Հանդիպում Քուվեյթի Պետության խորհրդարանի հայ-քուվեյթական բարեկամության խմբի պատվիրակության հետ

Սեպտեմբերի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Քուվեյթի Պետության խորհրդարանի հայ-քուվեյթական բարեկամության խմբի պատվիրակությանը պատվիրակության ղեկավար, Քուվեյթի խորհրդարանի պատգամավոր Ֆեյսալ Ֆահդ Ալ Շայիի գլխավորությամբ և ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդիի ուղեկցությամբ:

Ողջունելով Քուվեյթի Պետության խորհրդարանի հայ-քուվեյթական բարեկամության խմբի պատվիրակության անդամներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Հայաստանում Քուվեյթի դեսպանատան հիմնումը նոր որակ հաղորդեց երկու երկրների հարաբերություններին: «Ուրախ եմ, հարգարժան Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդի, որ Դուք եք ներկայացնում Քուվեյթի Պետությունը Հայաստանում», -ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարարը՝ հավելելով, որ տպավորված է Հայաստանի պատվիրակության այցի ժամանակ Քուվեյթի իշխանությունների հյուրասեր վերաբերմունքից: Նախարար Հ.Հակոբյանը բարձր գնահատեց Քուվեյթում հայ համայնքի հանդեպ իշխանությունների բարեհաճ վերաբերմունքը: «Քուվեյթի Պետության բարի կամքով և հոգածությամբ  հնարավոր է դարձել հայ համայնքի եկեղեցու, դպրոցի, մշակութային օջախների ստեղծումն ու զարգացումը»:

Նախարարն իր խոսքում մասնավորապես նշեց, որ  Սիրիական ճգնաժամի առաջին իսկ օրերից Քուվեյթի Պետությունն աջակցել, ֆինանսական օգնություն է ցուցաբերել սիրիահայերին: Այդ աջակցության շնորհիվ Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցը 2014-2015 ուսումնական տարին սկսեց՝ վերազինված համակարգչային դասարանով: Իսկ քանի որ դպրոցում սովորում են մի քանի տասնյակ սիրիահայ երեխաներ, ովքեր տիրապետում են արաբերենին, կրթօջախը պետական աջակցությամբ ստացավ արաբերեն լեզվի խորացված ուսուցմամբ ուղղվածություն:

«Հիրավի, ճիշտ է 2014թ. օգոստոսի 18-ի ՄԱԿ-ի որոշումը, համաձայն որի՝ Քուվեյթը ճանաչվեց «միջազգային հումանիտար կենտրոն», իսկ Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին մարդասիրական գործունեության համար արժանացավ «մարդասիրական առաջնորդ» կոչմանը», – ասաց նախարար Հ.Հակոբյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Քուվեյթի խորհրդարանի պատգամավոր Ֆեյսալ Ֆահդ Ալ Շային նշեց, որ Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահի հանձնարարությամբ ուրախ է օգնել սիրիահայերին, նպաստել Հայաստանում ներդրումներ կատարելուն: Պատվիրակության ղեկավարն իր պատրաստակամությունն ընդգծեց երկու երկրների համագործակցության սերտացման ուղղությամբ՝ հավելելով, որ Քուվեյթի հայերը բարեխիղճ և ազնիվ քրտինքով ապրող մարդիկ են:

ՀՀ սփյուռքի նախարարը հավաստիացրեց, որ Քուվեյթի հայ համայնքը լավագույն կամուրջն է երկու պետությունների միջև:

ՀՀ սփյուռքի նախարարը Քուվեյթի Պետության խորհրդարանական պատվիրակության անդամներին ներկայացրեց Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման ծրագիրը, խոսեց պետության աջակցությամբ սիրիահայերի համար կառուցվող թաղամասի առանձնահատկությունների մասին:

Պատվիրակության ղեկավար  Ֆեյսալ Ֆահդ Ալ Շային նշեց. «Նոր Հալեպ» թաղամասի կառուցումը մարդկասիրական ծրագիր է, և Քուվեյթի  Պետությունը կլինի առաջին երկրներից մեկը, որ ֆինանսապես կաջակցի ծրագրի իրականացմանը»:

Ֆեյսալ Ֆահդ Ալ Շային շեշտեց նաև պետական ներկայացուցչությունների փոխայցելությունների կարևորությունը՝ երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում և ի նշան բարեկամության հուշանվեր հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարին:

Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հյուրերին նվիրեց աշխարհահռչակ հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի նկարների պատկերագիրքը:

unnamed (4) unnamed (5) unnamed (6) unnamed (7)

Scroll Up