Ցեղասպանության 100-րդ տարելիցին Թեքեյանը պիտի ներկայացնե «Դատարանն է, Ոտքի՛ …»

Հանդուգն քայլ մը եւս Թեքեյան Մշակութային Միության կողմե նախաձեռնված` Միության Նյու Յորքի «Մհեր Մկրտչյան» թատերախումբը պիտի ներկայացնե հայրենի թատերագիր Պերճ Զեյթունցյանի գլուխ գործոցներեն «Դատարանն է, Ոտքի՛ …»  (Ոտքի դատարանն է գալիս) թատերախաղը, որ պատմությունն է Թալեաթը զգետնող հայ վրիժառվին` Սողոմոն Թեհլերյանի դատական գործընթացին Պերլինի մեջ:  Մարտ 14, 1921ին ան իր ազգին ու ընտանիքին վրեժն էր որ կլուծեր Թալեաթը ճակատեն սպաննելով:

Այս նպատակին իրագործման համար, Թատերախումբի վարչությունը, հատկապես Փարիզեն հրավիրած է տաղանդաշատ բեմադրիչ Ժիրայր Բաբազյանը զայն բեմադրելու համար:  Բեմ պիտի բարձրանան  ամեն տարիքե եւ սեռե 25 դերասաններ:  Թատերախումբին մնայուն անդամներուն կողքին, պիտի մասնակցին նաեւ քանի մը նոր դերասաններ, որոնց մեջ է նաեւ 92ամյայ մեծ հայրիկ մը, որ կու գա այս ներկայացումին բերել իր ալ մասնակցությունը որպես ավագ սերունդի ներկայացուցիչ` հարյուրամյակի հիշատակության համազգային մեր ցույցին:

Արդեն իսկ երկու ամիսե ի վեր սկսած են փորձերը Թեքեյանի սրահին մեջ:  Դերաբաշխումն ու բեմադրությունը կատարված են եւ թեքնիք աշխատանքներուն լծված են 20ի մոտ երիտասարդներ, որոնք լույսի, զգեստավորման, ձայնի, երաժշտության, բեմայարդարման համար կբերեն աննախընթաց նորություններ:

Ներկայացումը տեղի պիտի ունենա Ապրիլ 12, 2015ին, Կիրակի օր կեսօրե ետք, Մենհեթընի «Սիմֆընի Ըսփեյս» թատերասրահին մեջ, հովանավորությամբ` Արեւելյան Ամերիկայի Ցեղասպանության Հարյուրամյակի Կեդրոնական Հանձնաժողովին:

Այս առթիվ, կծրագրվի Երեւանեն հրավիրել հեղինակը` Պերճ Զեյթունցյան:  Ինչպես նաեւ` կան տարբեր այլ հետաքրքրական ծրագիրներ կապված այս ներկայացման հետ:

Հասնելու համար անգլիախոս ամերիկահայ մեր սերունդին, ինչպես նաեւ`  օտար հանդիսատեսներուն, կմշակվի անգլերեն լեզվով մասնավոր պաստառի վրա լուսարձակել խոսակցությունը դերասաններուն:

Թատերախումբի վարչությունը ամեն ճիգ ի գործ դնելով, բոլորանվեր աշխատանքով կհետեւի տարված աշխատանքներուն:  Նյութական մեծ հանձնառություն մըն է որ նախաձեռնած է Թեքեյանի Մեծագույն Նիվ Եորքի մասնաճյուղը, հավատալով որ  թատերախումբը հանրության պիտի հրամցնե  որակավոր մշակութային ներկայացում մը:

Ամեն կասկածե վեր է, որ սույն ներկայացման հաջողության համար, մեր ժողովուրդը սատար պիտի հանդիսանա բարոյապես ու նյութապես թատերախումբին կատարած գործունեության, հետեւաբար Միության վարկին եւ այս մեծ ոստանին վայել մակարդակով,  ան պիտի ներկայանա թատերասեր հասարակության:

Հառաջիկա ամիսներուն, դարձյալ անդրադարձ մը պիտի կատարվի այս թատերախաղին հետ կապված այլ զարգացումներուն մասին:

ՀԱԿՈԲ ՎԱՐԴԻՎԱՌՅԱՆ

Նիվ Եորք

Scroll Up