Եփրեմ Բաղ. «Մեր արմատները Սասունում են ու դժվար է այդ արմատից պոկվելը…»
Եփրեմ Բաղը ոսկերիչ է, «Bag» ոսկերչական ընկերության նախագահը: Եվ այն երջանիկ հայերից մեկը, ով ծնվել է Սասունում.
– Սասունի Նիճ գյուղում եմ ծնվել`1957 թվականին: 15 տարի Սասունում եմ ապրել, այնուհետև տեղափոխվել եմ Պոլիս:
– Սասունում հայեր շա՞տ կան:
– Շատ, ամեն գյուղի մեջ 50-60 տուն կա, որից 15-20 տունը հայ են: Սասունում գյուղեր կան, որտեղ բոլորն են հայ: Սակայն, հատկապես վերջին տարիներին շատերը տեղափոխվեցին Պոլիս, մի մասը քրդացավ:
– Նրանք հայերե՞ն են խոսում:
– Այո, Սասնո բարբառով:
– Ցեղասպանությունից հետո ինչպե՞ս են մնացել Սասունում:
– Անմատչելի է Սասունը, ամենուր սարերն են, այդ պատճառով հայերը շատ չկոտորվեցին: Եվ յուրաքանչյուրն իր պատմությունն ունի, կենդանի մնալու, ապրելու իր ոդիսականը: Բայց մեկ բան բոլորի համար ընդհանուր է եղել` դժվարությունները: Ցեղասպանությունից հետո շատ դժվար էր Սասունում շարունակել ապրել:
Շատերին քուրդ աղաներն են փրկել, պահել, պաշտպանել: Հայերը լավ արհեստավորներ են, իսկ նրանց այդպիսի մարդիկ հարկավոր են եղել, այդ պատճատով էլ օգնել են թաքնվել:
Մեր պապերը երեք օր իրենց համար էին աշխատում, չորս օր` գյուղի քուրդ աղաների: Նրանք ուրիշ ճամփա չունեին, ուրիշ տեղ փախչելու ճար չունեին: Իրենց կյանքի գնով շարունակել են ապրել, մի մասն էլ կրոնափոխ է եղել:
Այսպես եմ հիշում իմ մանկությունը:
– Ասացիք, որ մի մասը կրոնափոխ է եղել, մյուսները` ոչ: Հետաքրքիր է, ինչո՞ւ:
– Գործող եկեղեցի չի եղել, որը կարող էր մարդկանց միավորել: Կրոնափոխ էին լինում նաև երբ քրդերը մեր աղջիկներին էին փախցնում:
Այն ժամանակ մեքենա, օդանավ չկար, որը կհեշտացներ մարդկանց տեղաշարժը: Շատերն են սպանվել: Իսկ երբ կյանքի ու մահվան ընտրության առջև են կանգնել, շատերը նախընտրել են կրոնափոխ լինել, բայց կենդանի մնալ: Ու նրանց ոչ ոք մեղադրել չի կարող:
Ու երբ այսօր նրանց հարցնում ես, թե Ձեր պապերը հայ են եղել, քրիստոնյա, ինչու դուք կրոնափոխ եղաք, ասում են, որ արդեն վարժվել են այդ կերպ ապրելուն, թեև գիտեն, որ հայ են: Մի մասը, թեկուզ կրոնափոխ են, բայց պահում են իրենց հայկականությունը:
Օրինակ` իմ տատիկի եղբոր ընտանիքը քրդացել է և այսօր նրա ընտանիքը մոտ 200 անդամ ունի: Նրանց մոտ, սակայն, մի չգրված օրենք կա. իրենց երեխաներին միմյանց հետ են ամուսնացնում, քրդերին աղջիկ չեն տալիս, որ «դուրս» չգնան:
-Իսկ շարունակո՞ւմ են Սասունի բարբառով խոսել:
– Միայն մեծերը:
– Դուք ինչպե՞ս որոշեցիք Ստամբուլ տեղափոխվել:
– Երբ տարիներ առաջ Մուշում երկրաշարժ եղավ, շատերը հեռացան Պոլիս, մենք նրանց մեջ էինք: Այլապես, հատկապես այդ տարիներին, չէինք կարող Սասունից Պոլիս տեղափոխվել:
Բայց Սասունում գտնվող մեր հողերը չենք վաճառել: Բոլոր հայերի հողերը Սասունում են, անգամ մեր ծննդյան վկայականներն ենք Սասունում թողել:
– Ստամբուլի կյանքին հե՞շտ հարմարվեցիք:
– Ոչ, 42 տարի է` Պոլսում եմ ապրում, բայց դեռ չեմ վարժվել:
– Ինչո՞ւ:
– Չգիտեմ: Մեր արմատները Սասունում են ու դժվար է այդ արմատից պոկվելը:
– Փաստորեն, կարոտում եք Սասունը:
– Ինչպես կարող ես չկարոտել: Կարոտում եմ սարերը, ձորերը, օդը, Սասունի ամեն ինչն եմ կարոտում: Ճանապարհները շատ վատ են, բայց տարին մի քանի անգամ գնում եմ, 5-6 օր մնում եմ ու վերադառնում Պոլիս ու նորից սկսում կարոտել Սասունը:
Սասունի գյուղերում մարդիկ էլեկտրականություն չունեն, ճանապարհները շատ վատ են, ապրելու պայմանները շատ ծանր, բայց, մեկ է` սիրում ենք Սասունի ամեն բանը, հեռվից անգամ մեզ ձգում է: Սասունում մենք եկեղեցիներ ունենք, Մարութա սար ունենք…
Սասունում անասնապահությամբ էինք զբաղվում, արտ էինք ցանում: Դուք պետք է գնաք ու տեսնեք Սասունը: Մարդկանց հետ խոսեք, անգամ քրդերը կխոսեն հայերի ով լինելու մասին: Այնժամ կհասկանաք սասունցուն:
– Հայկականության շունչը զգացվո՞ւմ է:
– Ինչպե՞ս կարող է չզգացվել: Այնտեղ առ այսօր հայերը շարունակում են ապրել: Սարերի, դաշտերի, աղբյուրների անունները դեռ հայկական են: Բայց…, եթե նախկինում քրդերը քիչ էին, հիմա շատացել են: Մեր տեղը նրանք են զբաղեցրել:
– 1915 թվականից առաջ ի՞նչ է եղել Ձեր ազգանունը:
– Շառոյան է եղել: Բայց հետո դարձել է` Բաղ, որը այգի է նշանակում:
– Իսկ ոսկերչությամբ ինչպե՞ս սկսեցիք զբաղվել:
– Պոլսում հայերը հիմնականում ոսկերչությամբ են զբաղվում: Ես էլ այդ ճամփով գնացի, իսկ արդեն 1986 թվականին հիմնադրեցի «Bag» ոսկերչական ընկերությունը:
– «Սասուն» միությունը, որի անդամն եք դուք, ե՞րբ է ստեղծվել:
– Երեք տարի առաջ է ստեղծվել, Համահայկական խաղերի ժամանակ: Միությունը տարբեր նպատակներ է հետապնդում, բարեգործական նախաձեռնություններ իրականացնում, հայերենի ուսուցման դասընթացներ կազմակերպում: Բայց ամենակարևորը` մարդկանց միավորելն է:
Պոլսում 70 հազար հայ է ապրում, 20 հազարը սասունցի են: Բոլորը կապված են միմյանց, մեկը մյուսին ճանաչում է, աջակցում:
– Ձեր մեծ ծնողներից ի՞նչ եք լսել:
– Հայրիկիս մայրիկը պատմում էր, որ ընտանիքի 64 անդամներից երկուսն են փրկվել: Բոլորին սպանել են ու շատերի մահը իր աչքով է տեսել: Շատ դաժան օրեր է տեսել: Այդ մասին ամեն օր հիշում էր ու արտասվում:
Ես տատիկիցս շատ բան եմ սովորել: Նա քահանայի աղջիկ է եղել ու շատ բան գիտեր: Հայկական ամեն բան հիշում էր ու փորձում պահել:
– Հայաստանում հաճա՞խ եք լինում:
– 20 տարի առաջ եմ առաջին անգամ Հայաստան այցելել: Իսկ վերջին տասը տարին գրեթե ամեն ամիս գալիս եմ:
Մի երգ կա, հիշո՞մ եք` Քույրիկ ասա´, որն է ճամփան Բինգյոլի: Առաջ ո՞վ գիտեր Հայաստանի ճամփան, Պոլսի ճամփան անգամ չգիտեինք:
1974 թվականին հորեղբայրս Հայաստան եկավ, հանդիպեց Հայաստանում ապրող մեր հարազատներին: Այսօր էլ, Էջմիածնի Ապագա գյուղում ապրող հարազատներ ունենք:
Բայց այսուհետ մեր ճամփան Հայաստանն է: 15 տարի Սասունում եմ ապրել, 42 տարի` Պոլսում: Ցանկանում եմ մնացած տարիներն էլ Հայաստանում ապրել: Շատ դժվարություններ ենք տեսել, անգամ հիմա էլ Պոլսում հեշտ չէ ապրելը: Դրամ ունենք, աշխատանք, բայց կյանքը միայն դա չէ: Չունենք ամենակարևոր բանը` ապահովություն: Ցանկությունս է, որ այսուհետ մեր կյանքն ավելի լավ ապրենք: Մեր բարեկամներից շատերն են ցանկանում Հայաստանում ապրել, սիրում են Հայաստանը:
Պոլսում ոսկերչական արտադրամաս ունենք: Հայաստանում էլ կարող ենք նույն գործը հիմնել: Պիտի անպայման Հայաստան գամ…
Զրուցեց Լուսինե Աբրահամյանը