Արգենտինայի Լանուս քաղաքում անցկացվել է հայկական պարերի փառատոն
Արգենտինայի Լանուս քաղաքի հայկական Խրիմյան դպրոցն ընտրվել է այն հարթակը, որտեղ յուրաքանչյուր տարի անցկացվում է հայկական պարերի փառատոնը: Եռօրյա փառատոնի մեկնարկին ներկա են գտնվել Լանուսի քաղաքապետ Դարիո Դիաս Պերեսը, Լանուսի պատգամավոր Կարինա Նազաբել Հեկտոր Բոնֆիգիլիոն, տեղական խորհրդի նախագահ Ռոբերտո Կրովելան, դպրոցի շրջանավարտներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով PrensaArmenia.com-ը, փառատոնի մասնակիցների թիվը գերազանցել է հազարը: Փառատոնի ընթացքում ներկայացվել են հայկական ազգային ավանդական պարեր, երգեր ու երաժշտություն` ներկայացումների եւ լուսային շոուների ուղեկցությամբ:
Հայկական Խրիմյան դպրոցը հիմնվել է 1930թ. եւ իր դռները բացել է Հայոց ցեղասպանությունից հետո Արգենտինա ապաստանած հայ գաղթականների համար: Դպրոցը հայկական կրթություն տրամադրելուն զուգահեռ նաեւ լուրջ մասնակցություն ունի քաղաքի հասարակական կյանքում: Մասնավորապես, այն լուրջ դերակատարում ունի մարդու իրավունքների պաշտպանության, ազգային մշակույթի պահպանման եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերում: