Ինչո՞ւ է հայկական անցյալը քրդերի համար զգայուն հարց (տեսանյութ)

Թուրքիան պետք է առերեսվի Հայոց ցեղասպանության իրողության հետ, քրդերը ևս պետք է բարձրաձայնեն այդ ողբերգության մասին: Երևանում է Թուրքիայից ժամանած քրդական պատվիրակություն՝ քուրդ հասարակական գործիչ Իսմայիլ Բեշիքչիի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում է armnewstv.am-ը:

Բեշիքչին Թուրքիայում երկար տարիներ զբաղվում է քրդական հարցով, բարձրաձայնում քրդերի դեմ իրականացվող քաղաքականության մասին: Նա բազմիցս հայտարարել է, որ Հանրապաետական Թուրքիայում քրդերի վիճակը նման է 100 տարի առաջ Օսմանյան կայսրության հայերի դրությանը: Միջազգային հանրությունը մեծ հաշվով համարժեք չարձագանքեց, ինչպես չարձագանքեց 1890-ականներին, երբ հայերին կոտորում էին քրդական աշիրեթների ձեռքով:  

Դահլիճից դիտարկում հնչեց, որ ի տարբերություն հրեաների, հայերին ցեղասպանության են ենթարկել իրենց հայրենիքում և հայրենազրկել: Քուրդ գործիչը իր խոսքում մշտապես կիրառում է Քուրդիստան տերմինը, ինչի վերաբերյալ էլ ասվեց, որ նախընտրելի է կիրառել ավելի հին և ընդունելի պատմական Հայաստան կամ Արևմտյան Հայաստան տերմինը: Քուրդ գործիչը հիմնականում համաձայնվեց դիտարկման հետ:

Հայաստան ժամանած պատվիրակության կազմում է նաև հայտնի քուրդ քաղաքական գործիչ, Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը: Հենց Բայդեմիրի պաշտոնավարման շրջանում Դիարբեքիրի փոքրաթիվ հայերը, նաև ծպտյալ հայերը սկսեցին բարձրաձանել իրենց հայկական ինքնության մասին: Նույն շրջանում քաղաքապետարանի աջակցությամբ և հայերի ֆինանսավորմամբ վերակառուցվեց Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին: Քուրդ գործիչները ճանաչում են Հայոց ցեղասպանությունը: Ընդհանուր առմամբ Թուրքիայի քրդական քաղաքական շրջանակները բազմիցս հայտարարել են, որ ճանաչում են քրդական հարցի կողքին նաև հայկական հարցի գոյությունը: Բայց շատ հարցերում՝ հատկապես տարածքային, կա շահերի բախում:

Scroll Up