«Արի տուն» ծրագրի հյուրընկալ ընտանիքների տպավորությունները սփյուռքահայ երեխաների մասին

«Արի տուն» ծրագրի հյուրընկալ ընտանիքները սփյուռքահայ երեխաներին ընդունել են հարազատի պես եւ մտերմացել նրանց հետ: Կան ընտանիքներ, ովքեր մի քանի տարի շարունակ երեխաների էին հյուրընկալել և պատրաստակամություն հայտնել, որ հաջորդ տարիներին էլ իրենց տանը դռները բաց կլինեն այս ծրագրի մասնակիցների համար:

Հյուրընկալ ընտանիքներից Գառնիկ Գևորգյանն ասում է. «Աղջիկս այնքան է մտերմացել մեր տանը բնակվող մոսկվաբնակ հասակակացին՝ Էլենին, որ հիմա իրար արդեն քույր են համարում, ամեն օր համացանցով շփվում են, իսկ նոյերմբերին Էլենը նորից Հայաստան է գալու, ինչի առթիվ աղջկաս ուրախությունն անչափելի է»:

Ելենա Դավթյանն իր հերթին ասաց. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ սփյուռքից Հայաստան ժամանած երեխաներն իրենց մեր ընտանիքներում լավ զգան, քանի որ մեկ հայ ընտանիքից նրանք կարող են տպավորություն կազմել հայ ժողովրդից և Հայաստանից»:

Անահիտ Ասլանյանը ընդգծեց. «Մենք պետք է միանանք ՀՀ սփյուռքի նախարարության հայապահպան այս գործին և մեր տան դռները բացենք սփյուռքահայ երեխաների առջև»:

Կամո Սարգսյանի խոսքով. «Մշտապես պատրաստ ենք մեր տանը այս ծրագրից երեխաների հյուրընկալել: Մեծ գործ է անում ՀՀ սփյուռքի նախարարությունը, իսկ մեր տանը բնակվող բալիկից գոհ ենք շատ, ծրագրի ավարտից հետո ևս ցանկանում էր մնալ Հայաստանում»:

Ժորա Բաբալյանն ասում է. «Հորդանանից եկած Ջոնին սկզբում ընկճված էր, չէր շփվում մեզ հետ, բայց տեսնելով մեր բարյացակամ վերաբերմունքը իր նկատմամբ՝ մերվեց մեզ հետ. հուզվել էինք հրաժեշտի ժամանակ»:

Պատրաստեց Գևորգ Չիչյանը

1 2 3 4 5 6

Scroll Up