Արամ Ա կաթողիկոսի ձեռամբ օծվել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցին

Հովվապետական այցով Աբու Դաբիում գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 10-­ին այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ավանդական աղուհացի օրհնությունից հետո դեսպանատան պարտեզում տեղի է ունեցել ծառատունկ: Իր խոսքում ԱՄԷ-­ում ՀՀ դեսպան Գևորգ Ղարիբջանյանը բարի գալուստ է մաղթել Նորին Սրբությանը:

Դեսպանն անդրադարձել է Արամ Ա. կաթողիկոսի ազգանվեր գործունեությանն ու նշել, որ անձամբ է ճանաչում Վեհափառին 25 տարուց ի վեր, ինչպես նաև քաջածանոթ է նրա ազգանվեր գործունեությանն ու ձեռնարկներին:

Իր հերթին Արամ Ա կաթողիկոսը նշել է, որ Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքն է և սրբազան վայր` իր հողով ու մշակույթով, իր արժեքներով և ձգտումներով: Ըստ Վեհափառի` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունն իր թեմերով այս գիտակցությամբ ու հանձնառությամբ է շարունակում գործել: Արամ Ա կաթողիկոսն իր գոհունակությունն է հայտնել ԱՄԷ­-ի և Կատարի հայերին` դեսպանության ծրագրերին աջակից լինելու համար: Բարձր գնահատելով դեսպանի և դեսպանության անձնակազմի աշխատանքը` Վեհափառն օրհնել է դեսպանությունը` իր բարեմաղթանքները հայտնելով դեսպանության ծրագրերի իրագործմանը:

Դեկտեմբերի 12­-ին հանդիսավոր պայմաններում կաթողիկոսն օծել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցին: Օծման
արարողությանը ներկա են եղել ԱՄԷ­ում բոլոր քրիստոնյա համայնքների ներկայացուցիչները, դիվանագետներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Նույն օրը` երեկոյան, Աբու Դաբիի «Սենթ Ռեջիս» հյուրանոցում տեղի է ունեցել ընդունելություն` Սրբոց Նահատակաց եկեղեցու օծման կապակցությամբ:

01 02

Scroll Up