Ոչ թե 1000 դոլար, այլ 16.000 եվրո
Արձագանքելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի սփյուռքահայերին ուղղված կոչին՝ 1000-ական դոլար ներդնել հայկական բանկերում և այդպիսով նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը եւ միաժամանակ շահույթ ունենալ, ֆրանսահայ Ժիլբերտ Դերդերյանը ցանկություն է հայտնել, ոչ թե 1000 դոլար, այլ 16.000 եվրո յիավանդային ներդրում կատարել հայկական բանկերից մեկում: Այս մասին պարոն Դերդերյանը հայտնել է ՀՀ սփյուռքի նախարարին ուղղված նամակում, որն էլ ներկայացնում ենք ստորև.
Հարգելի´ տիկին Հակոբյան,
Տեղեկացա Ձեր մտահղացման մասին, այն է՝ հայաստանյան բանկային համակարգին և ՀՀ տնտեսությանը խթանելու և աջակցելու նպատակով սփյուքահայերի համաձայնությամբ բանկերում ավանդների ներդրումը:
Տարիներ շարունակ Հայաստանի բանկային համակարգը բավականին բարելավվել է և համախմբվել Կենտրոնական բանկի շուրջը՝ համապատասխանելով միջազգային մասնագիտացված բանկային չափորոշիչներին:
Չցանկանալով մանրամասնել այս թեմային առնչվող մակրոտնտեսական մոտեցումները՝ ես՝ որպես հայաստանյան բանկերից մեկի անհատ-հաճախորդ, կարող եմ հավաստել իմ գոհունակությունը թե´ ծառայության որակի, թե´ ընդունելության, թե´ հաշվի սպասարման որակի և թե´ ներդրած գումարի շահութաբերության առումներով:
Կարծում եմ, որ այս գերազանց նախաձեռնությունը, սփյուռքի մեր հայրենակիցների կամքի և աջակցության դեպքում, կհանդիսանա որպես երկարատև խթանիչ միջոց Հայաստանի Հանրապետության տնտեսության զարցման գործում:
Հարգանքով և երախտիքով՝
ԺԻԼԲԵՐՏ ԴԵՐԴԵՐՅԱՆ
Փորձագետների միջազգային ընկերակցության պատվավոր փորձագետ
Սիանս-Պո էքս ինստիտուտի կրթության հարցերով պատասխանատու