«Հայոց Ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» ցուցահանդես եւ գրքի շնորհանդես

«100-ամյակով ոչ սկսվում եւ ո՛չ էլ ավարտվելու է հայ ժողովրդի պահանջատիրությունը: Սա ընդամենը կարեւոր հանգրվան է, որպեսզի Հայոց ցեղասպանության ճանաչումից անցնենք դեպի հատուցման իրավական փուլ»:

Հայոց ցեղասպանության 100-ամյակի Թեհրանի հայոց թեմի հանձնախմբի ատենապետ Արմենուշ Առաքելյանի վերոնշյալ արտահայտությամբ, բացումը կատարվեց «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» ցուցահանդեսի եւ գրքի շնորհանդեսի, ներկայությամբ գրքի հեղինակ եւ Ծիծեռնակաբերդի թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի:

Հայոց ցեղասպանության 100-ամյակի Թեհրանի հայոց թեմի հանձնախմբի նախաձեռնությամբ, նոյեմբերի 14-ին, երեկոյան «Արարատ» մարզավանի «Վաչիկ Ղարաբեգյան» սրահում կազմակերպված ցուցահանդեսին, ներկայացվել էին 60 պատկերներ, որոնք արտացոլում էին հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրության կողմից իրագործված Ցեղասպանության վերաբերյալ ժամանակի միջազգային մամուլի առաջին էջերում լույս տեսած պատկերավոր հոդվածները, որոնցից յուրաքանչյուրը ուներ հակիրճ բացատրություն հայերենով, անգլերենով եւ պարսկերենով:

Հանձնախմբի ատենապետը իր բացման խոսքի մեջ նշեց, որ ցուցահանդեսում ներկայացված նմուշների մեջ տեղ են գտել նաեւ մի քանի նմուշներ` իրանական ժամանակի մամուլի էջերից:

Նա անդրադառնալով Ցեղասպանության իրողությունը այլ ազգերին ծանոթացնելու անհրաժեշտությանը` ավելացրեց. «Մեր աշխատանքներն առավելաբար ուղղված են պարսիկ հայրենակիցներին, որպեսզի նրանք իրազեկվեն եւ մասնակից դառնան Հայոց ցեղասպանության դատապարտմանը: Այդ առիթով հիշյալ ցուցահանդեսը կիրակի եւ երկուշաբթի, նոյ. 16-ին եւ 17-ին ցուցադրության է դրվել Թեհրանի «Արասբարանե մշակութային կենտրոնում»:

Ապա հրավիրվեց օրվա բանախոս գրքի հեղինակ Հայկ Դեմոյանը: Բանախոսը, նախ համապարփակ տողերով անդրադարձավ իր հեղինակած գրքի բովանդակությանը:

Նա նշեց, որ գրքում ներկայացված 9 երկրների թերթեր ժամանակին իրենց առաջին էջերում անդրադարձել են Օսմանյան կայսրության մոտ բռնության մշակույթին եւ ավելացրեց. «Գրքի ու ցուցադրության հզորությունը կայանում է նրանում, որ կարող ենք ուղղակի ցուցադրել առանց որեւէ լրացուցիչ մեկնաբանության»:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը ավելացրեց, որ գիրքը իր 12-րդ մենագրությունն է եւ դա համարեց իր աշխատանքի կիզակետը, որը 8 տարիների հետեւողական ջանքերի արդյունքն է:

Իր արտահայտությունների 2-րդ բաժնում նա խոսեց այն մասին թե Մեծ Եղեռնի 100-ամյակի սեմին ինչ աշխատանքներ են տարվել, ինչ ծրագրեր կան հաջորդ տարվա համար եւ ընդհանրապես որն է համահայկական ռազմավարությունը:

Նա ավելացրեց, որ թանգարանը փորձել է նոր ռազմավարություն մշակել Հայոց ցեղասպանության թեմայի պատկերագրությունը շրջանառության մեջ դնելու համար, որը վերաբերում է թե՛ մամուլի առաջին էջերին, թե՛ գրականությանը, եւ թե՛ մինչ օրս անհայտ լուսանկարներին եւ կինոնկարներին: Բանախոսը նշեց, որ հաջորդ տարի թանգարանը հանդես է գալու 25 տարբեր խորագրերով եւ նյութերով, ժամանակավոր ցուցադրություններով եւ ցուցահանդեսներ են լինելու տարբեր երկրներում: Բանախոսը թանգարանի առաքելությունը համարեց թե՛ Սփյուռքին, թե՛ հայաստանյան հաստատություններին նյութ մատակարարել Հայոց ցեղասպանության մասին:

Հայկ Դեմոյանը տարվող բոլոր աշխատանքների գլխավոր նպատակը համարեց այն, որ պետք է ունենալ թիրախ լսարաններ եւ ավելացրեց. «Մեր ռազմավարության մեջ պետք է նկատի ունենանք 3 լսարաններ: Առաջինը միջազգային լսարանը: Մենք ցանկացած երկրի հիշողության եւ պատմության հետ ագուցված պետք է ներկայացնենք Ցեղասպանության թեման: 2-րդ լսարանը` թուրքականն է, իսկ 3-րդը` հայկականը, եւ մենք պետք է մրցունակ եւ հոգեբանորեն ուժեղ սերունդ դաստիարակենք թե՛ Սիփյուռքում, թե՛ Արցախում, եւ թե՛ Հայաստանում»:

Նա հանգամանորեն անդրադարձավ Հայաստանում Հայոց ցեղասպանության պետական հանձնաժողովի աշխատանքներին: Ինչպես նաեւ կարեւորությամբ անդրադարձավ միասնական աշխատանքները ընդլայնելու անհրաժեշտությանը եւ ավելացրեց, որ բոլոր աշխատանքների հիմնական նպատակը եւ ռազմավարությունը պետք է ուղղված լինեն Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ու մի խոսքով համահայկական անվտանգությանը եւ միասնական դարձնել մոտեցումները: Բանախոսը այսպես եզրափակեց իր ելույթը. «Մեր նոր սերունդը պետք է գիտակցի իր առաքելության կարեւորությունը, պետք է միասնաբար աշխարհին ապացուցենք, որ մեզ բաժան-բաժան անելը անհնար է»:

Ելույթի ավարտին պրն. Դեմոյանը հանգամանալից պատասխանեց-լուսաբանեց հարցումներով հանդես եկող լսարանին մասնակից մի քանի ազգայինների:

Օրվա միջոցառմանը ներկա էին նաեւ Իրանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը եւ դեսպանության աշխատակազմը, Իսլ. խորհրդարանում իրանահա զույգ պատգամավորները, հարանվանությունների, ազգային իշխանության ու մարմինների ու միությունների, «Ալիք» հաստատության ներկայացուցիչները եւ հրավիրյալներ:

560197_627903380652031_1413269417935837565_n 10388066_627903180652051_601398060041612234_n 10624821_627903247318711_9136873449335718593_n

Scroll Up