Չինաստանի քաղաքները միացել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին

Ապրիլի 24-ին Չինաստանում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Չինաստանում ՀՀ դեսպանությունից:

Միջոցառմանը մասնակցել են Չինաստանի տարբեր քաղաքաներում բնակվող հայեր, այդ թվում` հայ ուսանողներ և գործարարներ: Դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի է ունեցել մոմավառություն, ծաղիկների զետեղման և խնկարկման արարողություն: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Դեսպանության ընդունելությունների սրահում ցուցադրվել է Հայոց Ցեղասպանության վերաբերյալ փաստավավերագրական «Տատիկիս դաջվածքները» ֆիլմը:

Միջոցառման ընթացքում ուսանողներն ասմունքել են` ներկայացնելով Ցեղասպանության մասին հայ գրողների ստեղծագործություններ: Այնուհետև հայ ռեժիսոր Ռուբեն Գինեյը ներկայացրել է հատվածներ իր՝ «Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմից, որին հաջորդել է ընդունելություն:

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել նաև Շանհայ և Հոնկոնգ քաղաքներում, որտեղ կազմակեպվել են նկարների ցուցադրություններ և ֆիլմի դիտումներ: Ապրիլի 25-ին Նանկին քաղաքում կայացել է հայ դասական երաժշտության երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ապրիլի 24-25-ին Չինաստանի Նանջինգ և Շանհայ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակման և ոգեկոչման արարողություններ: Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացրին Չինաստանում հայկական միությունից, Հայոց ցեղասպանության հիշատակման հիմնական միջոցառումները տեղի են ունեցել Նանջինգ քաղաքում: Նանջինգն ընտրված էր որպես ցեղասպանության հիշատակման կենտրոն, քանի որ 1937թ. ճապոնացիները Նանջինգում կոտորել են 300 հազար չինացիների և ինչպես Հայոց ցեղասպանության դեպքում, այպես էլ Նանջինգի կոտորածների դեպքում՝ կազմակերպիչները չեն ընդունում իրենց մեղավորությունը:

Չինաստանում հայկական համայնքի անդամներն այցելել են Նանջինգի Ցեղասպանության թանգարան և ծաղիկներ դրել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության և Նանջինգի կոտորածների զոհերի հիշատակի: Նանջինգի արվեստի համալսարանի ցուցասրահում կայացել է գեղանկարիչ Սեվադա Գրիգորյանի «Զարթոնք» խորագիրը կրող նկարների ցուցահանդեսը, որը ներկայացնում է հայկական գաղթը և հայրենիք վերադառնալու մեծ երազանքը: Ներկաներն ունկնդրել են Հայոց ցեղասպանության խորհրդանիշներից մեկը հանդիսացող «Դլե յաման» ստեղծագործությունը, որը կատարել է դուդուկահար Վահե Դեր Հովակիմյանը:

Նանջինգի արվեստի համալսարանի մեծ համերգասրահում դաշնակահար Միքայել Հայրապետյանը հանդիսատեսին է ներկայացրեց «Հայաստանի գաղտնիքները» դաշնամուրային համերգային ծրագիրը, որը ներկայացնում է հայ կոմպոզիտորների դասական երաժշտության ստեղծագործությունները: Համերգից հետո ցուցադրվել է Միքայել Հակոբյանի` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Գետը հոսում է կարմիր» ֆիլմը: Ապա Չինաստանի հայկական համայնքի անդամները ներկայացրել են իրենց նախնիների՝ ցեղասպանության մասին պատմած տեղեկությունները՝ հաստատելով, որ հիշում են և պահանջում:

Միջոցառումներին մասնակցել են Գուանջոում, Շենժենում, Հոնկոնգում, Նանջինգում, Պեկինում, Շանհայում, Սուջոյում, Տիանճինում, Սիանում, Ֆոշանում  բնակվող հայերը: Միջոցառումները կարևորվում են նրանով, որ դրանց մասնակցել են հարյուրավոր չինացիներ և այլազգիներ, ովքեր ստացել են Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվություն, ծանոթացել հայկական արվեստին:

Շանհայի կենտրոնում ևս անցկացվել է Հայոց ցեղասպանության հիշատակման երեկո, որն ավարտվել է ցեղասպանության զոհերի հիշատակին կազմակերպված մոմավառությամբ:

Scroll Up