«Կոմիտաս» քառյակը Կոմիտասի 145-ամյակին նվիրված համերգաշարով է հանդես եկել Նորվեգիայում և Դանիայում

Նոյեմբերի 20-ին Օսլոյի Հոլոքոստի և կրոնական փոքրամասնությունների ուսումնասիրությունների նորվեգական կենտրոնում տեղի ունեցավ Կոմիտասի անվան լարային քառյակի համերգը, որը նվիրված էր քառյակի 90-ամյակին և Կոմիտասի 145-ամյակին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Համերգը կազմակերպել էր Դանիայում ՀՀ դեսպանությունը և Նորվեգիայի Հայ մշակութային միությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:Նոյեմբերի 21-ին «Կոմիտաս» քառյակը ելույթ ունեցավ Կոպենհագենի «Mogens Dahl» համերգասրահում, իսկ նոյեմբերի 23-ին` Դանիայի Գյուլինգ քաղաքի եկեղեցում:

Կոպենհագենում համերգային ծրագրի առաջին մասում քառյակի հետ միասին հանդես եկավ Դանիայում հանրաճանաչ դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը:
Աշխարհում ամենահին գործող քառյակի տաղանդաշատ երաժիշտները բարձր արվեստով ներկայացրին Կոմիտասի և համաշխարհային դասականների մի շարք հայտնի ու սիրված ստեղծագործություններ` արժանանալով ունկնդիրների հիացմունքին:

Հոլոքոստի կենտրոնում համերգի ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ Դանիայում և Նորվեգիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը, ով ներկայացնելով Կոմիտաս Վարդապետին ու «Կոմիտաս» քառյակին` նշեց, որ Կոմիտասի երաժշտությունը մարդուն մոտեցնում է Աստծուն, Աստծուն էլ` մարդու հոգուն ու սրտին, իսկ «Կոմիտաս» քառյակը փոխությունների հզոր ուժ է, և նրանց երաժշտությունը տանում է մարդկության վիճահարույց անցյալ և ետ բերում ներկա, ինչպես նաև օգնում է հավատալ ավելի լավ ապագային:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին` դեսպան Աղաջանյանը նշեց, որ քանի դեռ Հայոց ցեղասպանությունը չի ընդունվել այն իրականացնողների կողմից, կմնա որպես ցավագին հիշեցում: Մենք բոլորս համընդհանուր բարոյական պարտականություն ունենք` հիշելու պատմության սև էջերը, ճանաչելու դրանք և բարձրաձայն գնահատական տալու, թե ինչ է տեղի ունեցել, և ինչ կարող է տեղի ունենալ ճիշտ չգործելու դեպքում, քանի դեռ աշխարհում կա բռնության քաղաքականություն, որը բաց դուռ է հանդիսանում նոր ոճիրների ու ցեղասպանությունների համար:

Իր ելույթում Հոլոքոստի կենտրոնի տնօրեն Գուրի Հյելտնեսը նշեց, որ իրենց համար պատիվ է հյուրընկալել «Կոմիտաս» քառյակին, որի հետ ժամանակին հանդես են եկել այնպիսի մեծեր, ինչպիսիք են Սվյատոսլավ Ռիխտերը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Լեոնիդ Կոգանը և շատ ուրիշ աշխարհահռչակ երաժիշտներ:

Տնօրենը շեշտեց, որ 2006թ. Հոլոքոստի կենտրոնի հիմնադրվելուց հետո իրենց կողմից անցկացված առաջին միջոցառումներից մեկը նվիրված է եղել Հայոց ցեղասպանությանը:

Scroll Up