Թուրքական իշխանությունները մահվան թուղթ էին տալիս մի ամբողջ ազգի. NYT-ի անդրադարձը Ցեղասպանությանը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականն ուշագրավ անդրադարձ է կատարել այս թեմային: Այս մասին գրում է tert.am-ը:

Ստորև մասնակի կրճատումներով ներկայացնում ենք պարբերականի հոդվածագիր Ջոն Քիֆների անդրադարձը:

Հեղինակը սկսում է պատմական փաստերի ներկայացմամբ` ասելով, որ Առաջին աշխարհամարտի նախաշեմին անկում ապրող Օսմանյան կայսրությունում բնակվում էր 2 մլն հայ: Մինչդեռ 1922թ. դրությամբ նրանց թիվը հասել էր 400.000-ի. մնացած 1.5 միլիոնը դարձել են ցեղասպանության զոհ:

«Սակայն թուրքերի համար 1915թ. տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան երբեմնի հզոր կայսրությանը վերջ դրած խառը պատերազմի մի մաս: Նրանք չեն ընդունում «ցեղասպանություն» եզրույթն ու պատմաբանների եզրահանգումները` ասելով, որ իրենք նպատակ չեն ունեցել մի ողջ ժողովուրդ ոչնչացնել: Ավելին, այսօրվա Թուրքիայում հանցանք է համարվում հայերի հետ պատահածի մասին հարց անգամ բարձրացնելը»,- գրում է Քիֆները:

Հեղինակը նշում է, որ Լոս Անջելեսում կենտրոնացած հզոր հայկական համայնքը տարիներ շարունակ ճնշում է գործադրում Կոնգրեսի վրա` Հայոց ցեղասպանությունը դատապարտելու համար: Սրան Թուրքիան պատասխանում է բուռն սպառնալիքներով: Քիֆները հիշեցնում է, որ 2007թ. դատապարտող բանաձևը քիչ էր մնում ընդունվեր, սակայն նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը, հաշվի առնելով, որ Թուրքիան կարևոր ռազմական դաշնակից է ԱՄՆ-ի համար, այնպես արեց, որ բանաձևը հանվի օրակարգից:

Վերադառնալով Հայոց ցեղասպանության բուն հարցին` հոդվածագիրը գրում է, որ տեղի ունեցած ողբերգության արմատներն Օսմանյան կայսրության անկման մեջ են: Նա հիշեցնում է, որ իշխանությունն իրենց ձեռքը վերցնելով՝ երիտթուրքերը հանձն առան երկրի «թուրքականացման» գործընթացը: Նրանք մտան Առաջին աշխարհամարտի թոհուբոհի մեջ` կռվելով գերմանացիների կողմից` ռուսների դեմ: Սակայն ռուսներից ծանր պարտություն կրելով` երիտթուրքերը մեղադրեցին հայերին, և նրանց հռչակեցին որպես թուրքական պետության կայացման համար լուրջ սպառնալիք:

Ըստ Քիֆների՝ The New York Times-ը դեռ դարասկզբին արած հրապարակումներում հստակ նշել է, որ «թուրքերը վարում են քրիստոնյաներին ոչնչացնելուն ուղղված քաղաքականություն»: Միայն 1915թ. հեղինակավոր հանդեսը 145 անդրադարձ է կատարել հայերի բնաջնջման թեմային: Հեղինակը շարունակում է` գրելով, որ «հայերին թուլացնելու համար» երիտթուրքերը սեփականացնում էին նրանց ունեցվածքը, արտաքսում «վտանգ» ներկայացնող մարդկանց, խլում զենքերը, հեռացնում զինվորական աշխատանքից` նրանց տեղափոխելով աշխատանքային ճամբարներ:

«Ցեղասպանության ժամանակ հայերի կրած տառապանքների մասին տվյալները պահվել են այն ժամանակվա արևմտյան դիվանագետների, միսիոներների և այլոց մոտ: Դրա հետևանքով Արևմուտքը խիստ քննադատել է թուրքերին: Թեև այն ժամանակ Թուրքիայի դաշնակից Գերմանիան լուռ էր, սակայն տարիներ անց ի հայտ եկած փաստաթղթերը վկայում են, թե բարձրաստիճան գերմանացի պաշտոնյաներն ու զինվորականներն ինչպիսի սարսափ են ապրել` տեսնելով տեղի ունեցածը»,-շարունակում է Քիֆները:

Հեղինակը նաև մեջբերում է ամերիկացի դիվանագետ Հենրի Մորգենթաուի խոսքերը, ըստ որոնց՝ «թուրքական իշխանությունները մահվան թուղթ էին տալիս մի ամբողջ ազգի»:

«Նրանք շատ լավ գիտակցում էին այս փաստն ու ինձ հետ զրուցելիս առանձնապես չէին փորձում  քողարկել այն»,-վերհիշել է դիվանագետը:

Scroll Up