ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Հայ-ամերիկյան խորհրդի ատենապետ Վազգեն Կալթակջյանին

Հունիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Հայ-ամերիկյան խորհրդի ատենապետ, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ Վազգեն Կալթակջյանին, ում ջանքերով Արցախի անկախությունը ճանաչող բանաձևը մուտք է գործել Լուիզիանայի նահանգային Սենատ:

Իր ողջույնի խոսքում նախարար Հ. Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Վազգեն Կալթակջյանին և Լուիզիանայում ապրող այն 100 հայ ընտանիքներին, ովքեր թեև փոքր համայնք են կազմել, սակայն ակտիվորեն մասնակցում են նահանգի հասարակական-քաղաքական կյանքին:

ԼՂՀ անկախության ճանաչման բանաձևը Լուիզիանայի հայ համայնքի առաջարկությամբ և տարած աշխատանքների շնորհիվ մայիսի 30-ին դրվել է քվեարկության: Չնայած թուրքական կողմի ճնշումներին՝ քվեարկությունը կայացել է և  բանաձևը հաջողությամբ ընդունվել է: Լուիզիանան ԱՄՆ-ի 4-րդ նահանգն է, որ նահանգային Սենատի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ բանաձև է ընդունել:

Scroll Up