Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկում Շվեդիայում
Հունվարի 14-ին Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կրթամշակութային հաստատությունը՝ Ստոկհոլմի «ԱԲՖ» կենտրոնը, կամզակերպել էր Հայոց ցեղասպանությանը նվիրված սեմինար-քննարկում։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Բանախոսներն անդրադարձան Հայոց ցեղասպանության պատմությանը, ներկայումս Թուրքիայում տիրող իրավիճակին, ինչպես նաև հարցի իրավական կողմին։
Մասնավորապես Ինգմար Կարլսոնը ներկայացրեց Ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրությունում տիրող իրավիճակը՝ խոսելով դրա պատճառների մասին։ Անդրեա Կարլսոնն իր հերթին անդրադարձավ ներկայումս Թուրքիայի կառավարության կողմից վարվող ժխտողական քաղաքականությանը և դրա արդյունքում հասարակությունում տեղեկատվության պակասին՝ նշելով, որ, այնուամենայնիվ, Թուրքիայի գիտական և հասարակական շրջանակներում աստիճանաբար ավելանում է Հայոց ցեղասպանության փաստն ընդունող անձանց թիվը։
Թոմաս Համմարբերգն իր խոսքում անդրադարձավ Ցեղասպանության իրավական կողմին` բացատրելով, թե ինչպես կարող է 1948թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ-ի «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման» կոնվենցիան ունենալ հետադարձ ուժ։ Վերջին երկու բանախոսներն առանձնահատուկ կերպով նշեցին նաև Ցեղասպանության հետևանքների փոխհատուցման անխուսափելիությունը։