Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը

Հոկտեմբերի 31-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ կայացավ նախարարին կից ատյանի նիստը:

«Արի տուն» հայրենաճանաչության 2014 թվականի ծրագրի վերաբերյալ զեկուցեց համահայկական ծրագրերի վարչության պետ Ա.Անդրեասյանը:

Նա նշեց, որ 2014 թ. «Արի տուն» ծրագիրն իրականացվել է 8 փուլով՝ հունիսի 15-ից օգոստոսի 30-ը: Այս տարի հյուրընկալվել է 1071 սփյուռքահայ երիտասարդ՝ աշխարհի 31 երկրից: Առաջին անգամ ծրագրին մասնակցել է Դիարբեքիրից իսլամացած հայերի քառասուն հոգանոց խումբը: Ծրագրին մասնակցեցին նաև՝ Արցախից 80 պատանիներ և աղջիկներ: 2014 թ. Սիսիանը Երիտասարդության մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ  ծրագրին Սիսիանից մասնակցեց 16  երիտասարդ:

Զեկուցողը կարևորեց Երևանի քաղաքապետարանի և  վարչական շրջանների, մարզպետարանների հետ համագործակցությունը, որոնք արդեն մի քանի տարի շարունակ աջակցում են ծրագրին: «Այս տարի Երևանի վարչական շրջաններից սփյուռքահայ երեխաների հյուրընկալությամբ առավել աչքի են ընկել Դավիթաշեն, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Նոր-Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ վարչական շրջանները, Կոտայքի մարզում ՝ Պռոշյան, Եղվարդ, Արագածոտնի մարզում՝ Կարբի, Օշական, Արմավիրում՝ Արշալույս, Մուսալեռ, Արարատում՝ Փ. Վեդի, Ավշար, Վեդի, Տափերական, Արարատ, Մխչյան գյուղական համայնքները», – նշեց զեկուցողը և ավելացրեց. «Սփյուռքի երիտասարդության հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրն այսօր կայացած և առավել լայն ընդգրկմամբ համահայկական բնույթ ստացած նախագիծ է, որը կատարելագործվում, մեծ տարածում և ընդունելություն է գտնում աշխարհի բազմաթիվ երկրներում, դառնում շատ համայնքներում հայ երիտասարդ սերնդի՝ ազգային ինքնության պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների բաղկացուցիչ մաս, հայրենաճանաչության, հայապահպանական  հաստատուն և արդյունավետ ծրագիր, և, Հայրենիքի հիմնական այցեքարտը՝ Սփյուռքի պատանիների ու երիտասարդների համար»:

ՀՀ սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց ծրագրի կազմակերպիչներին և հանձնարարեց. «Պետք է մրցույթ կազմակերպել և խրախուսել լավագույն համայնքներին, լավագույն ընտանիքներին: Պետք է ընդլայնել ծրագրի աշխարհագրությունը, ընդգրկել նոր տարածքներ, ավելացնել հայերենի ուսուցման ժամերը, ավելի հետաքրքիր ու բազմազան դարձնել երեխաների առօրյան: 2015թ. մեր աշխատանքի թիրախը պետք է լինի Արևմտյան Հայաստանից Հայրենիք եկողների թիվն ավելացնելը»:

Օրակարգի համաձայն ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական II փառատոնի իրականացման վերաբերյալ   հաշվետվություն ներկայացրեց               «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի գեղարվեստական ղեկավար  Ս. Հարոյանը: Նա մասնավորապես նշեց. «Պարարվեստի  օրերի» շրջանակներում Հայաստան ժամանած  12 երկրների  37 պարախմբեր ելույթներով  հանդես  եկան Երևանում, Ստեփանակերտում, Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում, Արտաշատում, Արարատում,  Սիսիանում, Աբովյանում: Առանձին մենահամերգներով  Երևանում հանդես եկան  Ավստրալիայի «Նաիրի»,  Կանադայի «Անի» և ԱՄՆ-ի «Զվարթնոց» պարախմբերը:

«Իմ Հայաստան» համահայկական II փառատոնի «Խմբերգային արվեստի օրերի»  բացման  արարողությունը նվիրված էր  աշխարհահռչակ խմբավար, ԽՍՀՄ Պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի 85-ամյա հոբելյանին: Երգչախմբերը ելույթներ ունեցան  Գյումրի, Վանաձոր, Էջմիածին քաղաքներում, Երևանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Առանձին մենահամերգներով Երևանում հանդես եկան Ստամբուլի «Լուսավորիչ դպրաց  դաս» և  ԱՄՆ-ի «Կոմիտաս» երգչախմբերը: «Իմ Հայաստան» փառատոնի  գլխավոր  առանձնահատկություններից մեկը արդեն ավանդական դարձող դուդուկի փառատոնն է, որն անցկացվեց սեպտեմբերի 20-24-ը: Մասնակցության հայտ  ներկայացրին   աշխարհի 5 երկրներից և Արցախից 14  դուդուկահարներ:

Ընդհանուր առմամբ փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ 58 համերգ, որից  5-ը բացօթյա, 3 ֆլեշմոբ,   բազմաթիվ մամլո ասուլիսներ, կլոր սեղաններ, վարպետության դասեր, էքսկուրսիաներ, հանդիպումներ: Այդ ամենի արդյունքում «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը ունեցավ շուրջ 50000    հանդիսական:

Փառատոնի շրջանակներում անցկացված լավագույն միջոցառումների մասին  կպատրաստվեն  DVD սկավառակներ, որոնք  կտարածվեն  Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի հաջողվածության խտացված արտահայտությունն է Իրանի Թեհրան քաղաքից ժամանած Փյունիկ Քեշիշյանի խոսքը. «Հայաստանը իմ անունն է,ազգանունն է, ինձ ուժ տվող զորությունն է: «Իմ Հայաստան» փառատոնը եղավ այն լուսավոր էջը իմ կյանքում, որ առավել ուժ ու կորով, սեր ու նվիրում ներշնչեց ինձ»:

Նախարարը նշեց, որ «Մշակութային խոշոր իրադարձություն լինելուց զատ, «Իմ Հայաստանը» նաև հայահավաքի, համայն աշխարհի հայությանը համախմբելու առաքելություն իրականացրեց: Փառատոնին մասնակցելու համար պատրաստվում են, երջանիկ են, որ մասնակցում են մեր ծրագրին, այդ մասնակցությունն իրենց համար վերածվում է տոնի»:

Նախարարը կարևորեց տարազների, նվագարանների, ամառային դպրոցի համապատասխան դասընթացների վերաբերյալ քննարկումների կազմակերպումը, փառատոնի մեթոդաբանական, գաղափարական հետազոտության իրականացումը՝ փառատոնի մասնակիցներին մասնագիտական օգնություն ցույց տալու նպատակով:

Ամփոփելով նիստը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց ամսվա ընթացքում կազմակերպված միջոցառումները, մասնակցությունը կարևոր իրադարձություններին:

 unnamed (1) unnamed (2) unnamed (3) unnamed

Scroll Up