Արամ Օհանյանը և Ադրիանա Կարեմբոն իրենց հայաստանյան այցելությունները սկսեցին ՀՀ սփյուռքի նախարարությունից
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/10/unnamed-111.jpg)
Հոկտեմբերի 16-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց աշխարհահռչակ մոդել, հաղորդավարուհի ու Կարմիր խաչի դեսպան Ադրիանա Կարեմբոյին, ով ամուսնու՝ ֆրանսահայ հայտնի գործարար, ծննդով երևանցի Արամ Օհանյանի հետ Հայաստան է ժամանել՝ երկրին ավելի մոտիկից ծանոթանալու նպատակով, որին նա իր աջակցությունն է բերում իր համբավով, նվիրվածությամբ և առատաձեռնությամբ:
Ադրիանա Կարեմբոն Ֆրանսիայի հայկական հիմնադրամի` հանուն Հայաստանի ու Ղարաբաղի բարեկեցության անցկացվող հեռախոսամարաթոնի՝ Ֆոնեթոն 2014-ի կնքամայրն է:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարարը մասնավորապես նշեց. «Ուրախ եմ ձեզ ընդունել մեր նախարարությունում: Ուրախ եմ, որ ինտեգրվում եք հայկական միջավայրին:Հայն ուր էլ լինի, վերադառնում է իր արմատներին: Ես շնորհակալ եմ ձեր բարեգործությունների համար: Կարծում եմ՝ Հայաստան գալով Հայրենիքը շատ կսիրեք և այլ կերպ կընկալեք ու կզգաք, քանի որ տրորում եք հայրենի հողը»:
Հայաստանում Ադրիանա Կարեմբոն և Արամ Օհանյանը կայցելեն այն վայրերը, որտեղ Ֆրանսիայի Հայաստան համահայկական հիմնադրամն աշխատանքներ է իրականացրել, այդ թվում Տավուշի մարզում գյուղացիական տնտեսություններն ու ոռոգման համակարգերը, որ ֆինանսավորվել են Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի կողմից: Բարեգործները կայցելեն Օշականի դպրոց, որ ֆինանսավորել են պատգամավոր Ռենե Ռուքեն ու Ալֆորվիլի քաղաքապետարանը՝ սենատոր-քաղաքապետ Լյուկ Կարվունասի գլխավորությամբ:
Այցի շրջանակներում հյուրերը կլինեն նաև այն վայրերում, որտեղ Արամ Օհանյանը անցկացրել է իր մանկությունը, և որտեղ նրա հայրը՝ Տաքես Օհանյանը, 1950-ականներին վայելել է ծանր քաշային կարգի բռնցքամարտի Հայաստանի չեմպիոն լինելու մարզական փառքը:
Արամ Օհանյանը ծնվել է Երևանում, հետո տեղափոխվել Մարսել, որից հետո էլ՝ Մարաքեշ (Մարոկո)։ Նրան է պատկանում Մարաքեշի «Ջադ-Մահալ» ռեստորան-դղյակ-հյուրանոցային համալիրը և քաղաքի ամենահայտնի և ամենաբարձրակարգ ակումբներից մեկը։