Սեյրանուհի Գեղամյան« «Իմ կյանքի լավագույն տարիներն անցկացրել եմ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում»
Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի հիմնադրումից անցել է 50 տարի: Իսկ «Հայրենիքի ձայն» պարբերականը, որը Կոմիտեի շաբաթաթերթն էր, հրատարակվել է 1965 թվականից: «Հայրենիքի ձայնը», որի հիմնադիր խմբագիրը Վահագն Դավթյանն էր, նպաստում էր Հայրենիք-Սփյուռք կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը, սփյուռքահայ ընթերցողներին հաղորդակից դարձնում Հայաստանի նորություններին:
Այս ամենի շուրջ է «Հայերն այսօրի» հարցազրույցը ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետն Սեյրանուհի Գեղամյանի հետ, ով երկար տարիներ աշխատել է շաբաթաթերթում.
– 1977 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 1992 թվականն աշխատել եմ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում՝ նախ որպես գրական աշխատող, այնուհետև Սփյուռքի և մշակույթի բաժնի վարիչ:
«Հայրենիքի ձայնը» մի թերթ էր, որը այն տարիներին օդի և ջրի պես անհրաժեշտ էր սփյուռքահայությանը: Կուսակցական խիստ պայմաններում թերթը միակն էր, որը հայրենասիրություն, ազգային արժեքներ էր քարոզում ու այդ ամենին անդրադառնում իր հրապարակումներով:
Հրապարակումներով էին ներկայանում նաև սփյուռքահայ մտավորականները, իսկական հայրենասեր մարդիկ: Իսկ հայրենասիրությունը մարդու մեջ ի ծնե է լինում, արյան մեջ է և կապված չէ ոչ հասարակարգի, ոչ դրոշի գույնի հետ:
Այդ մտավորականներից շատերն այսօր կենդանի չեն, ինչպես ասում են՝ հավերժ հիշատակ նրանց: Բայց թողել են իրենց «հուշարձանները» հայրենիքում՝ կառուցելով, գիրք հրատարակելով, որևէ գործ անելով:
– Այդ տարիների հետ կապված ի՞նչ հետաքրքիր պատմություններ կարող եք հիշել:
– Իմ կյանքի լավագույն տարիներն անցկացրել եմ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում և այսօրվա գիտելիքներիս համար մեծապես պարտական եմ այն մարդկանց, այն մթնոլորտին, որտեղ աշխատել եմ այդ տարիներին: Միջավայր, որտեղ գնահատվել է գիրքը, մարդը, գիտելիքը, արվեստը, մշակույթը:
Ուրախ եմ, որ առիթ, բախտ եմ ունեցել աշխատելու և հանդիպելու մարդկանց, որոնք մեծ գործ են կատարել հայ մշակույթի համար:
Նրանցից սովորեցինք իրական հայության դասեր, հայ լինելու, հայ մնալու և հայ ապրելու դասեր:
Դրանք նաև իմ երիտասարդության տարիներն էին: Պատկերացրեք, 23-24 տարեկան եմ եղել, երբ ընդունվել եմ աշխատանքի: Եվ փառք Աստծո, որ կարողացել եմ նաև իմ գիտելիքները, կարողությունները ներդնել:
Հիշում եմ, որ «Հայրենիքի ձայնը» յուրաքանչյուր տուն մտնում էր հայրենասիրություն տարածելով, հայրենիքի մասին խոսելով: Այն ժամանակ չկար այդքան կապեր, շատ բան ազատ չէր, բայց թերթը լրացնում էր այդ բացը և կատարում էր մի կարևոր առաքելություն՝ լեզվի տարածում և հայրենասիրության քարոզում: Թերթը հայերենի յուրօրինակ դեսպանն էր:
Ամենադրական զգացումներն ունեմ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի հանդեպ: Եվ փառք այն մարդկանց, ովքեր կարողանում էին այդ ամենն իրականացնել, թեև կային սահմանափակումներ, դժվարություններ, հսկողություն, բայց մարդիկ կարողանում էին անել ամենակարևորը՝ հայրենասիրական գործ:
– Տիկի՛ն Սեյրանուհի, դուք շփվել եք նաև ժամանակի սփյուռքահայ ճանաչված մտավորականների, մարդկանց հետ: Ի՞նչ հուշեր կարող եք պատմել:
– Անդրանիկ Ծառուկյան, Ադարյան ընտանիք, Խտշյաններ, Ժանսեմ, Գառզու և էլի շատ շատերը, մարդիկ, որոնց հետ պատիվ եմ ունեցել անձնապես շփվելու: Եվ, իհարկե, Ալեք Մանուկյանը՝ հայապահպան կաղնին, ում ձեռքն եմ սեղմել, լավ խոսքեր ասել միմյանց:
Բոլորն էին կենտրոնացել Սփյուռքի կոմիտեի շուրջ: Այն ժամանակ կոմիտեն միակն էր, որը համակարգում էր Հայրենիք-Սփյուռք կապերը: Կոմիտեն հրաշալի ձեռնարկներ էր իրականացնում: Կանանց համահայկական առաջին հավաքը Սփյուռքի կոմիտեն է կազմակերպել, երիտասարդների, ուսանողների հավաքներ է իրականացրել:
Ուրախ եմ, որ Սփյուռքի նախարարությունն այսօր այսպիսի ձեռնարկ է կազմակերպել, ինչպես մի շատ իմաստուն խոսքն է ասում՝ հիշիր, որ հիշվես: Նշանակում է՝ կան հետնորդներ և վստահ եմ, որ կհիշեն և նախարաությանը, և կոմիտեին: Եվ ուրախ եմ, որ այսօր Սփյուռքի նախարարությունը պահպանում է ավանդույթների շարունակականությունը:
– Տիկի՛ն Սեյրանուհի, դուք Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի հետ կապված հուշերն ամփոփել եք երկու հատորյակում:
– Այո, առաջին հատորը կոչվում է «Հեռացող հիշատակներ»: Հրատարակել եմ այն ծանր ժամանակաշրջանում, երբ արժեքների վերադասավորում էր սկսվել և վախ կար, որ մեր իրական արժեքները կարող են կորչել, հիշողությունից հեռանալ:
Գրքում նշել էի, որ սա ընդամենն իմ հուշերի մի փոքրիկ մասն է միայն: Եվ շատ զարմանալիորեն Լոս Անջելեսից Գրիգոր Շենյանը հեռաձայնում է երջանկահիշատակ Լևոն Անանյանին ու ասում, որ նա պատրաստ է ֆինանսավորելու գրքի շարունակությունը: Եվ այդպես ծնվեց «Շարունակվող երկխոսություն» գիրքը: Այս ամենը դեռ շարունակականություն ունի և հուսով եմ, որ մի օր դրանք էլ հրատարակելու հնարավորություն կունենամ:
Զրուցեց Լուսինե Աբրահամյանը