Վիրահայ համայնքը նշեց Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցը

Ապրիլի 24-ին Վրաստանի հայությունն իր խոնարհումը բերեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների 100-րդ տարելիցին:

Մարդկանց հոսքը դեպի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի սկսվեց դեռևս վաղ առավոտյան՝ մասնակցելու  մատուցվող հիշատակի Սուրբ պատարագին:

Պատարագին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուրի Վարդանյանը, դեսպանության դիվանագետներն, Վրաստանում Ավետարանական-լյութերանական Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Հանս-Իոիահիմ եպիսկոպոս Կիդերլենը, Վրաստանի Ավետարանական-Մկրտական Եկեղեցու հոգևոր հայր Տեր Մալխազ եպիսկոպոս Գափրինդաշվիլին, հայ հասարակական գործիչներ, մտավորականներ, համայնքային կառույցների ղեկավարներ, թբիլիսաբնակ և շրջաններից ժամանած հայեր:

 Պատարագիչ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը օրվա խորհրդի մասին քարոզի խոսքում հիշատակեց նախորդ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սրբադասված մեկուկես միլիոն նահատակներին՝ սուրբեր, որ դարձան հայ ժողովրդի պահապանները երկնքում: Հոգևոր հայրը երախտիքի խոսք  ուղղեց այն երկրներին, ովքեր ապաստանել են ցեղասպանությունից փրկվածներին, շնորհակալություն հայտնեց այն երկրներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք ճանաչել ու դատապարել են Հայոց ցեղասպանությունը:

Տեր հայրը շնորհակություն հայտնեց քույր՝  Հռոմեական-Կաթոլիկ, Ավետարանական-Լյութերանական և Ավետարանական-Մկրտական Սուրբ եկեղեցիներին, որոնք  Հիշատակի Պատարագին իրենց ներկայությամբ ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը բարձր գնահատեց վիրահայության խոնարհումը իր ազգի նահատակների հիշատակի առջև, ում ոչ անձրևն ու քամին, ոչ էլ լրատվամիջոցների ահազանգերը չվախեցրեցին, և նրանք այսօր այստեղ են, աղոթում են իրենց նախնիների հիշատակի համար:

Սուրբ պատարագից հետո, ներկաները ծաղկեպսակ դրեցին ու ծաղիկներ խոնարհեցին եկեղեցու բակում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարին, հոգևոր դասը շարականներ երգեց, իսկ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը կատարեց Ցեղասպանության 100-րդ տարելիցին  նվիրված «Հրաշակերտ բազմություն» շարականը:

Այնուհետև ժողովուրդը բողոքի պաստառներով, ՀՀ և Վրաստանի պետական և համայնքային դրոշներով շարժվեց  Թբիլիսիում Թուրքիայի Հանրապետության դեսպանություն, որտեղ կազմակերպվեց բողոքի խաղաղ հանրահավաք: Բազմամարդ էր հանրահավաքը, որին մասնակցեցին Թբիլիսիի հայկական կազմակերպություններ, այլ համայնքների ներկայացուցիչներ, Վրաստանի հայաբնակ շրջաններից հատուկ ժամանած հայեր: Բողոքի ակցիային իրենց մասնակցությունն էին բերել վրաց քաղաքական գործիչներ, ովքեր դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, վրաց իշխանություններին կոչ արեցին միանալ հայերին,հարգել Վրաստանի հայ համայնքի դիմումը, ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը՝ նման ոճրագործությունները կանխելու նպատակով: Հանրահավաքը, որ ընթանում էր տարբեր լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, վրացերեն, անգլերեն, թուրքերեն ու եզդերեն, դարձավ պահանջատիրոջ իրավունքով դատապարտման, ճանաչման և հատուցման ոգեկոչում: Ժողովուրդը հանդես եկավ բողոքի բանաստեղծությունների, նաև հայրենասիրական երգերի կատարումներով:

Հավելենք, որ ապրիլի 24-ին հիշատակի պատարագ, բողոքի ակցիաներ և խաղաղ հանրահավաքներ տեղի ունեցան Վրաստանի բոլոր հայաբնակ քաղաքներում, շրջաններում և գյուղերում:

Խաղաղ հանրահավաքը լուսաբանվեց Վրաստանի զանգվածային լրատվամիջոցներով:

Վիրահայոց թեմը  շնորհակալություն է հայտնում Վրաստանի ներքին գործերի նախարարությանը՝ ապրիլի 23-ին և 24-ին անցկացված միջոցառումների ընթացքում անվտանգությունն ապահովելու համար:

v6v5v3v2

Scroll Up