Սփյուռքի նախարարության մասնակցությամբ համերգ և պարգևատրում Ալմաթիում

2014 թ. դեկտեմբերի 7-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում կազմակերպվել է հի­շա­տակի միջոցառում, որի ժամա­նակ հայկական համայնքն իր երախտագիտությունն է հայտնել նրանց, ովքեր Սպիտակի երկրաշարժի արհավրալից օրերին մեր ժողովրդի կողքին էին և օգնու­թ­յան ձեռք են մեկնել նրան։ Այդ կապակցությամբ «Ղազախստանի հայերի միություն» հա­սա­րա­կական կազմա­կերպության նախագահ Է. Վարդերեսյանը միջնորդություն էր ներ­կա­յաց­րել 1988 թ. Սպիտակի երկրաշարժի օրե­րին Հայաստանում մարդասիրական օգնու­թյուն ցուցաբերելու նպատակով Ղազախ­ս­տա­նից ժամանած բժշկասանիտարա­կան գնաց­քի նախաձեռնողներին և բուժանձնակազմի ակտիվ ան­դամ­ներին պարգևա­տրելու վերաբերյալ։ Խնդրի առնչությամբ ՍՆ ԱՊՀ հայ համայնք­ների վարչությունը խորհրդակցել էր նաև Ղազախստանում ՀՀ դեսպան Ա. Սահակյանի հետ։

Դեկտեմբերի 6-ին Ալմաթի մեկնեց ՀՀ սփյուռքի նախարարարության պատվի­րակու­թյունը՝ նախարարի տեղակալ Ս. Սրապիոնյանի գլխավորությամբ՝ մասնակցելու 1988 թ. Հայաստանում տեղի ունեցած մեծ ողբերգության՝ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշա­տակի երեկոյին և պարգևներ հանձնելու «Ղազախ­ս­տա­ն» բժշկասանիտարա­կան գնաց­քի աշխատակիցներին, ովքեր մեկ տարի շարունակ բուժօգնություն էին ցուցա­բերում տարերային այդ աղետի զոհ դարձած մարդկանց և օրհասական պահին անգնահատելի ծառայություն մատուցում եղբայրական հայ ժողովրդին։ Պատվիրակության կազմում էին նաև ԱՊՀ հայ համայնքների հետ կապերի վարչության պետ Թ. Ներսիսյանը, ԱԺ պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շ. Պետրոսյանը, երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո)։

Ողջունելով ներկաներին և հաղորդելով ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հակոբյանի ողջույնի և բա­րե­մաղթանքների խոսքը՝ Ս. Սրապիոնյանն ասաց, որ սարսա­փելի է պատկերացնելն անգամ, թե ինչ կկատարվի մեր փոքրիկ մոլորակում, ե­թե նրա­նից պակասեն մարդասիրությունն ու կարեկցանքը, սրտացավությունն ու անձ­նվիրու­թ­յունը։ Հենց մարդկային այդ բարձր առաքինություններն էին առաջնորդում Ղա­զախս­տա­նի իշխանություններին, «Ղազախստան» բժշկասանիտարական գնացքի կազ­­մա­կեր­­պիչներին և անձնակազմին, ովքեր 1988 թ. երկրաշարժի արհավրալից օրերին ա­ռաջինն արձագանքեցին բնության տարերքից պա­տուհաս­ված մեր ժո­ղովրդի կանչին և շուրջ երկու տարի աղետի գոտում տարաբնույթ բարեգոր­ծական աշ­խատանքներ իրա­կանացրին՝ մարդասիրական օգնություն ցուցա­բերելով տուժածներին, կազմա­կերպելով Սպիտակի բուժ­սպասարկումը։

 «Մարդասիրությունն ու բարեգործությունը աշխարհագրական սահմաններ ու ժա­մանակ չեն ճանաչում։ Եվ այսօր՝ 1988 թ. արհավիրքից 26 տարի անց, մենք եկել ենք՝ հայ ժողովրդի անունից մեր խորին երախտագիտությունը հայտնելու ձեզ՝ օրհասական այդ օրերին մեր կողքին կանգնելու, մեր վերքերին սպեղանի դնելու, մեր խոցված հոգու ցավը մեղմելու և, ի վերջո, ձեր մեծ հոգու և սրտի համար։ Մեր լուռ խոնարհումն ու հարգանքների հավաստիքը ձեզ»։

Ս. Սրապիոնյանը ՀՀ Նախագահի և ՀՀ վարչապետի շնորհակալագրեր, Սփյուռքի նախարարության մեդալներ, Առողջապահության նախարարության, ինչպես նաև Սպի­տակի և Գյումրու քաղաքապետարանների պատվոգրեր և հուշանվերներ հանձնեց «Ղազախ­ստան» բժշկասանիտարական գնացքի շուրջ և բուժաշխա­տող­ների 45 նախաձեռնողների ։

Ներկաներին ողջունեցին նաև Թևոս ներսիսյանը, Շուշան Պետրոսյանը, Ղազախ­ստա­նի տարբեր մարզերի հայկական համայնքային կառույցների ղեկավարները, իսկ հետո թևածեց հայկական երգը, որը հիացական բացականչություններով և ծափողջույն­ներով ընդունվեց ներկաների կողմից։

«Ինձ համար մեծ պատիվ է պարգևներ ստանալ աշխարհին Կոմիտաս և Ազնավուր տված ժողովրդի իշխանությունների կողմից։ Ես Ձեր տաղանդաշատ ժողովրդի լավագույն բարեկամն ու ջերմ երկրպագուն եմ»,- ասաց 1987-91 թթ. Ղազախստանի ԽՍՀ առողջապա­հության նախարար Տալապկալի Իզմուխամբետովը։

Ներկաներն իրենց խոսքում նշեցին, որ առանձնապես ոգևորիչ է Ալմաթիում հայտնի գործարար Էռնեստ Վարդերեսյանի ստեղծած «Մասիս» կենտրոնի շուրջ հայկական համայնքի հա­մախմբվելը, քանի որ նմանատիպ կառույցների ստեղծումը օգնում է ազգային մշակույթի տարածմանը և հայ-ղազախական բարեկամության խորացմանը։ Նրանք  վստահություն հայտնեցին, որ Ղազախստանի հայկական համայնքը այսուհետ նույնպես իր գիտական, մշակութային, հոգևոր և կրթական ողջ ներուժը ի սպաս կդնի հայապահպանության գործին և հայ-ղազախական՝ պատմության քննությունը բռնած բարեկամությանը։

02 03 04 05

Scroll Up