ՅՈՒՆՍԵԿՕ-ի գլխավոր տնօրենն իր ելույթում մեջբերել է Հովհաննես Թումանյանին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/06/յունեսկո-տնօրեն-300x225.jpg)
Այսօր աշխարհը լի է ատելության ձայներով եւ բաժանարար գծերով. ենք ունենք այն աղջիկների եւ տղաների ձայների կարիքը, որոնք կկանգնեն հանուն խաղաղության՝ առաջ մղելու այն արժեքները, որոնք միավորում են մեզ՝ որպես մեկ միասնական ընտանիք: Այս մասին, ըստ News.am-ի՝ հունիսի 3-ին, Փարիզում, ՀՀ պաշտոնական պատվիրակության ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան այցի ժամանակ իր ելույթում նշել է ՅՈՒՆՍԵԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան:
Նա մասնավորապես հայտարարել է.
«ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ինչպես դուք կտեսնեք այս երեկո, բոլոր ազգերի տունն է: Այսօր մենք խաղաղության տունն ենք: Ես կասեի՝ մենք այսօր Հայաստանի տունն ենք: ՅՈՒՆԵՍԿՕ-ն հիմնադրվել է 70 տարի առաջ այն գաղափարի շուրջ, որ տեւական խաղաղության հիմքերը պետք է դրվեն մարդկային գիտակցությունում: Խաղաղությունը պետք է խարսխված լինի փոխհամաձայնության, միմյանց ճակատագիրն ու պատմությունն ավելի լավ ճանաչելու, մարդու իրավունքների, միջմշակութային երկխոսության վրա: Սրանք են այն անհրաժեշտ հմտությունները, որ մենք պետք է սերմանենք երիտասարդ աղջիկների եւ տղաների մեջ: Սա է այսօրվա միջոցառման ուղերձը:
Աշխարհն օրեցօր երիտասարդանում է: Աշխարհի բնակչության կեսն այսօր 25-ից ցածր տարիքային խմբում է: Յուրաքանչյուր երիտասարդ կին եւ տղամարդ խաղաղության հնարավորություն են, եթե նրանք կարողանան մեծանալ որակյալ կրթությամբ, արժանապատվությամբ, իրենք իրենց նկատմամբ հարգանքով, գիտելիքով, իրենց եւ մյուսների պատմության իմացությամբ: Այսօր աշխարհը լի է ատելության ձայներով եւ բաժանարար գծերով: Մենք ունենք այն աղջիկների եւ տղաների ձայների կարիքը, ովքեր կկանգնեն հանուն խաղաղության՝ առաջ մղելու այն արժեքները, որոնք միավորում են մեզ՝ որպես մեկ միասնական ընտանիք: Սա ինձ հիշեցնում է հանճարեղ Հովհաննես Թումանյանի «Հայոց լեռներում» բանաստեղծության տողերը. «Տանում ենք հնուց մեր գանձերն անգին, մեր գանձերը ծով, ինչ- որ դարերով երկնել է, ծնել մեր խորունկ հոգին»:
Երիտասարդները, տիկնայք եւ պարոնայք, առաջ են տանում մարդկության գանձերը, եւ մենք պետք է սատարենք նրանց ամեն կերպ:
Այս ոլորտում ես շնորհավորում եմ Հայաստանի կառավարությանը եւ Հայաստանի մշտական ներկայացուցչությանն իր համերգների այս շարքի համար, որ կոչվում է «Երիտասարդները հանուն խաղաղության»: Այն միավորում է մեր օրերի ամենահիշարժան հայ երաժիշտներից մի քանիսին, այդ թվում՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին:
Երկար ժամանակ է, ինչ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքների, առաջնահերթույունների եւ նպատակների առաջատարն է մեր մանդատի շրջանակներում ներառված բոլոր ոլորտներում: Մեր գործընկերությունը դեռ ամրապնդվելու է: 1992 թվականից անդամակցելով ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Հայաստանը միացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հինգ մշակութային կոնվենցիաների՝ իր ներդրումը բերելով աշխարհի ժառանգության, մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության, մարդկության հիշողության գրանցամատյանում:
Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել Հայաստանի ներդրումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հանուն բոլորին հասանելի որակյալ կրթության գործողություններում՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի վեց տնօրենների հյուրընկալ, որպես արվեստի կրթության ազդեցիկ իրավապաշտպան, որպես մշակութային համերաշխության եւ փոխադարձ ճանաչման պատուհան»: