Կրասնոդարում կայացավ հայ արվեստի 6-րդ երկրամասային փառատոնը

Նոյեմբերի 29-ին Կրասնոդար քաղաքի երկաթգծի մշակույթի տանը եռուզեռ էր: Կրասնոդարի հայերի միության կազմակերպած VI երկրամասային փառատոնը, ինչպես միշտ, այս անգամ էլ դահլիճը պարուրել էր հայկական շնչով ու մթնոլորտով։ Այնպիսի տպավորություն էր, կարծես գտնվում էիր քո տանը, քո հայկական օջախում՝ ջերմ ու մտերմիկ հարաբերություններ, գրկախառնություններ, միմյանց ուղղված կարոտած հայացքներ, սրտակից մթնոլորտ և հայկական երաժշտություն: Տեսնելով այս ամենը, ակամա, մտովի գնում եմ հեռու-հեռուներ և երազում՝ երանի իմ ժողովուրդը միշտ այսպիսին լիներ, ինչպիսին հիմա եմ տեսնում:

Համահայկական փառատոնը կազմակերպված էր 1915թ . Մեծ եղեռնի հիշատակին: Այդ իսկ պատճառով համերգային ծրագրի մեծ մասը թեմատիկ, բեմական տեսարաններ էին, ներկայացումներ («Մուշ», «Դլե Յաման, «Կռունկներ» և այլն): Փառատոնին մասնակցեցին 14 համույթներ: Բացման խոսքով հանդես եկավ Ռուսաստանի հայերի միությանԿրասնոդարի երկրամասային մասնաճյուղի նախագահ Ռազմիկ Գևորգյանը: Մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը:

Բեմահարթակում էին նաև քաղաքապետարանի ազգային հարցերով վարչության պետի տեղակալ Անդրեյ Վլադիմիրի Բերյոզինը և երկրամասի ազգային հարցերի վարչության աշխատակից Սերգեյ Ալեքսանդրի Մոզգովոյը: Նրանք իրենց ելույթում անդրադարձան երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովի շնորհավորական ուղերձին՝ համահայկական փառատոնի մասնակիցներին :

Համերգային ծրագրի բացումով հանդես եկավ «Նարեկ» համույթի գեղարվեստական մասի ղեկավար, մենապարուհի Աննա Մոսինյանը: Կոմպոզիտոր Արա Գևորգյանի «Մուշ» ստեղծագործությամբ Աննան բեմական ու արտիստական, պարային գեղեցիկ շարժումներով կարողացավ հուզել ու գրավել հանդիսատեսի սիրտը:

Համահայկական փառատոնին հրաշալի համարներ ներկայացրին Տուապսեի, Արմավիրի, Անապայի, Տիմաշևսկի, Խադիժևսկի հայկական ժողովրդական պարի համույթները, Կանևսկի ընտանեկան ժողովրդական գործիքների համույթը, երգչուհի Տատյանա Գևորգյանը և ուրիշներ:

Վերջում բոլոր կոլեկտիվները ստացան պատվոգրեր և թանկարժեք նվերներ:

Ամալյա Մոսինյան
Կրասնոդար

1060557_794120587314288_1308932924_o 10849533_794122150647465_636174817_o 10860691_794122457314101_978190951_o 10874040_794120963980917_923962956_o 10874054_794120063981007_1645352723_o

Scroll Up