Երևանում «Գրաբարյան օրեր» կանցկացվեն (լուսանկարներ)
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Արարատյան հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ Լևոն Սարգսյանի և մայրաքաղաքի ավագ դպրոցների տնօրենների հետ միասին մայրաքաղաքի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում ներկա է գտնվել Սբ. Պատարագին, որի ավարտին Ուսուցչի օրվա առիթով մատուցվել է օրհնության կարգ:
Ինչպես հաղորդում են Քաղաքապետարանի լրատվական կենտրոնից, Սուրբ պատարագը մատուցվել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Այնուհետ, Ուսուցչի օրվա կապակցությամբ, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում, օրհնության կարգին մասնակից պաշտոնյաների և ավագ դպրոցների տնօրենների մասնակցությամբ տեղի է ունեցել «Գրաբարյան օրեր» ծրագրի շնորհանդեսը: Նախաձեռնության հեղինակները, գրաբարի ուսուցման համար ստեղծված www.grabar.am կայքով ներկայացնելով ծրագրի մանրամասները, ընդգծել են, որ «Գրաբարյան օրեր» ծրագրի նպատակն է ցույց տալ, որ գրաբար սովորելն ու ընկալելն ամենևին դժվար չէ:
«Գրաբարյան օրեր» ծրագրով նախատեսվում է մայրաքաղաքի կրթօջախներում կազմակերպել միջոցառումներ, գրաբար տեքստերի ընթերցումներ, ինչպես նաև գրաբարի տեսադասընթացի ցուցադրություն: