ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ համահայկական մրցանակաբաշխության վերաբերյալ մամուլի ասուլիս

Նոյեմբերի 12-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ մամուլի ասուլիս «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար»  2014թ. մրցանակաբաշխության վերաբերյալ, որը իրականացնում են Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը:

Մամուլի ասուլիսը վարեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, համահայկական ծրագրերի վարչության պետ Արմեն Անդրեասյանը, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Արամ Սարգսյանը:

Ողջունելով լրագրողներին՝ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը մասնավորապես նշեց. «Ուրախալի է, որ արդեն հինգերորդ տարին ՀՀսփյուռքի նախարարությունը համագործակցելով Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ անցկացնում է համահայկական մրցանակաբաշխություն, որի նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման գործում սփյուռքի կազմակերպությունների, տարբեր խմբերի, առանձին անհատների ունեցած ներդրումը, հավուր պատշաճի գնահատել և արժևորել այս ուղղությամբ հայկական համայնքների գործունեությունը»: 

Իր ելույթում Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Արամ Սարգսյանը կարևորեց 2008թ. անցկացվող մրցանակաբաշխության նշանակությունը հայապահպանության գործում: Նա նշեց, որ անհրաժեշտ է խրախուսել համահայկական կառույցներին, կրթօջախներին, որպեսզի ավելի ակտիվ, արդյունավետ աշխատեն սփյուռքում հայերի նոր սերունդներին հայ պահելու համար:

Նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Արմեն Անդրեասյանը ներկայացրեց 2014թ. մրցանակաբաշխության անվանակարգերը, մրցույթների պայմանները և վերջնաժամկետը: Նա նշեց, որ «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար»  2014թ. մրցանակաբաշխության շրջանակներում կանցկացվեն մրցույթներ «Մայրենիի պաշտպան», «Լավագույն ամենօրյա կրթօջախ», «Լավագույն լրատվամիջոց», անվանակարգերում և «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված շարադրությունների մրցույթ:

Վերջում բանախոսները պատասխանեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

unnamed (1) unnamed (2) unnamed

Scroll Up