Պայծիկ Քալաջյանը և Մարիլինդա Պոզյան-Կրուկշանկը հյուրընկալվեցին Սփյուռքի նախարարությունում
Սեպտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ-ից «Թեքեյան» մշակութային միության կենտրոնական վարչության գործադիր տնօրեն, «Արմինյն միրոր սփեքթեյթոր» շաբաթաթերթի թղթակից Պայծիկ Քալաջյանին և «Սփյուռքի ձայն» հեռուստաընկերության հաղորդավար լրագրող Մարիլինդա Պոզյան-Կրուկշանկին:
ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց Ամերիկայի, Բեյրութի և Կիպրոսի հայ համայնքներում Պայծիկ Քալաջյանի մանկավարժական և լրագրողական երկարամյա աշխատանքը, որն իր անուրանալի նպաստն է բերել համայնքներում հայապահպանական գործին:
Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց նաև ԱՄՆ-ի «Սփյուռքի ձայն» հեռուստաընկերության աշխատանքը, ինչպես նաև լրագրող Մարիլինդա Պոզյան-Կրուկշանկի մասնակցությունը Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովին:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ «Հայրենիք-Սփյուռք» 5-րդ համաժողովը հավուր պատշաճի կազմակերպելու համար՝ Պայծիկ Քալաջյանը և Մարիլինդա Պոզյան-Կրուկշանկին հավաստիացրին, որ ամեն ջանք պիտի գործադրեն համաժողովում հնչած առաջարկություններից կազմված ծրագիրը համայնքում կյանքի կոչելու գործին աջակցելու համար:
Քննարկվեցին ամերիկահայ համայնքի խնդիրներին, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին, մասնավորապես երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրին առավել ակտիվ մասնակցելուն վերաբերող հարցեր: