«Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանում գտնվող Նորա Յակուբյանին և Հովսեփ Դերդերյանին ընդունել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը սեպտեմբերի 11-ին հյուրընկալել է «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանում գտնվող Նորա Յակուբյանին (ԱՄՆ) և Հովսեփ Դերդերյանին(Լիբանան):
Հյուրերը ներկայացրել են նախարարին սպորտի ոլորտում համագործակցության առաջարկություն, որը վերաբերում է ջրային մարզաձևերին` լող, ջրագնդակ, ջրացատկ: Հ. Դերդերյանը տեղեկացրել է, որ ինքը, համագործակցելով արտերկրի մի քանի կազմակերպությունների, հեղինակավոր ուվաստակաշատ մարզիկների և մարզիչների հետ, պատրաստ է միջնորդել իր գործընկերների փորձը հայ մարզիկներին փոխանցելու գործընթացը կազմակերպելու համար:
Գաբրիել Ղազարյանը ողջունել է հյուրերին և իր գոհունակությունը հայտնել, որ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները պատրաստ են մասնակցություն ունենալ Հայաստանի տարբեր ոլորտների զարգացման գործում: Նա հյուրերին ներկայացրել է ջրային մարզաձևերում հայ մարզիկների ձեռքբերումները և նշել, որ կազմակերպչական և ֆինանսական մի շարք հարցերի լուծման դեպքում հնարավոր կլինի հասնել ավելի լավ մարզական հաջողությունների:
Նախարարը հանդիպման ավարտին շնորհակալություն է հայտնել Ն. Յակուբյանին և Հ. Դերդերյանին այցելության համար և վստահեցրել, որ ձևավորվելիք համագործակցության արդյունքներից կշահի միայն հայկական սպորտը, տեղեկացնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունից: