Ծրագրի երկրորդ՝ «100 հայտնիները` սիրիահայ 100 երեխաների համար» փուլի շրջանակներում 100 հայտնի հայեր Հայաստանի մարզերում և Երևանի արվարձաններում բնակություն հաստատած 100 սիրիահայ, ինչպես նաև ուկրաինահայ երեխաների համար «100» խորհրդանշական թվով ամանորյա անվանական նվերներ են պատրաստել:
Ծրագրի երրորդ փուլի շրջանակներում 100 սիրիահայ և իրաքահայ երեխաների համար նվերներ են պատրաստել համահայկական և միջազգային կառույցները, հասարակական կազմակերպություններն ու հայաստանյան ձեռնարկությունները, ինչպես նաև անհատ բարերարները:
Վարչութիւնը ապահովել է տարածաշրջանի համայնքների մասնակցությունը «Արի տուն», «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերին, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին։