Ամանորին սիրիահայ հինգ ընտանիք բնակարան կստանան
«Հալեպ» հայրենակցական բարեսիրական միության նախաձեռնած ծրագրի շնորհիվ սիրիահայ հինգ ընտանիք 2015 թվականի հուվարից կտեղափոխվեն նոր բնակարաններ: Այս մասին «Արմենպրես»ի հետ զրույցում ասաց «Հալեպ» միության նախագահ Անի Պալխեանը:
Ծրագրի նպատակն է անհատ բարերարների միջոցով 25 հազար դոլար արժեքով բնակարաններ գնել Երևանում և նվիրել առավել կարիքավոր սիրիահայ ընտանիքներին:
«Բնակարանների որոնման և նոտարական հարցերի կարգավորման ողջ աշխատանքը կատարում է կազմակերպությունը:
Բնակարանների գումարը տրամադրել է Սիրիայում ազգային մեծ բարերար Գաբրիել Չեմբերջյանը: Մենք կապ ենք պահպանում նաև այլ բարերարների հետ` ևս հինգ բնակարան ձեռք բերելու համար», ասաց նա:
«Հալեպ» միությունում գրանցված են մոտ 950 սիրիահայ ընտանիք: Կարիքի գնահատման նպատակով կազմակերպության աշխատակիցները այցելելում են բոլորի տները և ծրագրում ներառում ամենակարիքավոր ընտանիքները: 2014ին տարբեր կազմակերպությունների և անհատ բարերարների հետ համագործակցության միջոցով կազմակերպությունը բազմատեսակ օգնություն է ցուցաբերել սիրիահայերինˋ նրանց ապահովելով սննդամթերքով, հագուստով, գումարովˋ կոմունալ վճարները և այլ ծախսերը հոգալու համար: Ծրագրերից մյուսը Հալեպում արդեն գործող «Արևիկ» թերաճ երեխաների կենտրոնի վերահիմնումն էր Երևանում: Կենտրոնի կառուցման աշխատանքները մեկնարկել էին 2014 թվականի հոկտեմբերի մեկին: Պալխեանի խոսքովˋ կենտրոնում աշխատում են Հալեպում գործող կենտրոնի նախկին ուսուցիչները, և արդեն ինը երեխա է ուսանում այնտեղ: