Լիբանան-Հայաստան բարեկամական ասոցիացիայի գլխավոր քարտուղարն այցելեց ՀՀ սփյուռքի նախարարություն
Սեպտեմբերի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լիբանան-Հայաստան բարեկամական ասոցիացիայի գլխավոր քարտուղար, Լիբանանի ոսկերիչների միության նախագահ Պողոս Քուրդյանին:
ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց Պողոս Քուրդյանի և Լիբանան-Հայաստան բարեկամական ասոցիացիայի գործունեությունը՝ նշելով, որ ասոցիացիայի գլխավոր նպատակն է լիբանանցուն առավել մոտիկից ծանոթացնել Հայաստանին և հայկական հիմնահարցերին:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարին ջերմ ընդունելության համար՝ Պողոս Քուրդյանը նշեց, որ նման ասոցիացիաների գործունեության անհրաժեշտություն կա աշխարհի բոլոր հայաշատ քաղաքներում: Այսօրինակ ասոցիացիաների շնորհիվ կարելի է առավել արդյունավետ կազմակերպել Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման վերաբերյալ քարոզչական աշխատանքը, ինչպես նաև ներդրումների հնարավորության վերաբերյալ տեղեկատվություն տարածել:
Հանդիպմանը քննարկվեցին «Հայրենիք-Սփյուռք» 5-րդ համահայկական համաժողովին, Հայրենիքում սփյուռքահայերի կողմից ներդրումների ավելացման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր: