Սիրիահայ համայնքի հիմնախնդիրները թեմատիկ երկրորդ նիստի ընթացքում անդրադարձել են նաև Իրաքի և Եգիպտոսի խնդիրներին

Սեպտեմբերի 20-ին «Հայաստան-Սփյուռք» համահայկական հինգերորդ համաժողովը շարունակեց իր աշխատանքները չորս թեմատիկ նիստերով:

Սիրիահայ համայնքի հիմնախնդիրներին նվիրված թեմատիկ երկրորդ նիստում քննարկվեցին պատերազմի հետևանքով Լիբանան և Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրները, Հայաստանում պետական պատկան մարմինների, ինչպես նաև համահայկական ու բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրին Հայաստանում սիրիահայերի աջակցության ծրագրերը, վերհանվեցին հիմնական խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր մեխանիզմները:

Անդրադարձան նաև վտանգված այլ համայնքների՝ Իրաքի, Եգիպտոսի հիմնախնդիրներին: Նիստավար Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո Հայոց թեմի առաջնորդ, բարձրաշնորհ տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը նիստը  սկսեց Տերունական աղոթքով:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը համաժողովը կազմակերպելու համար՝ Կահիրեի թեմական ժողովի անդամ, ՀՅԴ անդամ, «Լուսաբեր» մշակութային ընկերակցության ատենապետ Սուրեն Բայրամյանը ներկայացրեց «Իրավիճակը Եգիպտոսում»:  Զուգահեռներ անցկացնելով սիրիական դեպքերի հետ՝ զեկուցողը մասնավորապես նշեց, որ քաղաքական զարգացումների պատճատով այսօր համայնքի կարևորագույն մտահոգությունը անորոշությունն է: Եգիպտոսի 45-50 հազարանոց համայնքից  5 հազար մարդ է մնացել:

Իրաքահայ հասարակական գործիչ Պարույր Հակոբյանը ներկայացրեց իրավիճակը Իրաքում, որտեղ մնացել է ընդամենը 10 հազար մարդ, հիմնականում Բաղդադ և Բասրա քաղաքներում: Նշելով հոգևոր և համահայկական կառույցների,  հայոց պետության աջակցության մասին՝ զեկուցողը մասնավորապես նշեց. «Միասնաբար պետք է մտածենք, թե ինչպես կարելի է ապահովել Միջին Արևելքի համայնքներից արտագաղթածների հայ մնալը:

«Հալեպ» հասարակական կազմակերպության գործունեությունը ներկայացրեց Ծովիկ Մակարյան-Բայթարյանը: Կազմակերպությունը Հայաստանում գրանցվել է մեկ տարի առաջ, և նպատակն է նյութաբարոյական  աջակցություն ցուցաբերել սիրիահայերին, բնակարաններ տրամադրել և կասեցնել Հայաստանից սիրիահայերի արտագաղթը, որ Սիրիայում խաղաղություն հաստատվելուց հետո կարողանան վերադառնալ Սիրիա և մասնակցել համայնքի վերակառուցմանը:

Հայաստանում բնակվող սիրիահայերի աջակցության նպատակով իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ  Լենա Հալաճյանը: Զեկուցողը կարևորեց սիրիահայերի համար կառուցվող «Նոր Հալեպ» թաղամասի կառուցումը:

Սկսելով քննարկումը և մտքերի փոխանակությունը՝ նիստավար Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո Հայոց թեմի առաջնորդ, բարձրաշնորհ տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպություններին, կառույցներին ու անհատ բարերարներին, և մասնավորապես նշեց. «Այսօր ամենակարևոր երևույթը միասնականությունն է: Պետք է նոր մոտեցումով մարմին ստեղծել, որի նպատակը սիրիահայերի գոյատևումն է Հայաստանում և այլ երկրներում:

Քննարկման արդյունքում նիստի մասնակիցները առաջարկեցին ստեղծել Ազգային մարմին՝ ՀՀ պետական պաշտոնյաների, հոգևոր կառույցների, համահայկական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ, որը կաջակցի քաղաքական անկայուն իրավիճակներում գտնվող երկրների հայ համայնքներին, կորոշի առաջնահերթությունները և կմշակի արագ արձագանքման ռազմավարությունն ու կիրականացնի կազմակերպչական աշխատանքները:

2 3

Scroll Up